Եվրոպական հանձնաժողովը թողարկել է նոր կայք EU4Business՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում՝ ներկայացնելով մանրամասն տեղեկություններ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փոքր և միջին ձեռնարկություններին ԵՄ աջակցության մասին։
Հիմնական կայքը գործում է նախաձեռնության բոլոր գործընկերների և մասնակիցների համար՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Այստեղ ներկայացված են երկրներից յուրաքանչյուրում ՓՄՁ-ներին ցուցաբերված աջակցության արդյունքները, մանրակրկիտ վիճակագրությունը՝ տրոհված ըստ ուղղությունների և գործիքների, ծրագրերի պորտֆելները, հաջողության պատմությունները՝ ըստ երկրի և աջակցության տեսակի։ Ընդհանուր կայքում կարելի է տեսնել՝ ինչ գործիքներ են կիրառվում երկրներից յուրաքանչյուրում և համեմատել արդյունքները։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունը նաև պաշտոնապես ներկայացրել է յուրաքանչյուր երկրի ձեռներեցների թիրախային լսարանի համար նախատեսված առանձին կայքեր (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)։ Ինչպե՞ս ստանալ վարկ կամ դրամաշնորհ՝ բիզնեսի զարգացման համար, և ո՞ր բանկում է ավելի հեշտ դա անել։ Ու՞մ դիմել՝ արտահանում սկսելու նպատակով խորհրդատվություն ստանալու համար։ Ինչպե՞ս մասնակցել միջազգային ցուցահանդեսի կամ վերապատրաստման աշխատաժողովի՝ նոր հաճախորդներ և գործընկերներ ձեռք բերելու նպատակով։ Տեղական կայքերից յուրաքանչյուրում ձեռներեցները մի քանի րոպեում կարող են հասկանալ, թե ինչպես ԵՄ-ը կարող է օգնել իրենց բիզնեսին՝ տարբեր ռեսուրսներից այս տեղեկությունները մաս-մաս հավաքելու փոխարեն։ Այստեղ նաև կարելի է ոգեշնչվել այն բիզնեսների դրական օրինակով, որոնք արդեն իսկ համագործակցում են ԵՄ-ի հետ՝ միևնույն ժամանակ հետևելով կարևոր իրադարձությունների ազդագրերին, և տեսնելով, թե ինչ է արվում երկրի գործարար միջավայրի համար։
«Մենք տեղեկատվական աջակցություն են ապահովում մեր գործընկեր տարբեր լսարանների՝ ձեռներեցների, դոնորների, գործարարության աջակցության կազմակերպությունների համար։ Նրանց բոլորին տարբեր տեղեկություններ են հետաքրքրում՝ ձեռներեցին ավելի կարևոր է իմանալ, թե ու՞ր կարող է դիմել՝ վարկ ստանալու նպատակով, ի տարբերություն ողջ տարածաշրջանում տրամադրված վարկերի և աշխատատեղերի աճի կոռելյացիայի ցուցանիշների, որոնք կարևոր են, օրինակ՝ ԵՄ գործընկերների և ֆինանսական կազմակերպությունների համար», - բացատրում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի ղեկավար Մարկ Հելլերը։ Նրա խոսքով՝ կայքերը տարանջատել են, որպեսզի դրանք առավելագույն օգտակարություն ունենան շահագրգիռ կողմերի յուրաքանչյուր խմբի համար։ Հիմա դրանք ավելի հստակ են պատկերում ԵՄ աջակցության ներուժը, իսկ ձեռներեցները կարող են դրանից օգտվել ողջ ծավալով։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի վերջին տարեկան հաշվետվության համաձայն, 2019թ․ ծրագրային գործողությունների շնորհիվ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում աջակցություն է ստացել ավելի, քան 78 000 ընկերություն։