EU4Business-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը «Tom Fleming Creative Consultancy» խորհրդատվական ընկերության և Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանի հետ համատեղ կազմակերպում է եռօրյա վերապատրաստման դասընթաց հայկական ստարտափների, և մեկօրյա դասընթաց՝ մարկետինգային ընկերությունների համար, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 5-8-ը:
Դասընթացը կներառի այն նախնական ճանապարհը, որը պետք է ձեռնարկություններն անցնեն բարեհաջող կերպով ֆինանսավորում ձեռք բերելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանրային դրամահավաքին (քրաուդֆանդինգ): Այն նախատեսված է ներկայումս նորարարական արտադրանքներ ու ծառայություններ, գաղափարներ ու լուծումներ մշակող ձեռնարկատերերի համար՝ նրանց անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ տրամադրելու նպատակով, որպեսզի խթանեն, հետաքրքրություն առաջացնեն և, ի վերջո, ձեռք բերեն ներդրումներ ու ֆինանսավորում:
Դասընթացի նպատակն է բարելավել և ընդլայնել կոնկրետ նորարարական ստարտափների ու նրանց հետ աշխատող մարկետինգային ընկերությունների կարողություններն ու հմտությունները: Դասընթացի ընթացքում անդրադարձ կկատարվի արդյունավետ բիզնես տեսլական և ծրագիր մշակելու փուլերին, ինչպես նաև գործնական խորհրդատվություն կտրամադրվի հանրային դրամահավաքի հաջող քարոզարշավ անցկացնելու համար անհրաժեշտ հաղորդակցության գործիքների, այդ թվում՝ տեսահոլովակների, ստեղծման և օգտագործման վերաբերյալ:
Դասընթացը ներառում է նաև «Դասընթացավարների վերապատրաստման» ծրագիր, որպեսզի որոշ մասնակիցներ դառնան տեղական փորձագետներ՝ հետագայում հայաստանյան ընկերություններին հանրային դրամահավաքի քարոզարշավների վերաբերյալ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
SMEDA-ն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից և Հայաստանում իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրով։ SMEDA-ն Եվրոպական միության EU4Business նախաձեռնության մաս է կազմում: