Հոկտեմբերի 21-25-ը հայկական յոթ ընկերություններ առաջին անգամ մասնակցեցին «SIAL Փարիզ» միջազգային սննդի ցուցահանդեսին՝ ներկայացնելով հայկական սննդամթերքներ, ինչպիսիք են՝ մրգային և բանջարեղենային պահածոները, չորացրած մրգերն ու բանջարեղենները և բուսական թեյերը՝ նախատեսված եվրոպական գնորդների համար:
Հայկական ընկերությունների մասնակցությունը առևտրի տոնավաճառին կազմակերպվել էր Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) աջակցությամբ՝ EU4Business-ի «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
«SIAL Փարիզը» Ֆրանսիայի մայրաքաղաքում ամեն երկու տարին մեկ անցկացվող սննդամթերքի առաջատար տոնավաճառներից մեկն է: Այս տարի այն համախմբել էր շուրջ 119 երկրներից 7200 մասնակիցների, ինչը «SIAL Փարիզը» դարձրել էր իսկապես համաշխարհային առևտրի տոնավաճառ:
Նախքան Փարիզ ժամանելը՝ ընկերություններին սովորեցրել էին, թե ինչպես լավագույնս նախապատրաստվել միջազգային առևտրի տոնավաճառին՝ կենտրոնանալով ինտենսիվ գովազդային գործունեության և պոտենցիալ գնորդների հետ վաճառքի քննարկումներին առնչվող մանրամասն տեղեկատվության կարիքների վրա:
Տոնավաճառի ընթացքում ընկերությունները հաստատեցին շուրջ 150 գործարար կապեր, ստացան երկու հաստատված պատվեր, ինչպես նաև սպասում են ևս 25 պոտենցիալ պատվեր տարբեր եվրոպական գնորդներից:
Պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումներից բացի, ցուցահանդեսի մասնակիցները հետաքրքիր հանդիպումներ ունեցան եվրոպական սարքավորումների մատակարարների, ինչպես օրինակ՝ մրգերի կորիզահեռացման սարքավորումների և փաթեթավորման նյութերի արտադրողների հետ:
Մասնակցությունը «SIAL Փարիզ»-ին հիանալի հնարավորություն էր հայկական ընկերությունների համար՝ պոտենցիալ գնորդների հետ գործնական կապեր հաստատելու, տոնավաճառում մասնակցության փորձ ձեռք բերելու և եվրոպական շուկայի պահանջները հասկանալու համար:
«Առևտրի համար պատրաստ» ծրագիրը փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) օգնում է մուտք գործել նոր շուկաներ՝ կենտրոնանալով ԵՄ-ի վրա՝ ՓՄՁ-ներին օգնելով բացահայտել և պահպանել միջազգային պահանջներին համապատասխանող որակի չափանիշներ ու ստանդարտներ, ինչպես նաև կապել նրանց գնորդների հետ արժեքի ստեղծման ողջ շղթայում, և տրամադրել կլաստերային աջակցություն:
Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է ագրովերամշակման ոլորտին՝ կենտրոնանալով վերամշակված մրգերի և բանջարեղենի, չորացրած մրգերի ու բանջարեղենի և խոտաբույսերի ու թեյերի վրա՝ արտահանող և արտահանման համար պատրաստ ՓՄՁ-ներին օժանդակելով արժեքի ստեղծման ամբողջ շղթայի ընթացքում՝ նրանց օգնելով ստեղծել հավելյալ արժեքով ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկաների պահանջներին համապատասխան, և կապեր հաստատել ԵՄ շուկաների հետ: