Ժյուրին Հայաստանի Լոռու մարզի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հայտարարել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար նորարար գաղափարների մշակմանն ուղղված հաքաթոնի երեք հաղթողներին, որոնք հայտնի են դարձել Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SMEDA ծրագրի աջակցությամբ և ՎՏԿ-ի ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հետ համատեղ իրականացվող միջոցառման արդյունքում:
SMEDA ծրագիրը հաղթողներին շնորհել է համապատասխանաբար 2000000 ՀՀ դրամ, 1000000 ՀՀ դրամ և 750000 ՀՀ դրամ արժողության մրցանակներ, որոնք տրամադրվելու են մասնագիտական ծառայությունների միջոցով աջակցմամբ կենսունակ բիզնեսներ ստեղծելու նպատակով առաջարկված լուծումներ մշակելու համար:
Հայտարարությանը նախորդել է 49 թիմերի կողմից իրենց գաղափարների և նախօրինակների ներկայացումը ժյուրիին:
«Թիմերն ահռելի աշխատանք են տարել, բոլոր գաղափարները հրաշալի էին և իրոք օգուտ կտային մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Այնուամենայնիվ, մենք պետք է ընտրենք երեք լավագույններին»,- հայտարարեց Տրանսպորտի, հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Ամալյա Եղոյանը, ով ընդգրկված էր ժյուրիի կազմում:
Հաղթող թիմերն են՝
1-ին տեղ՝ In the fly (Fly tour) Գյումրիից
«In the fly» նախագիծը զբոսաշրջիկներին առաջարկում է տուրեր անօդաչու սարքի միջոցով՝ Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի շքեղ բնատեսարաններով՝ ապագայում աշխարհագրությունը ընդլայնելով դեպի Հայաստանի այլ մարզեր: Տեսախցիկներով սարքավորված հեռակառավարվող թռչող սարքերը զբոսաշրջիկներին թույլ կտան մեծ բարձրությունից տեսնել պատմական և մշակութային հուշարձանները, ինչպես նաև անզուգական բնական գեղեցկությամբ վայրերը, ինչպիսիք են ձորերը, լճերը և անտառները: Թիմը պլանավորում է օգտագործել հեռակառավարվող ակնոցներ, որոնք ավելի տպավորիչ կդարձնեն վիրտուալ շրջագայությունը: Պահանջի առկայության դեպքում զբոսաշրջիկների համար կանցկացվեն վարպետաց դասեր՝ թռչող սարքի հասարակ մոդել մշակելու և դրանք որպես նվեր տանելու համար: Սա հրաշալի լուծում է հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են ակտիվորեն ուսումնասիրել և առնչվել ճամփորդողի կյանքին: Հատկապես տեխնոլոգիան համոզեց և տպավորեց ժյուրիին, քանի որ այն նոր տեխնոլոգիա է Հայաստանում, և գաղափարը կարող է խթանել զբոսաշրջությունը մարզերում:
2-րդ տեղ՝ Destination Վանաձորից
Destination-ն առաջարկում է տեղորոշման վրա հիմնված լուծում այն զբոսաշրջիկների համար, ովքեր չեն ցանկանում իրենց դրամը ծախսել թանկարժեք զբոսաշրջային փաթեթների կամ անհատական ուղեվարների վրա: Պարտադիր այցի համար խորհուրդ տրվող բոլոր տեսարժան վայրերը, ինչպիսիք են պատմական շինությունները, եկեղեցիները, պատկերասրահները, ամրոցները, զբոսայգիները և հուշարձանները, կընդգրկվեն այս ինտերակտիվ քարտեզի մեջ: Բայց առավել հետաքրքիր և նորարարական է հավելվածի երկրորդ շերտը, որը զբոսաշրջիկներին թույլ կտա սովորական շրջագայությունը դարձնել ինտերակտիվ և զվարճալի որոնողական խաղ (որը նաև կոչվում է «առաքելություն»): Կան առաքելությունների տարբեր տեսակներ, ինչպիսիք են էքստրիմը, արշավները, ուտեստների ճաշակումը, միայն հեծանվային ճամփորդությունները և խառը տեսակի շատ այլ առաքելություններ տարբեր նախասիրությունների համար: Զբոսաշրջիկները միմյանց հետ կմրցեն հնարավորինս շատ առաքելություններ ավարտելու և մրցանակներ շահելու համար: Թիմն արդեն մշակել է Android OS-ի համար նախատիպային տարբերակ և ներկայումս աշխատում է արտադրական տարբերակի վրա, որպեսզի այն շուկա մուտք գործի և սկսի աշխատել Հայաստանում ու Վրաստանում, ապագայում նախատեսվում է ընդլայնվել դեպի այլ երկրներ: Քանի որ այդպիսի որոնողական «առաքելություններ» արդեն մշակվել են մարզային մակարդակով, սա դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը գրավելուն և մեծացնելուն ուղղված ևս մեկ նորարարական եղանակ է:
3-րդ տեղ՝ Hi Traveller Վանաձորից
Hi Traveller-ն առաջարկում է գրպանի ուղեցույց բջջային հավելված՝ ճամփորդությունը պլանավորելու համար ամբողջական տեղեկատվությամբ, բոլոր հնարավոր ուղղություններով, հյուրանոցներով և հոսթելներով, ռեստորաններով և խորտկարաններով, զվարճանքի վայրերով, և օգտակար տեղական տեղեկատվությամբ: Հավելվածն օգնում է ընտրություն կատարել երկրի ներսում գոյություն ունեցող ներգնա ճամփորդություններից, և հնարավոր է դրանք անհատական կարգով հարմարեցնել ըստ նախասիրությունների: Ավելին՝ հավելվածն առաջարկվում է երեք լեզվով, ներկայացվում է լեզվակիրների կողմից՝ Հայաստանի պատմական և տեսարժան վայրերի մասին տեղեկատվության հետ մեկտեղ: Զբոսաշրջիկը կկարողանա այն օգտագործել լուսանկարներ, կարճ տեսագրություններ անելու և սոցիալական ցանցերում մեկնաբանություններ հրապարակելու համար: Հավելվածի SOS կոճակը զբոսաշրջիկին հնարավորություն կընձեռի անհրաժեշտության դեպքում դիմելու 911 ծառայությանը: Այլ կերպ ասած՝ Hi Traveller-ը թույլ է տալիս առաջատար դեր խաղալ ճամփորդության ընթացքում՝ այն դարձնելով զվարճալի, պակաս ծախսատար և ապահով:
Լոռու մարզպետարանի կողմից լրացուցիչ մրցանակներ են շնորհվել Boo Mountain Bike Park թիմին Երևանից, որը կաշխատի մի ծրագրի շուրջ Վանաձորում, իսկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը լավագույն տեխնիկական լուծման համար մրցանակ է շնորհել Երևանի Octopus թիմին:
Նախատեսվում է հաքաթոնն անցկացնել ամեն տարի և ընդլայնել դեպի Հայաստանի բոլոր մարզերը:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: