Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը՝ նշանավորելով վեց Արևելյան գործընկերների հետ ԵՄ-ի փոխհարաբերությունների վերջին երկու տարվա ձեռքբերումները՝ միաժամանակ ակնկալելով 20 թիրախային արդյունքների իրականացումը մինչև 2020 թ., ինչը շոշափելի օգուտներ կտրամադրի քաղաքացիներին, այդ թվում՝ նշանակալի երաշխիքներ բիզնեսի աջակցության ոլորտում:
Գագաթաժողովին մասնակցում էին ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական միության բոլոր առաջատար կառույցները, որոնց ներկայացնում էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Ազդեցությունը աշխատատեղերի ու բիզնեսի վրա
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կարևորեց Արևելյան գործընկերության ազդեցությունը կյանքի որակի բարելավման և հասարակությունների ավելի սերտացման և, մասնավորապես, տնտեսության վրա. «Եվրոպական միությունն Արևելյան գործընկերության միջոցով օգնել է ստեղծել 10000 աշխատատեղ, ուսուցանել 20000 անձանց և ընկերություններին տրամադրել ավելի քան 100000 վարկ»:
Նա նաև նշեց. «Մենք բարելավել ենք անվճար իրավաբանական ծառայությունների մատչելիությունը, ներդրումներ կատարել տրանսպորտային կապերի ոլորտում, նպաստել գենդերային հավասարությանը և օժանդակել հազարավոր ուսանողների շարժունակությանը Եվրոպայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի միջև: Հայացք գցելով դեպի 2020 թ․ և դրանից այն կողմ՝ զգում ենք, որ այժմ ավելի շատ գործողություններ ձեռնարկելու ժամանակն է: Մենք ճիշտ ուղու վրա ենք և պետք է շարունակենք այն»:
2015 թվին Ռիգայում կայացած վերջին գագաթաժողովից հետո համագործակցությունը հիմնված է չորս գերակա ոլորտների վրա.
1 ավելի հզոր տնտեսություն՝ տնտեսական զարգացում և ավելի բարենպաստ շուկայական հնարավորություններ,
2 ավելի լավ կառավարում՝ հաստատությունների և արդյունավետ կառավարման ամրապնդում,
3 ավելի սերտ փոխկապակցվածություն՝ փոխադարձ կապերի ընդլայնում, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի, ինչպես նաև բնապահպանության ու կլիմայի փոփոխության ոլորտներում,
4 ավելի հզոր հասարակություն՝ շարժունակության և մարդկանց միջև շփումների ընդլայնում:
20 թիրախային արդյունք մինչև 2020 թ․
Այս գերակա ուղղությունների շրջանակներում Եվրոպական միությունը, նրա անդամ պետությունները և գործընկեր երկրները գագաթաժողովի ընթացքում ընդունել են 20 թիրախային արդյունք, որոնք ապագայի համար հստակ աշխատանքային պլան են սահմանում և պետք է ձեռք բերվեն մինչև 2020 թվականը: Ավելի հզոր տնտեսության գերակա ոլորտում դրանք ներառում են.
• 2017-2020 թվականներին ԵՄ-ն միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ նպատակ կհետապնդի ամրապնդելու ՓՄՁ-ների տնտեսական հնարավորությունները և նվազեցնելու նրանց ֆինանսական ռիսկերը՝ շարունակելով խթանել տեղական արժույթներով վարկավորումը:
• Բացի այդ, կտրամադրվի ԵՄ-ի ևս 100 միլիոն եվրոյի ֆինանսավորում, որպեսզի տեղական արժույթով վարկավորումն ավելի հասանելի դառնա բոլոր վեց երկրներում գործող ընկերություններին՝ նպատակ ունենալով մինչև 2020 թ․ ԵՄ-ի առնվազն ¼ ֆինանսական աջակցությունը ՓՄՁ-ներին տրամադրել տեղական արժույթով:
• Ավելին՝ նոր Արտաքին ներդրումային պլանը ներառում է նորարարական երաշխիք, որը կնպաստի գործընկեր երկրների կարևոր ոլորտներում մասնավոր հատվածի կողմից ներդրումներ կատարելուն:
Ի լրումն վերը նշվածի՝ ԵՄ-ն ստանձնում է թվային փաթեթի ներդրում, որը կներառի ռոումինգի ներդաշնակ գների և ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ գործընկեր երկրներում ձեռնարկվող կոնկրետ քայլեր, ինտերնետի ավելի հեշտ և մատչելի հասանելիություն ազգային լայնաշերտ ռազմավարությունների ներդրման միջոցով, և թվային ոլորտներում աշխատատեղերի ստեղծման աջակցություն:
Գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք այլ զուգահեռ միջոցառումներ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, բիզնեսի ներկայացուցիչների, խորհրդարանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց թվում էր նաև հոկտեմբերի 26-27-ը Տալլինում կայացած Արևելյան գործընկերության գործարար համաժողովը:
Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թվականին՝ ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի վեց գործընկեր երկրների միջև քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման խթանման համար: Այդ երկրներն են՝ Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա:
Իր EU4Business նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ն աջակցություն է տրամադրում Արևելյան գործընկեր երկրների մասնավոր հատվածին՝ ջանալով ստեղծել ավելի բարենպաստ գործարար միջավայր՝ տրամադրելով ձեռնարկատիրության մասին մասնագիտական խորհրդատվություն և բարելավելով ֆինանսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար: Նախաձեռնությունը նպատակ ունի բացահայտելու տարածաշրջանի ՓՄՁ-ների հսկայական ներուժը՝ դրանով նպաստելով տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: