Նոյեմբերի 28-29-ը Վիեննայում տեղի ունեցած երկօրյա աշխատաժողովը համախմբեց երեք տարածաշրջանային ծրագրերի՝ STAREP-ի, EU-REPARIS-ի և PULSAR-ի մասնակիցներին, որոնք աջակցում են ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների և Արևմտյան Բալկանների մասնավոր և պետական հատվածներում ֆինանսական հաշվետվողականության գործելակերպերի բարելավմանը:
STAREP-ը Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված EU4Business-ի ծրագիր է:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր քննարկել Չորրորդ արդյունաբերական հեղափոխության ազդեցությունը հաշվապահական մասնագիտության վրա, որը արհեստական բանականության, ռոբոտիկայի, տվյալների վերլուծության թեորիայի ու եղանակի և այլ թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ արագ փոփոխություններ է կատարում բոլոր ոլորտներում: Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին հաշվապահական մասնագիտության առջև ծառացած կարևոր մարտահրավերները՝ հաշվի առնելով ֆինանսական հաշվետվողականության շարունակական ձախողումները, ինչպիսիք ունեցել են, օրինակ՝ Tesco-ն, Carillion-ը, Petrobas-ը և այլն:
Աշխատաժողովի առաջին օրը հանրային և կորպորատիվ սեկտորներում ֆինանսական հաշվետվողականության հետ կապված մասնագիտական համայնքների համար նախատեսված համատեղ օր էր, որի ընթացքում կատարվեց փորձի փոխանակում հանրային և կորպորատիվ հաշվետվողականության բարեփոխումների իրականացման համար նմանատիպ խնդիրներ ունեցող իրավազորությունների միջև:
Մասնակիցները ելույթներ ունեցան և անցկացրին քննարկումներ այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաներն ազդում բիզնեսի, հանրային և կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և շահագրգիռ կողմերի միջև հարաբերությունների վրա: Աշխատաժողովի ընթացքում ուսումնասիրվեցին այն առավելությունները, ինչպես նաև ռիսկերը, որոնց նոր տեխնոլոգիաների որդեգրումը կարող է հանգեցնել այս մասնագիտական ոլորտում: Մասնակիցները եկան այն համաձայնության, որ անհրաժեշտ է վերափոխել և համապատասխանեցնել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի փորձը նոր թվային մարտահրավերներին ու հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության և բլոկ-շղթաների տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:
Հաշվապահական մասնագիտության դերը փոխելու հարցերով մասնագիտական խումբը մասնակիցներին ներկայացրեց տարբեր հեռանկարներ՝ կապված մասնագիտության հետագա զարգացման ուղիների հետ՝ մարտահրավերներին դիմակայելու և ապագային նախապատրաստվելու համար:
Աշխատաժողովի ընթացքում վերանայվեցին կորպորատիվ և հանրային ֆինանսական հաշվետվողականության ձախողումների մասնավոր և պետական սեկտորի օրինակները, և մասնակիցների կողմից քննարկվեցին ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի վերահսկողության հնարավոր հետևանքները:
Մասնակիցները նաև միասին աշխատեցին գործի ուսումնասիրության՝ պետական ձեռնարկության իրական օրինակի վրա, և վերլուծեցին կառավարման հայեցակետերը, ներառյալ ֆինանսական մոնիտորինգը, կորպորատիվ կառավարման մեխանիզմները, ներքին վերահսկողությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը և հարկաբյուջետային ռիսկերի կառավարումը:
Աշխատաժողովի երկրորդ օրը STAREP և EU-REPARIS տարածաշրջանային ծրագրերի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու հանրային վերահսկողության մարմինների կողմից մասնագիտական հաշվապահական կազմակերպություններին (ՄՀԿ-ներ) իրենց որոշակի գործառույթների և պարտականությունների պատվիրակման հետ կապված փորձին, և ՄԹ Ֆինանսական հաշվետվությունների խորհրդի փորձին՝ որակի վերահսկման համակարգ մշակելու վերաբերյալ:
Եվ վերջում, աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց հաշվապահական և աուդիտորական բարեփոխումների արդյունքների նոր շրջանակ, որը գնահատում է STAREP ծրագրի մասնակից երկրներում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև STAREP և EU-REPARIS ծրագրերի մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց դիտարկել արդյունքների շրջանակ ունենալու առավելությունները՝ կարևորելով 2013-ից 2018 թվականներին Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (ՖՀԲԿ) աջակցությամբ ունեցած հիմնական արդյունքները:
Չնայած STAREP ծրագրի շատ մասնակից երկրներ տպավորիչ առաջընթաց են արձանագրել՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում նոր օրենսդրություն ընդունելով, այդ օրենքները և անհրաժեշտ կարողությունները գործնականում կիրառելը լինելու են հաջորդ մարտահրավերը:
EU4Business-ի STAREP ծրագիրը (Արևելյան գործընկերության երկրներում աուդիտի և հաշվետվողականության ամրապնդում) Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (ՖՀԲԿ) կողմից իրականացվող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագիր է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: STAREP-ն օգնում է մասնակից երկրներին արդիացնել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության շրջանակները և զարգացնել տեղական հաստատությունների կարողությունները՝ այդ շրջանակներն արդյունավետ իրականացնելու համար: