Մարտի 15-16-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվեց գործարար վիճակագրության վերաբերյալ աշխատաժողով, որը կենտրոնացավ գործարարության ժողովրդագրության և ՓՄՁ ֆինանսավորման վրա: Աշխատաժողովը, որը երկրորդն էր շարքում, կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում» ծրագրի շրջանակներում, որը ՏՀԶԿ-ի կողմից իրականացվող «EU4Business. քաղաքականությունից դեպի գործողություն» ծրագրի մաս է կազմում:
Աշխատաժողովի նպատակն էր փոխանցել միջազգային ստանդարտները և քննարկել ձեռնարկատիրության ու ՓՄՁ ֆինանսավորման վերաբերյալ վիճակագրության ստեղծման սահմանումներն ու մեթոդները: ՏՀԶԿ-Եվրոստատի «Ձեռնարկատիրության զարգացման ցուցանիշներ» ծրագիրը (Entrepreneurship Indicators Programme) և ՏՀԶԿ-ի «ՓՄՁ-ների և ձեռնարկությունների ֆինանսավորման տեղեկատուն» (OECD Scoreboard on Financing SMEs and Entrepreneurs) որպես սկզբունքային կողմնորոշիչներ են օգտագործվել քաղաքականությանը վերաբերող և միջազգայնորեն համեմատելի ցուցանիշների մշակման համար:
Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ՏՀԶԿ-ի փորձագետները փոխանցեցին վիճակագրության և քաղաքականության նպատակներով փոքր ու միջին ձեռնարկությունների սահմանմանն առնչվող միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև բիզնեսի ցուցանիշների մշակման նորարարական մեթոդները՝ հիմնված տարբեր տվյալների փաթեթների միավորման վրա:
Աշխատաժողովի երկրորդ օրը շեշտը դրվեց ՓՄՁ-ների և ձեռնարկությունների ֆինանսավորման հիմնական ցուցանիշների հավաքման մեթոդաբանության վրա՝ ներկայացնելով ՏՀԶԿ-ի ՓՄՁ-ների և ձեռնարկությունների ֆինանսավորման տեղեկատուն, որում արձանագրվում է ձեռնարկատերերի և ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության վիճակը, և տարեկան դիտանցվում են ՏՀԶԿ-ի անդամ ու ոչ անդամ 39 երկրներում ՓՄՁ-ների ֆինանսավորման միտումները:
Աշխատաժողովին մասնակցեցին առանցքային շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրության և ՓՄՁ ֆինանսավորման վերաբերյալ վիճակագրության ստեղծմամբ ու օգտագործմամբ, այդ թվում՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը, Կենտրոնական բանկը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
Հայաստանում ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի համապատասխան հաստատությունների՝ ՓՄՁ-ներին առնչվող պաշտոնական վիճակագրություն հավաքելու, համադրելու, վերլուծելու, հրապարակելու և տարածելու կարողությունները: Ծրագրի գործունեությունը ներառում է կարողությունների զարգացման երեք սեմինար, ինչպես նաև մեթոդաբանության մշակում՝ ՓՄՁ-ների վիճակագրական տվյալները համապատասխանության բերելու և ՓՄՁ վիճակագրական զեկույցի պատրաստման հարցում աջակցելու նպատակով: