Որո՞նք են Գերմանիայում բիզնեսով զբաղվելու պահանջներն ու արգելքները, գործարար էթիկան և հավանական գործընկերների ու ներդրողների հետ փոխհարաբերվելու և նրանց ներգրավելու ուղիները: Գերմանական գործարար մշակույթին առնչվող այս և այլ թեմաներ ներառված էին միջազգային փորձագետ Մարտին Ռայնֆելդտի անցկացրած քննարկման մեջ, որը EU4Business-ի SMEDA ծրագրի (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) շրջանակներում կազմակերպվել էր Հայաստանի պատվիրակության համար, որը շուտով պատրաստվում է այցելել ապրիլի 17-28-ը կայանալիք «Hannover Messe 2018» առևտրային տոնավաճառ:
Դասընթացը և հատուկ մարկետինգային փաթեթը (տեսաֆիլմ, գրքույկ, սլայդներով ներկայացում, պաստառներ, գովազդաթերթիկներ և այլն) կապահովեն, որ ճշգրիտ ճարտարագիտության և Իրերի ինտերնետի (IoT) ոլորտներում մասնագիտացած չորս ընկերություններից և Ազատ տնտեսական գոտիների ու Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչներից բաղկացած հայկական պատվիրակության անդամներն արդյունավետ կերպով ներկայացվեն առևտրի տոնավաճառում, պատրաստ լինեն ներկայացնելու իրենց գործունեությունը, հաստատեն գործարար կապեր և համագործակցություն՝ առավելագույնս օգտվելով այս միջոցառման ընձեռած հնարավորություններից:
Չորս ընկերությունները՝ ՌԱՖԱ Սոլյուշնս (http://rafasolutions.com/), Բիթլիս-ՄԵՆ (www.bitlismen.com), Volterman Inc. (www.volterman.com) և Grovf (www.grovf.com)) ընտրվել են SMEDA-ի կողմից նախապես հայտարարված հայտերի ընդունումից հետո:
Ամենամյա «Hannover Messe» տոնավաճառը արդյունաբերական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար ցուցահանդես-տոնավաճառն է: Հաննովերի տոնավաճառում ներկայացված են բոլոր հիմնական տեխնոլոգիաները և արդյունաբերության առանցքային ոլորտները` սկսած գիտական հետազոտություններից և մշակումից, արտադրության ավտոմատացումից, տեղեկատվական տեխնոլոգիաներից, արդյունաբերական արտադրանքի մատակարարումից, արտադրական տեխնոլոգիաներից ու ծառայություններից մինչև էներգետիկա և շարժունակության ապահովման տեխնոլոգիաներ: Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս՝ www.hannovermesse.de/home:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: