Բաժնեմասնակցային ներդրումների կիրառումը՝ որպես ԵՄ Ֆինանսավորմանը հասանելիության (A2F) գործիք. ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամի օրինակը

Հայաստան
Բաժնեմասնակցային ներդրումների կիրառումը՝ որպես ԵՄ Ֆինանսավորմանը հասանելիության (A2F) գործիք. ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամի օրինակը

ԵՄ-ի տրամադրության տակ առկա են մի քանի գործիքներ, որոնք ուղղված են Արևելյան գործընկերության շրջանակներում ՓՄՁ-ներին աջակցելուն։ Դրանց վերջերս ավելացել է նաև Բաժնեմասնակցային ներդրումների գործիքը՝ Ֆինանսավորման հասանելիության (A2F) շրջանակներում։

Այս գործիքն առաջին անգամ կիրառվել է Հայաստանում, որտեղ ԵՄ-ն, ՎԶԵԲ-ի աջակցությամբ, ստանձնել է ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամին՝ «Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամին 10 միլիոն ԱՄՆ դոլար (8,2 միլիոն եվրո) գումար փոխանցելու հանձնառություն։ Այս հիմնադրամը լիազորված է ստեղծել համապատասխան ռիսկերով ճշգրտված եկամուտ՝  հայաստանյան ՓՄՁ-ներում ներդրումներ կատարելու միջոցով։ Այս կերպ, ԵՄ ֆինանսավորումը կառավարվում է ակտիվների արհեստավարժ կառավարչի կողմից, որն իրականացնում է բաժնեմասնակցային ներդրումներ տեղական ՓՄՁ-ներում՝ կապիտալ ծախսերը և ընդլայնման ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։

Բաժնեմասնակցային ներդրումների գործիքը պարունակում է ներդրումները խթանող երկու կարևոր բաղադրիչներ, որոնց նպատակն է օգնել հիմնադրամի կառավարչին՝ այլ ներդրողներից լրացուցիչ ֆինանսավորում հայթայթել։

Առաջին հերթին, ԵՄ-ն այլ ներդրողներին տրամադրում է առաջին կորստի երաշխիքը, ինչը նշանակում է, որ թերակատարման դեպքում ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի այլ ներդրողները պաշտպանված կլինեն վնասներից մինչև 10 միլիոն ԱՄՆ դոլարի (8,2 միլիոն եվրո) չափով նախքան սեփական կապիտալի՝ ռիսկի տակ հայտնվելը։

Երկրորդ հերթին, ԵՄ-ն չի մասնակցում իր ներդրած կապիտալի եկամուտներին, ինչը նշանակում է, որ այլ ներդրողներն են ստանում ԵՄ կողմից ներդրված կապիտալի եկամուտները՝ Հիմնադրամում իրենց կատարած ներդրումների համամասնությամբ։

ԵՄ-ի կողմից տրամադրված այսպիսի խթաններն առանցքային նշանակություն են ունեցել՝ քաջալերելով այլ ներդրողների միանալ Հիմնադրամին և այսպիսով ֆինանսավորաման հասանելիություն տալ հայաստանյան ՓՄՁ-ներին։

1. Բաժնեմասնակցային կապիտալը և պարտքը՝ որպես կապիտալի աղբյուրներ

Ինչու՞ է բաժնեմասնակցային ինստիտուցիոնալ ֆինասնավորման հասանելիությունն այդքան կարևոր։ Թեև բանկներից ֆինանսավորումը հեշտ հասանելի է հայաստանյան շուկայում, շատ փոքր թվով ՓՄՁ-ների է հաջողվում  ստանալ գրավիչ տոկոսադրույքներով ու պայմաններով ֆինանսավորում։ Ընդհանուր առմամբ, բանկերի կողմից ԱՄՆ դոլարով դենոմինացված և հայաստանյան ՓՄՁ-ներին որպես պարտք տրամադրվող միջոցները տրվում են 7% – 9% տոկոսադրույքով և մեկից մինչև երեք տարի մարման ժամկետով։ Տեղական արժույթով տրամադրվող վարկային և փոխառվող միջոցների համար համապատասխան տոկոսադրույքը մոտավորապես 3%-ով ավելի բարձր է։ Բացի բավականին բարձր տոկոսադրույքից, բիզնեսից պահանջվում է նաև բավականին մեծ չափերի գրավի տրամադրում, որտեղ գրավի առարկան կարող է լինել ինչպես հիմնական միջոց, այնպես և բիզնեսի սեփականատիրոջ կողմից անձնական երաշխիք։ Թեև մի շարք ընկերություններ կարողանում են դուրս գալ կապիտալի շուկաներ և ավելի գրավիչ տոկոսադրույքներով պարտատոմսեր թողարկել, դրանք հիմնականում ֆինանսական հատվածի առավել խոշոր ներկայացուցիչներն են, որոնք ունեն կորպորատիվ կառավարման կայացած աշխատակարգեր և աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություններ, ինչը ֆոնդային բորսայում ցանկացած գործիքի ցուցակման նախապայման է։

Արդյունքում, տնտեսությունում զգալի գերլարում է առաջանում պարտքի պատճառով։ Չափից շատ վարկային պարտավորություններ ունեցող ՓՄՁ-ներն անկարող են մատչելի տոկոսադրույքներով հավելյալ միջոցներ ներգրավել, ինչն էլ, իր հերթին, խեղդում է աճի հեռանկարները և ընկերությունների ներուժը պահում է արհեստականորեն ճնշված մակարդակներում։ Տնտեսական անկման ժամանակաշրջանում իրենց հաշվեկշռում անհամաչափ քանակության պարտք կուտակած բազմաթիվ ՓՄՁ-ներ տոկոսավճարների կատարման ժամանակ բախվում են դրամական միջոցների էական պակասուրդների, ինչը նրանց կանգնեցնում է ակտիվների կառուցվածքային վերանայումների կամ նույնիսկ սնանկության եզրին։

Ինստիտուցիոնալ բաժնեմասնակցային ֆինանսավորումը ելք է պարտքի պատճառով ծանր կացության մեջ հայտնված ՓՄՁ-ների համար։ Բաժնեմասնակցային ֆինանսավորման հիմնական առավելությունները բազմիցս են ապացուցվել և կարող են ամփոփվել հետևյալ կերպ՝

  • Բաժնեմասնակցային կապիտալում ներդրողը դառնում է բիզնես գործընկեր, որը ռիսկերն ու օգուտները կիսում է այլ բաժնետերերի հետ։
  • Բաժնեմասնակցային ներդրումների դեպքում տոկոսավճարներ չկան, այսպիսով թերակատարման ժամանակաշրջանում բիզնեսը չի ենթարկվում դրամական հավելյալ արտահոսքերի պատճառով առաջացող ճնշումների: Փոխարենը՝ այդ գումարները հատկացվում են սեփական բիզնես գործառնությունները ֆինանսավորելուն։
  • Բաժնեմասնակցային կապիտալի ավելացումը շատ հաճախ հանգեցնում է ֆինանսական հաշվեկշռի օպտիմալացման և կապիտալի ավելի լավ կառուցվածքի, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է ընկերության ռիսկի պրոֆիլը և օգնում է նվազեցնել պարտքի սպասարկման ծախսերը։
  • Ինստիտուցիոնալ բաժնեմասնակցային կապիտալն ունի «խելացի կապիտալի» զգալի տարրեր, այսինքն՝ ներդրողը բերում է ոչ միայն գումար, այլ նաև նախաձեռնում է գիտելիքի փոխանցում, փորձի փոխանակում և էականորեն կենտրոնանում է բիզնեսի ֆինանսական գրագիտության և կորպորատիվ կառավարման վրա։
  • Ինստիտուցիոնալ ներդրողները ավելի ու ավելի շատ են կենտրոնանում բնապահպանական և սոցիալական կառավարման (ԲՍԿ) վրա, այսպիսով խթանելով ընկերության՝ երկարաժամկետ կտրվածքով գնահատվող արժեքը, քանի որ ընկերությունների հիմնական գործառնություններում ներդրվում են կայուն զարգացման աշխատակարգեր և շուկայի առաջատարներին բնորոշ չափորոշիչներ։
  • Ինստիտուցիոնալ բաժնեմասնակցային ներդրումները օգնում են ՓՄՁ-ներին առանցքային դերակատար-անհատ տիպի ընկերություններից փոխակերպվել կորպորացիաների, որոնցում կան պատշաճ ներքին վերահսկողության կառուցակարգեր, ֆինանսական հաշվետվողականության և կառավարման չափորոշիչներ, ինչն էլ, իր հերթին, այս ընկերությունները դիրքավորում է ապագայում կապիտալի շուկայի գործարքների համար՝ պարտատոմսերը ցուցակելու և առաջնային հրապարակային տեղաբաշման (IPO) միջոցով։
  • Վերջին, սակայն բնավ ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ բաժնեմասնակցային կապիտալը սովորաբար ներդրվում է բիզնեսի աճի և ընդլայնման ծրագրերի ֆինանսավորման նպատակով՝ ՓՄՁ-ները հասցնելով էական չափերի, որպեսզի սույնով կարողանան կարևոր մասշտաբի էֆեկտ ստանալ։

Բաժնեմասնակցային ֆինանսավորումը բազմաթիվ առավելություններ ունի, իսկ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամները կենսականորեն կարևոր դերակատարություն ունեն տեղական շուկաների զարգացման և ողջ աշխարհում կորպորատիվ միջավայրերի ձևավորման գործում։ Միևնույն ժամանակ, շուկան պետք է պատրաստ լինի կլանել բաժնեմասնակցային կապիտալը։ Սրա համար հարկ է ունենալ զարգացման ճիշտ փուլում գտնվող բավարար թվով տեղական ընկերություններ, որը ենթադրում է մի շարք տարրերի առկայություն, օրինակ՝

  • Չափս

Մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամները ընդհանուր առմամբ գործում են խնայողական կառուցվածքի և հաճախորդի համար ավելի մեծ արժեք ստեղծելու տրամաբանությամբ և խուսափում են մեծ թվով փոքրածավալ ներդրումներից՝ յուրաքանչյուր ներդրման, դրա հետագա մշտադիտարկման և ելքի համար անհրաժեշտ ռեսուրսների պատճառով։ Ընդհանուր առմամբ, առնվազն 30 միլիոն ԱՄՆ դոլար (24,7 միլիոն եվրո) ծավալ ունեցող մեկ հիմնադրամը ձգտում է կատարել 10 – 15 ներդրում, ինչը նշանակում է յուրաքանչյուր ներդրման գործարքի միջինը ծավալը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար (1.6 միլիոն եվրո)։ Քանի որ մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամներն ընդհանուր առմամբ մինորիտար ներդրումներ են կատարում, գործարքի այսպիսի ծավալը կնշանակի, որ խնդրո առարկա ընկերությունը, ինստիտուցիոնալ դերակատարի կողմից բաժնեմասնակցային կապիտալում ֆինանսական միջոցների ներարկում ստանալուց առաջ, արդեն իսկ պետք է ունենա կոնկրետ չափսեր ու ծավալներ։

  • Հաշվետվողականություն և ֆինանսական փաստաթղթեր

Թեև ՓՄՁ-ների հաշիվներն ընդհանուր առմամբ աուդիտի չեն ենթարկվում,  այնուամենայնիվ, հարկ է ունենալ կառավարման որակյալ և հուսալի հաշիվներ՝ ֆինանսական վերլուծություններ նախապատրաստելու, կանխատեսումներ անելու և բիզնեսի գնահատում իրականացնելու համար։ Սովորաբար սա պայմանավորված է ընկերության չափսերով և զարգացման փուլով։

  • Մշակույթ

ՓՄՁ-ները սովորաբար կառավարվում են բիզնեսի հիմնադիրների կողմից, որոնք կարող են սերտ զգացմունքային կապեր ունենալ իրենց ստեղծած ընկերությունների հետ և հակված չեն կորպորատիվ սուբյեկտի տարաբաժանման գաղափարախոսությանը։ Գործնականում, նախքան բաժնեմասնակցային ֆինանսավորման իրականացումը, բիզնեսի սեփականատերը պետք է ոչ միայն ցանկանա ողջունել նոր գործընկերոջ մուտքը, այլ նաև որդեգրի կորպորատիվ մշակույթ և բիզնես վարելու նոր եղանակ, այն է՝ դադարեցնել ոչ ֆորմալ աշխատակարգերը, նվազագույնի հասցնել կանխիկով իրականացվող գործարքները, պատշաճ կերպով կարգի բերել ընկերության հաշվապահությունը և այլն։

2. Հայաստանյան փորձը

ԵՄ-ի բաժնեմասնակցային գործիքը Հայաստանում առաջին անգամ կիրառվել է ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամի միջոցով, որը կառավարվում է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից և մեկնարկել է 2020թ․ հունվարին։ Հիմնադրամն ինքնին մեկ երկրում աշխատող հիմնադրամ է, որը կենտրոնանում է հայաստանյան ՓՄՁ-ների աճին ուղղված բաժնեմասնակցային կապիտալի տրամադրման վրա։ Հաշվի առնելով այն փաստը, որ երկիրը չունի ինստիտուցիոնալ բաժնեմասնակցային հիմնադրամների պատմություն, ԵՄ-ի կողմից ստեղծված գործիքը էական դեր է խաղացել դրամական միջոցների հայթայթման գործում, քանի որ մեկ երկրի ռիսկերը և նախապատմության բացակայությունը մասամբ հավասարակշռվել են առաջին կորստի երաշխիքով և ԵՄ-ի մասնակցության մեջ ներառված, եկամուտների մեծացման կառուցվածքային տարրերով՝ այդ կերպ Հիմնադրամին թույլ տալով ներդրումներ ներգրավել տեղական և միջազգային դերակատարներից։

ԵՄ – Հայաստան ՓՄՁ հիմնադրամ․ արժեքի ստեղծման գործունեության թեզեր
  Հաշվեկշռի օպտիմալացում Գործառնական արդյունավետություն Ընդլայնում և աճի ապահովում Կորպորատիվ կառավարում
Խնդիրը Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման բացակայությունը հանգեցրել է կորպորատիվ պարտքի ավելցուկի և պարտքի ծավալների պատճառով գերլարման, ինչպես նաև աճի խոչընդոտների։ Ընկերության կառավարման փորձագիտական կարողությունների բացակայությունը հանգեցրել է անարդյունավետ գործարար աշխատակարգերի և թերակատարման՝ գործի մեջ դրված կապիտալի դիմաց եկամուտի առումով։ Հայաստանյան կորպորացիաների հարաբերականորեն ցածր ներթափանցում տարածաշրջանային շուկաներ՝ չնայած նպաստավոր առևտրային ռեժիմներին։ Թերզարգացած կորպորատիվ մշակույթը հանգեցրել է կատարողականի արդյունավետ մշտադիտարկման և հաշվետվողական գործընթացների բացակայության։
Հնարավորություն Կապիտալի վերակազմակերպում, պարտքով գերբեռնվածության վերացում, պարտքի սպասարկման ծախսերի կրճատում և աճի նպատակով ՓՄՁ-ների վերադիրքավորում։ Թիրախային ընկերությունների շահութաբերությունը բարձրացնելու հնարավորություն՝ ղեկավարությանը համապատասխան «նոու-հաու» տրամադրելով և  կատարողականն իրականացնելու պատշաճ մեխանիզմներ ներդնելով։ Թիրախային ընկերություններին օգնել անցում կատարել «ազգային առաջատարի» կարգավիճակից «տարածաշրջանային առաջատարի» կարգավիճակի՝ տարածաշրջանում աճի նպատակային ռազմավարության մշակման միջոցով՝ օգտվելով նոր միջազգային տնտեսական գործընկերությունների ընձեռած հնարավորություններից։ Կորպորատիվ վերակազմակերպում՝ սահմանելու հստակ բիզնես-պլան և ներմուծելու կատարողականի արդյունավետ մշտադիտարկում՝ նվազեցնելով թերակատարման ռիսկերը։ Տնօրենների խորհրդի և ֆինանսական հաշվետվությունների բաժնի ստեղծում՝ Գլխավոր ֆինանսական տնօրենի պաշտոնում «Ամբեր Կապիտալի» կողմից թեկնածուի առաջարկությամբ։


Ներդրումների ոլորտում Հիմնադրամը կենտրոնանում է տնտեսության առանցքային ոլորտներում կապիտալի տեղաբաշխման վրա՝ կիրառելով «վերևից ներքև» և «ներքևից վերև» վերլուծությունների համադրություն և ներդրումներ կատարելով աճող ու գրավիչ ոլորտներում գործող ազգային առաջատար ընկերություններում։ Չնայած նրան, որ 2020թ․ լի էր մարտահրավերներով, Հիմնադրամն արդեն իսկ հաջողությամբ կատարել է կապիտալի տեղաբաշխում՝ առաջին ներդրումը կատարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտում և կնքելով մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլարի (2,4 միլիոն եվրոյի) գործարք։ Այս ներդրումը Հիմնադրամի՝ վերականգնվող էներգետիկային ուղղված ռազմավարության մի մասն է, որի նպատակն է ձևավորել մաքուր էներգիայի ակտիվների կրիտիկական ծավալի պորտֆել, որը հիմնված կլինի բնապահպանական և սոցիալական կառավարման բարձրագույն չափորոշիչների, թափանցիկ ֆինանսական հաշվետվողականության և արևմտյան ոճի կորպորատիվ կառավարման վրա, որպեսզի կա՛մ ընկերությունը ցուցակվի տեղական շուկայում, կա՛մ գտնի հավանական արդյունաբերական գնորդներ։

Տնտեսության այլ հատվածներում Հիմնադրամը ներկայումս ուսումնասիրում է մի շարք հնարավորություններ իր հետաքրքրության հիմնական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, արտադրության, զբոսաշրջության, առողջապահության և տեքստիլի ոլորտներում։ Հիմնադրամի ներդրումների թիմը հատկորոշել է հայաստանյան շուկայում ներդրումների բազմաթիվ հնարավորություններ, որտեղ թիմը ձգտում է իրագործել Հիմնադրամի ներդրումային թեզը՝ օպտիմալացնելով ֆինանսական հաշվեկշիռը, նվազեցնելով վարկային պարտավորությունների ծավալը և բարելավելով կապիտալի գնի հետ կապված վիճակը, բազմազանեցնելով ՓՄՁ-ների ֆինանսավորման աղբյուրները և տրամադրելով կապիտալ, ինչը ՓՄՁ-ներին կտա բիզնեսն ընդլայնելու հնարավորություն։

Հիմնադրամի վերջնանպատակն է՝ փոխակերպել իր կողմից ներդրում ստացած ընկերություններին՝ «ազգային առաջատարների» փոխարեն ունենալով «տարածաշրջանային առաջատարներ», որոնք կգործեն կորպորատիվ կառավարման լավագույն չափորոշիչներին համահունչ, ֆինանսական գրագիտությամբ, ռազմավարական տեսլականով և զինված կլինեն այդ տեսլականի իրագործման համար անհրաժեշտ միջոցներով։

Նմանատիպ հիմնադրամների առաջ գալը խիստ կարևոր է բոլոր տնտեսությունների համար, և նույնիսկ է՛լ ավելի կարևոր է Հայաստանի նման փոքր տնտեսությունների համար։ COVID-19 համավարակից հետո կապիտալը ՓՄՁ-ներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը էլ ավելի հրատապ է դարձել, քանի որ անկում ապրող և կրճատվող տնտեսությունները ճնշում են ստեղծում ընկերությունների շահութաբերության վրա, որոնք արդյունքում ունենում են դրամական միջոցների պակասուրդներ: ՓՄՁ-ները անկարող են լինում նման  պակասուրդները ֆինանսավորել տեղական բանկերի միջոցով, մանավանդ տնտեսական ճգնաժամային պայմաններում։ Միևնույն ժամանակ, Հիմնադրամի ներգրավումը հանդես է գալիս որպես տեղական կապիտալի շուկաների զարգացման կարևոր կատալիզատոր՝ բերելով բորսայում ցուցակման այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք են աուդիտ անցած ֆինանսական հաշվետվություններ և աջակցություն ցուցակման գործընթացում:

Հիմնադրամի կողմից առաջ քաշված «խելացի կապիտալի» այս հայեցակարգն ունի մի շարք այլ առավելություններ, այդ թվում՝ ԵՄ և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը՝ տեխնիկական աջակցության և դրամաշնորհային ծրագրերի միջոցով ՓՄՁ ոլորտի հզորացման շրջանակներում: Օրինակ՝ Հիմնադրամի աջակցությունից օգտվող ընկերություններից մեկն այս պահին առաջատար միջազգային ֆինանսական հաստատության կողմից տրամադրված տեխնիկական աջակցության ծրագրի շահառու է, որն օգնում է ընկերությանը խթանել իր շուկայավարման ջանքերը, բարելավել ֆինանսական կառավարումը և մշակել բիզնես ռազմավարություն, ինչը նշանակում է, որ անդրադարձ է արվում ՓՄՁ-ների զարգացման բոլոր հիմնական տարրերին։ Հիմնադրամը նպատակ ունի նմանատիպ ծրագրեր ունենալ իր պորտֆելում ընդգրկված այլ ընկերություններում՝ համակարգային անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների։

Ինչպես և կարելի էր ակնկալել, նմանատիպ գործիքի ներմուծումը շուկա նույնպես մարտահրավերներ է ներկայացնում։ Հիմնադրամի առ այսօր գործունեության ընթացքում հատկորոշվել են մի քանի թեմաներ՝

  • Գործիքի առանձնահատկությունները հասկանալը

Ընդհանուր առմամբ, ՓՄՁ-ների շրջանում կապիտալի տարբեր աղբյուրների մասին գիտելիքի պակաս կա, քանի որ ֆինանսավորման՝ նրանց ծանոթ հիմնական տեսակը բանկից վերցված պարտքն է։ Հայաստանյան փորձը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բաժնեմասնակցային ինստիտուցիոնալ ներդրողները պետք է զգալի ժամանակ և ռեսուրսներ ծախսեն՝ կրթելու ՓՄՁ-ների սեփականատերերին և ապագայում պորտֆելում ներգրավվող ընկերություններին բաժնեմասնակցային կապիտալի առավելությունների, դրա և պարտքի միջև տարբերությունների, ինչպես նաև ֆինանսավորման այս երկու աղբյուրների փոխլրացման մասին, որի պարագայում ստեղծվում է երկարաժամկետ կայուն արժեք։

  • Փոփոխության նկատմամբ դիմադրությունը

Բաժնեմասնակցային ներդրումների ինստիտուցիոնալ գործընկերոջ ներկայությունը բազմաթիվ դրական փոփոխությունների է հանգեցնում։ Այնուամենայնիվ, նրանք, ովքեր ստեղծել և տարիներ շարունակ զարգացրել են իրենց բիզնեսը, բնականորեն հակազդում են՝ մերժելով նախապես իրենց անծանոթ այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են որոշումների կայացման գործընթացում նոր գործընկերների ներառումը, ֆինանսական հաշվետվողականության պահանջները, Տնօրենների խորհրդի ստեղծումը, ընդհանուր առմամբ ավելի ինտենսիվ հաշվետվողականությունը, ինչպես նաև այն հավելյալ ծախսերը, որոնք պայմանավորված կլինեն կենսունակ ներքին վերահսկողության համակարգերի և կորպորատիվ կառավարման ներդրման հանգամանքով։ Հիմնադրամի թիմը գտել է, որ ՓՄՁ-ները հաճախ արժեքի ստեղծման կարճաժամկետ ընկալում են ունենում և վարանում են ներդրումներ կատարել այնպիսի ծրագրերում, որոնք անմիջապես արդյունք չեն գոյացնելու։

Այս առումով ևս Հիմնադրամը ստիպված է եղել իրականացնել զգալի թվով կրթական գործողություններ, որոնց երբեմն լրացնելու են եկել ՄՖՀ-ների տրամադրած տեխնիկական աջակցության ծրագրերը։ Այսպիսի գործողություններն օգնել են ընկերությունների սեփականատերերին դրամական միջոցների արտահոսքերը դիտարկել ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում։ Այս կապակցությամբ, թեև յուրաքանչյուր առանձին դեպք տարբեր է, օգտակար է ընդգծել այն հանգամանքը, որ ընկերությունից վերջնական ելքը (ընկերության ապագա վաճառքը) էականորեն սահուն և դյուրին կլինի այսպիսի կառուցակարգերի արդեն իսկ առկայության պարագայում․ ակտիվները ավելի շատ գնորդներ կունենան, իսկ ակտիվն էլ ավելի բարձր կգնահատվի։ Ելքին միտված ՓՄՁ սեփականատերերին ավելի հեշտ է համոզել փոխել բիզնեսը վարելու եղանակը, եթե կան դեպքերի ուսումնասիրություններ տեղական կամ միջազգային շուկաներում, որոնք ցույց են տալիս առանցքային դերակատար անհատի վրա հիմնված կազմակերպությունները մեծամասշտաբ կորպորատիվների փոխակերպելու առավելությունները։

  • Գնահատում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է բաժնեմասնակցային կապիտալի զարգացման վաղ փուլում, իսկ գործարքների քանակը սահմանափակ է, ակտիվներ ձեռքբերողները սովորաբար, ընկերության բաժնեմասերը վաճառողների հետ գործ ունենալիս, բախվում են առաջարկի և պահանջարկի գների միջև զգալի տարբերության խնդրին։ Այդ իսկ պատճառով, էական ժամանակ է ծախսվում՝ ՓՄՁ-ների սեփականատերերին Հիմնադրամի ֆինանսական մոդելների հիմքում ընկած գնահատման տարբեր մեթոդաբանությունների, ենթադրությունների և վերլուծությունների մասին կրթելու վրա։

Այս դեպքում, երրորդ կողմ հանդիսացող գնահատողների օգնությունը սահմանափակ է, քանի որ առաջարկի և պահանջարկի գների տարբերության հիմնական պատճառները գտնվում են ՓՄՁ-ների սեփականատերերի կողմից մշակված խիստ լավատեսական կանխատեսումների և ներդրողի կողմից որդեգրված ավելի պահպանողական մոտեցման միջև գտնվող տիրույթում։ Եղել են դեպքեր, երբ բոլոր այլ չափանիշներին բավարարող ընկերության համար այլապես միանգամայն ընդունելի գործարքը առաջ չի շարժվել գնահատման չհիմնավորված տարբերության պատճառով։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում, Հիմնադրամը կարողացել է հաղթահարել այս մարտահրավերը՝ տարբերությունը կամրջելով, օրինակ՝ կապելով գործարքի գինը ապագա տարիների կատարողականի առանցքային ցուցանիշների հետ։

Ի վերջո, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ԵՄ բաժնեմասնակցային ներդրումային գործիքը առանցքային դեր է խաղացել Հայաստանում առաջին ինստիտուցիոնալ, մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային հիմնադրամի ստեղծման և ֆինանսական միջոցների հայթայթման գործում: Հիմնադրամը ներկայումս տեղաբաշխում է կապիտալը ՓՄՁ-ներում՝ բազմազանեցնելով ֆինանսավորման աղբյուրները, բարձրացնելով ՓՄՁ-ները զարգացման հաջորդ մակարդակի և ճանապարհ հարթելով կապիտալի շուկայում ավելի մեծ ծավալի գործողությունների համար։  

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները