Վարքագծի փոփոխությունը ամենաժամանակատար գործընթացներից է։ Երբեմն դժվար է անգամ նկատել ու բացահայտել նման փոփոխության անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) ընտրած ուղին, այն է՝ Հայաստանում ՓՄՁ-ների համար առավել բարենպաստ բիզնես միջավայր ունենալու նպատակով լոբբիստական և շահերի պաշտպանության գործիքների կատարելագործումը և հանրային-մասնավոր հատվածի արդյունավետ երկխոսության հարթակների ստեղծումը, ամենադյուրինը չէր։
2018 թվականից ի վեր ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն եվրոպական բիզնեսին Հայաստանում» ծրագրի շրջանակում EBA-ը նախ ամրապնդել է իր աշխատակազմի ներքին կարողությունները, այնուհետև ստեղծել աշխատանքային նոր խմբեր և հանձնաժողովներ ու արդյունավետ համագործակցություն հաստատել Հայաստանի կառավարության հետ:
EBA-ի նախաձեռնած պետություն-մասնավոր ձևաչափով 34 հանդիպում-քննարկումներին մասնավոր հատվածի ավելի քան 800 ներկայացուցիչ է մասնակցել: Հանդիպումները կարևոր հարթակ էին բարեփոխումների գործընթացում բիզնեսի մտահոգությունների և սահմանափակումների բացահայտման, ինչպես նաև բարեփոխումներն իրականում բիզնեսին ու դրա շահավետությանն ուղղելու տեսանկյունից, ինչի շնորհիվ Հայաստանում փոխվել է 13 օրենք և կարգավորում։
Քննարկումներ հանուն փոփոխության
ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում Հայաստանում ՓՄՁ ոլորտի համար կատարված աշխատանքը ներառում է կարողությունների զարգացում, բարեփոխումներ և ներգրավման գործընթաց: Լոբբիստական և շահերի պաշտպանության խորհուրդը՝ ներգրավելով BIG4, Schneider Group և խորհրդատվական այլ կազմակերպություններ, վեր է հանել հարկային, մաքսային, պետական գնումների, մրցակցության և դատական համակարգերի հետ կապված խնդիրներ: Նրանց գործունեության վերջնանպատակը Հայաստանի բիզնես միջավայրի բարելավումն է։
EBA-ն ոչ միայն առաջարկներ է ներկայացրել պետական գնումների, աշխատանքային օրենսգրքի, օտարերկրյա ներդրումների, հարկային և մաքսային, մրցակցության պաշտպանության օրենսդրության վերաբերյալ, այլև շարունակել է շահերի պաշտպանության գործունեությունը և աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ փոփոխությունների հասնելու համար: Նույն սկզբունքով, Զբոսաշրջության խորհրդում EBA-ն զբոսաշրջության ոլորտի բարելավման առաջարկներ է ներկայացրել։
Թվային փոխակերպման և կիբերանվտանգության ոլորտում լուծումներ և ծառայություններ մատուցող աշխարհում առաջատար ընկերության տեղական մասնաճյուղի՝ Softline Armenia-ի գլխավոր տնօրեն Սարգիս Հարությունյանն ակտիվորեն ներգրավված է եղել EBA-ի՝ ինչպես գնումների, այնպես էլ զբոսաշրջության ոլորտում բարեփոխումների առաջխաղացման գործընթացքում։
«EBA-ի աջակցությամբ մենք պետական գնումների մրցույթների խնդիրների ուղղությամբ ենք աշխատել»,- պարզաբանում է Հարությունյանը։ «Դրա հիման վրա ստեղծել ենք Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կամ ՏՀՏ խորհուրդը, ՏՏ այլ ընկերությունների հետ համատեղ փորձում ենք կառավարությանը մղել ՏՀՏ պայմանների բարելավման գործողությունների»:
ՏՏ-ն զարգանում է գերարագ տեմպերով՝ մասամբ բիզնեսի զարգացման և այլ կարիքներով պայմանավորված, մանրամասնում է Softline Armenia-ի ՏՏ հարցերով գլխավոր տնօրենը։ «Այսօր ՏՏ-ն զարգանում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային փոխակերպում, ամպային տեխնոլոգիաներ և տեղեկատվական անվտանգություն»,- նշում է նա։ «Ընկերությունները ցանկանում են ինտեգրել այս տեխնոլոգիաները ոչ միայն հարմարության և տարբեր խնդիրների լուծման արագության համար, այլ նաև՝ մրցունակ մնալու»:
Հայաստանում այս տեխնոլոգիական փոփոխությունների ներդրումը ՓՄՁ-ների գործունեությունը ավելի դյուրին և արդյունավետ կդարձնի, նաև կօգնի մրցունակ մնալ ոչ միայն տեղական շուկայում, այլ նաև համաշխարհային մասշտաբով, ինչը հատկապես կարևոր է զբոսաշրջության ոլորտի համար։
«EBA-ի հետ մեծ համաժողով կազմակերպեցինք զբոսաշրջության ոլորտի ընկերությունների համար՝ քննարկելու ՏՏ ոլորտի հիմնական խնդիրները հյուրընկալող ընկերությունների համար և ներկայացրինք հնարավոր լուծումներ»,- ամփոփում է Հարությունյանը։
Ավելի արդյունավետ
Բիզնես միջավայրի բարելավումները անխուսափելիորեն մեծացնելու են մրցունակությունը, նվազեցնելու ծախսերը՝ դարձնելով ՓՄՁ-ներն ավելի արդյունավետ: Բոլոր ՓՄՁ-ներն էլ օրենսդրական փոփոխությունների՝ ծախսերը նվազեցնող հարկային գործընթացների պարզեցման պոտենցիալ շահառուներ են։
Հարկային վարչարարության և օրենսդրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և բարեփոխումների խրախուսումը EBA-ի գործունեության հիմնական ուղղություններն են: Մասնավոր հատվածը EBA-ի անդամների, EBA գործընկեր կազմակերպությունների և հարկային վարչարարության ու օրենսդրության մշակման պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկում-հանդիպումների ժամանակ բարձրաձայնել է իր խնդիրները: Պետական հատվածը ներկայացնում էին, մասնավորապես, Հայաստանի ֆինանսների նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն և Էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպումներին մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։
Փոփոխությունները շատ են․ հնգաստիճան հարկային համակարգից անցում կատարվեց եռաստիճանի, նվազեցվեցին որոշ հարկատեսակների տոկոսադրույքները, համահարթեցվեց անձնական եկամտահարկը, ոչ ռեզիդենտների համար հավասար պայմանների խրախուսման շնորհիվ նրանց շահաբաժինների հարկը 10%-ից կրճատվեց 5%-ի։
Ծրագրի ջանքերի շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքերը միջազգային վարկանիշներում։ Համաշխարհային բանկի Doing Business ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքը 30 կետով՝ 2019 թվականի վերջին 82-րդ կետից բարձրանալով 52-րդը։
Լայն համագործակցություն
Բիզնես ոլորտները, ինչպիսիք են թափոնների կառավարումը և ապահովագրությունը, նույնպես ընդգրկվել են EBA-ի ծրագրի տարբեր գործողություններում: Թափոնների կառավարման նախաձեռնության միջոցով Հայաստանի ամերիկյան համալսարանը և Ամերիկայի առևտրի պալատը (AmCham) ստեղծել են աշխատանքային խումբ՝ աշխարհի այլ շուկաների փորձն ուսումնասիրելու ու այն Հայաստանին հարմարեցնելու համար: Հայաստանի համար հետազոտություն ու բիզնես մոդել է մշակվել և կառավարությանը ներկայացվել 2020թ․ ապրիլին։
«Արդյունաբերության տեսանկյունից մեր նպատակը պիլոտային առնվազն մեկ շրջան պլանավորելն և իրականացնելն էր 20,000-30,000 մարդու հաշվարկով գոնե երկու տարի ժամկետով, ամբողջությամբ գործառնական ռեժիմով», - ասում է Coca-Cola HBC Armenia-ի կորպորատիվ հարցերի և կայունության տնօրեն, AmCham-ի փոխնախագահ Էլինա Մարկարյանը: «Գաղափարն այն է, որ երկու տարի անց արտադրողի ընդլայնված պատասխանատվության կամ EPR-ի փաստացի մոտեցումը փաթեթավորման հարցում կլինի այն, որն առաջարկում է նախաձեռնությունը ու կկիրառվի նաև այլ ոլորտներում»:
Մարկարյանը կարծում է, որ նման փորձնական ծրագրերը կօգնեն հավաքել արժեքավոր տեղեկատվություն և դաշտային փորձ, այդ թվում՝ ծախսերի վերաբերյալ, ինչը շատ կարևոր կլինի EPR-ի լիարժեք գործառնական իրականացման համար: «Միևնույն ժամանակ, դրանք թույլ կտան ոլորտի ներկայացուցիչներին, տեղական իշխանություններին և կառավարությանը պատշաճ իրականացման դեպքում հասկանալ և հաղթահարել հնարավոր մարտահրավերները», - նշում է նա:
EBA-ն ներգրավված է եղել նաև առողջապահական ապահովագրության համապարփակ ռազմավարության ստեղծման գործում։ Կարգավորող փաթեթ-առաջարկ է ներկայացվել Հայաստանի կառավարությանը՝ առողջության ապահովագրության բարեփոխումների մաս դիտարկելու համար:
«Մենք անհավանական աշխատանք ենք կատարել կարիքները գնահատելու, ոլորտին համապատասխանեցնելու և պետական մարմինների ու այլ հաստատությունների հետ կապը պահպանելու առումով», - հիշում է Coca-Cola HBC Armenia-ի իրավաբանական հարցերի ղեկավար, AmCham-ի իրավաբանակ խորհրդի նախագահ Լուսինե Մնացականյանը: «Այս աշխատանքն իրականացվել է AmCham-ի իրավական և հարկային հանձնաժողովների մասնակցությամբ, ներառյալ աշխատանքային խմբի խորը վերլուծական աշխատանքն ու ընդհանուր համապատասխանեցումը EBA-ի, Բրիտանական առևտրի պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ»:
Ակտիվ ներգրավվածություն կանոնակարգերի նախագծերի մշակման և հարմարեցում զարգացման կարիքներին, աջակցություն պետություն-մասնավոր հատված երկխոսությանը՝ մասնավոր հատվածի ռազմավարական կարիքների լուծման միջոցով, տվյալների և փաստերի վրա հիմնված օրենսդրական միջավայրի վերանայման խթանում՝ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրն ամրապնդելու և անհատների իրավունքների պաշտպանություն ապահովելու նպատակով․ այս ամենը ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի նպատակների և գործունեության կատարյալ ամփոփումն է: Ահա թե ինչպես է նախագիծը Հայաստանում ՓՄՁ-ների համար ավելի լավ միջավայր ապահովել: