Խելացի դրամապանակի ստեղծում ԵՄ-ի աջակցությամբ. «շուկայի հետաքրքրությունը մեր արտադրանքի նկատմամբ ուշագրավ է եղել»

Հայաստան
Խելացի դրամապանակի ստեղծում ԵՄ-ի աջակցությամբ. «շուկայի հետաքրքրությունը մեր արտադրանքի նկատմամբ ուշագրավ է եղել»

Տեխնոլոգիաների ոլորտի հայ ձեռնարկատեր Ազատ Թովմասյանի գլխում Volterman խելացի դրամապանակի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ նրա դուստր Նատալին կորցրեց իր դրամապանակը: Համատեղելով նրբագեղ դիզայնն ու խելացի տեխնոլոգիան՝ այդ գաղափարն այժմ վերածվել է թվային տեխնոլոգիայով հագեցած նախատիպային դրամապանակի: Իսկ ԵՄ-ն, որը համաֆինանսավորել է այս նախագիծը, այժմ աջակցում է ստարտափին արտադրանքի շուկայահանման հարցում:

Volterman-ը համատեղում է 5 խելացի գործառույթ՝ հեռախոսի մարտկոցի լիցքավորման ներկառուցված համակարգ, հեռակա ազդանշան, գլոբալ GPS հետևման համակարգ, համաշխարհային Wi-Fi թեժ կետ և գողի հայտնաբերման տեսախցիկ:

Ինչպես նշում է Թովմասյանը, գաղափարը երկար ընթացք է անցել այն բանից հետո, երբ իր դուստրը կորցրել է դրամապանակը: «Պահանջվեց որոշակի ժամանակ, մինչև գաղափարը վերածվեց արտադրանքի: Արտադրանքի զարգացման այս ընթացքն սկսվեց Volterman երկփեղկ դրամապանակից, իսկ այժմ ունենք քարտապանակ, ճանապարհորդական դրամապանակ, անձնագրի վերահսկելի կազմ և անլար լիցքավորիչ: Մենք հատկապես հպարտ ենք այն բանի համար, որ մեր արտադրանքներն ունեն «Արտադրված է Հայաստանում» մակնշումը»,- ասում է նա:

Նրա կարծիքով, արտադրանքի եզակիությունը կայանում է ոչ միայն նրբագեղ ու առաջնակարգ դրամապանակում ներկառուցված էլեկտրոնային պրոցեսորի մեջ, այլև այնպիսի տարբեր գործառույթներ համատեղելու գաղափարի մեջ, որոնց կարիքը հաճախորդներն ունեն, և որոնք տրամադրվում են առօրյա կյանքում օգտագործվող մեկ առարկայի՝ դրամապանակի միջոցով:

2017 թվին ստարտափն ստացավ EU-SMEDA-ի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ (ՆԶՀԴ), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ իր EU4Business նախաձեռնության շրջանակներում: Ընկերությունն իր արտադրանքի առաջին տարբերակը մշակեց 2017 թվին:

«Թեև մշակված տեխնոլոգիան կայուն էր, մենք հասկացանք, որ պետք է բարելավենք այն՝ շուկայի ակնկալիքները բավարարելու համար: Այդ նպատակով դիմեցինք և ստացանք Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ: Դրամաշնորհի միջոցներով հոգացինք Volterman 2.0 շարքի մշակման ծախսերի մի մասը: Դրամաշնորհի օգնությամբ մշակեցինք ավելի կատարելագործված տեխնոլոգիա, որը կկիրառվի մանրածախ շուկաներում վաճառքի հանվող բոլոր Volterman արտադրանքներում»,- հայտնեց Թովմասյանը:

Նա ավելացրեց, որ ԵՄ-ի երկրները Volterman դրամապանակի վաճառքի հիմնական թիրախային շուկաներն են.

«ԵՄ-ի հաճախորդները տեխնոլոգիական առումով առաջատար դիրք են զբաղեցնում և ցանկանում են ձեռք բերել այնպիսի արտադրանքներ, որոնք արդյունավետություն են հաղորդում իրենց կյանքին: Բացի այդ, ԵՄ երկրներում բնակվող անձանց միջին եկամուտը ԵՄ-ն դարձնում է մեզ համար ցանկալի թիրախային շուկաներից մեկը»:

Թովմասյանը նշում է, որ վերջերս անցկացված հանրային դրամահավաքը (քրաուդֆանդինգ) իրենց հնարավորություն է տվել փորձարկելու շուկան. «Ըստ դրամահավաքի արդյունքների՝ ԵՄ շուկայում մեր արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը ուշագրավ է եղել»,- հավելեց նա:

Այս ամենին հասնելու ընթացքը հեշտ չի եղել. «Աշխատել ենք շաբաթը 7 օր, օրական 24 ժամ, հաղթահարել ենք մարտահրավերներ և ճիշտ ուղի հարթել դեպի զարգացման հաջորդ փուլ: Ամենամեծ մարտահրավերը տեխնոլոգիայի սարքակազմի մշակումն էր, քանի որ այն եզակի էր ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների համար: Մյուս խնդիրը համապատասխան անձնակազմի համալրումն էր, որը կկարողանար աշխատել օտարերկրյա շուկաների հետ և իրականացնել ժամանակակից պահանջներին համապատասխանող հաճախորդների սպասարկում: Մեզ հաջողվեց բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ գտնել այդ առաջադրանքների կատարման համար, և մեր գործադրած ջանքերը մեծապես հատուցվեցին»,- ասաց Ազատ Թովմասյանը:

2018 թ. նոյեմբերին Volterman-ը դարձավ ողջ աշխարհի մասշտաբով ընդամենը 6 ստարտափներից մեկը, որն ընտրվեց Նյու Յորքի հեղինակավոր «AdAge Next» նորարարության միջոցառմանը մասնակցելու համար՝ ստանալով «Next Titans» միջոցառման ընթացքում իր արտադրանքը ոլորտի առաջատարների հանձնախմբին ներկայացնելու հնարավորություն:

Մենք IoT (իրերի համացանց) ընկերություն ենք, և մեր նպատակներից մեկը շուկային մշտապես նոր արտադրանքներ առաջարկելն է, որոնք կիրառում են տեխնոլոգիաներ և նոր արժեքներ են ստեղծում հաճախորդների համար: Առաջիկա տարիներին ծրագրում ենք մի շարք նոր սարքեր ներկայացնել, մասնավորապես՝ «Volterman կանանց համար» դրամապանակ և Volterman խելացի ուսապարկ»,- եզրափակեց Ազատ Թովմասյանը:

Տեղեկություններ EU-SMEDA-ի մասին

2017 թվից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները