ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն

Հայաստան
ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) Հայաստանում արագ են աճում: Երկրի կառավարությունը ՏՏ-ն հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը և վերջերս որոշում օրենք է ընդունել ստեղծել Բարձր տեխնոլոգիաների նախարարություն: Հայաստանի կառավարությունը նաև օրենքներ է ընդունել, ըստ որոնց նոր ստեղծված ՏՏ ստարտափներին մինչև 2020 թվականը հարկային առավելություն կընձեռվի: Հայաստանում գրեթե ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում: Սա նշանակում է, որ երկրի մարզերից մասնագետները պետք է լքեն իրենց բնակավայրերը և տեղափոխվեն Երևան: Միգրացիոն հոսքը ջախջախիչ է երկրի քաղաքների և գյուղերի համար, և երկրի կառավարությունը փորձում է լուծել այս իրավիճակը: 

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ՏՏ ոլորտի զարգացմանը իր տարբեր նախագծերով և դրամաշնորհներով: Այդ նախագծերից մեկն է «Տեխնոլոգիական զարգացման խթանումը» Շիրակի մարզում», որը իրականցվում է Շիրակում՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում: Նախագծի շրջանակներում, 17-35 տարեկան 246 գործազուրկներ և ուսանողներ անցել են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ 6-ամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչին հաջորդել է «ծրագրավորման ճամբարը»: Վերջինս իրականացվել է տեղական ՏՏ ընկերությունների հետ համատեղ, որոնք աշխատել են դասընթացի մասնակիցների հետ և օգնել են նրանց մշակել իրական նախագծեր: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հատուկ ինկուբացիոն լաբորատորիա է հիմնվել, որտեղ «ծրագրավորման ճամբարի» ընթացքում աշխատել են ուսանողները: 

ՏՏ մասնագետներ՝ առանց համալսարանի դիպլոմի Շատ ուսանողներ ընտրում են ՏՏ-ն՝ իբրև իրենց ապագա մասնագիտություն, շատերն էլ փոխում են իրենց մասնագիտությունները՝ ՏՏ-ի, քանի որ գիտեն, որ այն տրամադրում է լայն հնարավորություններ՝ իրենք կարող են աշխատել միջազգային կազմակերպությունների հետ և ստանալ բարձր աշխատավարձեր: 

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտ Ալեքսանյանը ծառայել է բանակում: Ծառայությունը ավարտելուց հետո նա վերադարձել է Գյումրի և փորձել է այնտեղ աշխատանք գտնել: «Ես նաև ուզում էի սովորել, բայց ինձ պետք էր ինտենսիվ դասընթաց, որը կօգներ ինձ հնարավորինս շուտ աշխատանք գտնել»,- հիշում է Աշոտը: Նա սոցիալական ցանցերում գտել է ԵՄ-ի աջակցությամբ 6-ամսյա վերապատրաստման դասընթացը և միանգամից սկսել է պատրաստվել քննություններին: «ՏՏ ոլորտում համալսարանի դիպլոմը կարևոր չէ: Գործնական գիտելիքները և փորձը շատ կարևոր են դաշտում»,- ասում է Աշոտը: Նախագծի ավարտից անմիջապես հետո Աշոտը աշխատանք է գտնում Գյումրիի ՏՏ ընկերություններից մեկում, և արդեն այնտեղ է աշխատում որպես Angular ծրագրավորող: «Ես հասկացա, որ բարձր մակարդակի հասնելու համար ես պետք է աշխատեմ ինձ վրա, սովորեմ, և ես այժմ իսկապես պատրաստ եմ դիմակայել այս բոլոր մարտահրավերներին»,- ասաց Աշոտը՝ հավելելով, որ մինչև ծրագրին մասնակցելը մտածում էր երկրից հեռանալու մասին: Բարեբախտաբար, նա փոխել է իր միտքը. «Այս նախագիծը փոխեց իմ կյանքը և օգնեց ինձ մնալ իմ քաղաքում՝ իմ ընտանիքի հետ: Կարող եմ ասել, որ (շնորհիվ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս հնարավորությանը) ես միակը չեմ, որ գտել է իր մասնագիտությունը, աշխատանքը և սկսել է աշխատել այստեղ՝ Գյումրիում»: 
 
Ժամանակի բացակայության պատճառով 27-ամյա Աստղիկ Սարգսյանը չկարողացավ սովորել ՏՏ: Չնայած, որ ուներ հիմնական գիտելիքներ, նա ցանկանում էր բարելավել իր հմտությունները: Նա վերապատրաստման դասընթացի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, և քանի որ մասնակցության պահանջներից մեկն էր լինել գործազուրկ, նա դուրս է եկել աշխատանքից և դիմել է ծրագրին: «Նման շատ դասընթացներ կան, որոնք հայտարարում են, որ կարող են ուսանողներին ծրագրավորում սովորեցնել, բայց նրանք արդյունավետ չեն, քանի որ չունեն ուսումնական ծրագիր»,- ասում է նա: «Այստեղ ես տեսա ուսումնական ծրագիր, և զգացի, որ այն կարող է հնարավորությունների համար նոր դուռ բացել: Այդ պատճառով ես որոշեցի փոփոխություններ կատարել»: Աստղիկը պնդում է, որ առաջին իսկ դասից չի փոշմանել աշխատանքից դուրս գալու և զրոյից նոր մասնագիտություն սովորելու համար: «Ես ստացա այն գիտելիքները, որոնց փնտրում էի: Ես հանդիպեցի նոր մարդկանց, ինչը հետագայում օգնեց ինձ գտնել աշխատանք թիմում, և այժմ ես աշխատում եմ միջազգային կազմակերպությունում՝ հենց իմ քաղաքից»,- նկատում է Աստղիկը՝ հավելելով, որ չնայած, այն հանգամանքին, որ կարելի է սովորել ծրագրավորում վիդեո դասընթացների միջոցով, բայց երբեք չի կարելի այդպես սովորել աշխատել թիմում և մտագրոհ կատարել: 
 
30-ամյա Մկրտիչ Աճեմյանը ավարտել է համալսարանը և ունի տնտեսագետի դիպլոմ: Այնուամենայնիվ, նա գտել է աշխատանք այլ ոլորտում այն բանից հետո, երբ իր ընկերներից մեկը պատմել է նրան դասընթացի մասին, և խրախուսել նրան դիմել: Նա հետևել է այդ խորհրդին: «Ես 180 աստիճանով փոխեցի կյանքս, դա հեշտ չէր, բայց դասերի ընթացքում ես սկսեցի սիրել իմ նոր մասնագիտությունը»,- ասում է Մկրտիչը՝ ավելացնելով, որ նա մոտիվացված է ավելի շատ աշխատել և հասնել ավելին: «Ես չեմ դադարում սովորել նոր բաներ, այն պահին, երբ ես դադարեմ սովորել, ես կդադարեմ լինել մրցունակ մասնագետ, քանի որ մեր մասնագիտությունում ամեն օր փոփոխություններ են լինում»: Դասընթացը ավարտելուց հետո նա իր ինքնակենսագրականները ուղարկում էր տարբեր կազմակերպություններ: «Երբ դու սկսնակ ես, մի փոքր դժվար կարող է լինել աշխատանք գտնելը, քանի որ բոլորը փնտրում են փորձ ունեցող մասնագետների»,- ասում է Մկրտիչը: «Ես նույնիսկ աշխատանք էի գտել Երևանում, բայց չցանկացա Գյումրիից Երևան տեղափոխվել»: Նրա խոսքերով՝ իր պես շատերը ցանկանում են մնալ Գյումրիում: «Այս նախագիծը փրկություն դարձավ մեզ համար», – հավելում է նա: «Այո՛, այստեղ աշխատավարձները այդքան էլ բարձր չեն, բայց եթե հաշվի առնենք, որ (տեղափոխվելիս) դու պետք է բնակարան վարձես, վճարես դրա համար: Այդ հաշվարկները կատարելուց հետո աշխատավարձները գրեթե հավասարվում են»: 
 
Ուսանողները արդարացնում են ՏՏ ընկերությունների սպասելիքները Նախագիծը նաև աջակցում է ՏՏ ընկերություններին: Վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել նաև այդ ընկերությունների աշխատակիցների համար, որպեսզի նրանք կարողանան գրավել նոր հաճախորդների, ավելի արդյունավետ աշխատել և կարողանան համագործակցել միջազգային ընկերությունների հետ: ԵՄ-ից ֆինանսավորում ստացող նախագծի շրջանակներում, մասնակցող 15 ընկերություններից 11-ը ստացել են փոքր դրամաշնորհներ, ինչը կօգներ նրանց ընդլայնել իրենց գործունեությունը, նոր սարքավորումներ և կահույք գնել, նոր աշխատակիցներ ընդունել: Սա նպաստել է 78 աշխատատեղերի ստեղծմանը: ՏՏ ընկերությունները և ՏՏ մասնագետները նաև ներգրավված էին ուսումնական գործընթացում: Կարեն Գասպարյանը Java դասընթացը դասավանդողներից է: Ուսանողների մոտիվացիան և աշխատանքը տեսնելուց հետո՝ նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծել իր ընկերությունը և աշխատանքի ընդունել իր ուսանողներին: ԵՄ-ի ենթադրամաշնորհը օգնեց նրան իրականացնել այդ գաղափարը և այժմ ընկերությունը ունի 15 աշխատակից: 

 

«Առաջին խմբից հետո ես հասկացա, որ շատ տաղանդավոր ուսանողներ մնում են Գյումրիում, բայց նրանց համար բավարար աշխատատեղեր չկան: Ես արդեն փորձառու մասնագետ էի, որ տարբեր նախագծեր էր իրականցրել, և կարող էր անել ավելին»,- ասում է Կարենը՝ հավելելով, որ այժմ պայմանագրեր ունեն և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հետ: «Ուսանողների մոտիվացիան դրդեց ինձ ռիսկի դիմել, և այդ ռիսկը արդարացված էր»: Ըստ նրա, հայկական համալսարաններն ավարտած ուսանողները ընդհանրական գիտելիքներ ունեն, և նրանց անհրաժեշտ են հավելյալ դասընթացներ՝ մրցունակ մասնագետներ դառնալու համար: Իսկ ԵՄ-ից ֆինանսավորվող վերապատրաստման դասընթացի ընթացքում, դասավանդողները ազատ են ընտրել իրենց նախընտրած դասագրքերը և մեթոդաբանությունը. «Մենք դասավանդում ենք այն, ինչ այս պահին արդիական է»,- ընդգծում է Կարենը: «ՏՏ-ն շատ արագ է զարգանում, և մենք պետք է ճկուն լինենք՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար: Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ այս մեթոդաբանության շնորհիվ, մեր բոլոր լավ ուսանողները դասընթացն ավարտելուց հետո աշխատանք գտան»: Ուսանողների 80 տոկոսի մասնագիտությունը կապ չուներ ՏՏ ոլորտի հետ, և դասավանդողները սկսել են ծրագրավորման հիմունքներից: «Իմ կարծիքով՝ ուսանողները կարիք չունեին ունենալ հիմնական գիտելիքները, նրանք միայն պետք է բարձր մոտիվացիա և աշխատասիրություն ունենային: Այս ծրագրին մասնակցելու համար ուսանողները քննություններ են հանձնել, ինչը օգնեց նրանց պատրաստ լինել ուսումնական գործընթացին և չհիասթափվել»: Կարենի կարծիքով՝ կարծրատիպը, որ ուսանողը ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար պետք է լավ մաթեմատիկա իմանա, միֆ է.

«Ես մի ուսանող ունեի, որ մասնագիտությամբ լեզվաբան էր: Նա սովորում էր նույն խմբում ուսանողների հետ, որոնք մասնագիտությամբ տնտեսագետներ էին կամ սովորել էին կիրառական մաթեմատիկա: Չնայած այն հանգամանքին, որ նա նույն կրթությունը չուներ, (ծրագրի ավարտից հետո) նա առաջինն էր, որ աշխատանք գտավ՝ շատ լավ պայմաններով: Այո՛, կարող է մի փոքր ավելի դժվար լինել, ուսանողին կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ կարդալ և պատրաստվել, քան ուրիշներին, բայց այժմ մեր շուկան չի պահանջում մաթեմատիկական գիտելիքներ»: Կարենը կարծում է, որ վերապատրաստման ծրագիրը ուղղակիորեն և անուղղակիորեն օգնում է Շիրակին զարգանալ, նվազեցնել միգրացիան և ավելի շատ աշխատատեղեր ստեղծել: «Նույնիսկ եթե Գյումրում չկան այդքան շատ ընկերություններ և աշխատատեղեր, այս ուսանողները կարող են իրենք էլ թիմեր ստեղծել, որոնք հետագայում  կդառնան ստարտափներ և հետո էլ՝ ընկերություններ»,- հավելում է Կարենը: «Ոչինչ չի կարող լավ կրթություն և բարձր մոտիվացիա ունեցող ուսանողներին խանգարել՝ հաջողության հասնելու համար»: Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում իրավիճակ են փոխում: Ավելի ու ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում ոլորտով և փոխում են իրենց կյանքնը և մասնագիտությունը՝ դեպի ավելի լավը: ԵՄ-ն օգնել է Շիրակի երիտասարդներին գտնել իրենց մասնագիտությունը և գումար վաստակել դրանով՝ առանց լքելու իրենց քաղաքը կամ իրենց մարզը: Օժանդակելով Գյումրիում այս ՏՏ վերապատրաստման ծրագրին՝ ԵՄ-ն նաև օգնել է հող նախապատրաստել Շիրակի համար, որ ապագայում նա դառնա Հայաստանի ՏՏ կենտրոնը: 

 

 

Հեղինակ՝ Ամի Չիչակյան 

Հոդված Aravot.am- ի կողմից հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները