Հայաստանը հայտնի է իր մշակութային ու ստեղծագործական բացառիկ ժառանգությամբ։ Երաժշտության, կինոարվեստի, պոեզիայի ու նկարչության ոլորտներում Հայաստանն աշխարհին հայտնի գործիչներ է տվել ու ստեղծագործական ներուժի զարթոնք ապրել։ Այսօր նորաձևության հայ դիզայներներն հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ստեղծագործական կարողությունները «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է ԳՄՀԸ կողմից, համաֆինանսավորվում Եվրոպական միության ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից` «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում։
Հայաստանում ստեղծագործական ոլորտները ներուժ ունեն դառնալու երկրում մեծ ներդրումների հաջորդ սեկտորը։ Եվ նորաձևությունը ամենախոստումնալից ուղղություններից մեկն է։ Երբ 2018թ․ փետրվարին «Ազդեցության գործարար ակումբը», «Նորաձևության ու դիզայնի պալատի» հետ համատեղ, ԵՄ աջակցությամբ հիմնեցին Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբը, այն առաջին անգամ միավորեց անհատ դիզայներներին՝ ստեղծելու համատեղ հարթակ նորաձևության և դիզայնի արդյունաբերության համար՝ դիզայնի աշխարհին բերելով ավելի շատ գիտելիք ու բիզնես հմտություններ։
Վահան Խաչատրյանը, որ շուրջ 20 տարի դիզայներ է ու գործում է ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, Նորաձևության ու դիզայնի պալատի նախագահն է։ Չնայած երկար տարիների փորձառությանն ու Հայաստանում զանգվածային շուկայի համար դիզայներական հագուստի երեք խանութների առկայությանը՝ վետերան դիզայներն ընդունում է, որ ընդհանուր մարտահրավերները չէին հանգեցնում լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերի մետկեղմանը, մինչև ոլորտում նոր դեմքերն առաջ քաշեցին համագործակցության նոր գաղափարներ։
Հիմնական մարտահրավերներն եղել ու մնում են ռեսուրսներն ու պրոֆեսիոնալիզմը։ Վաճառքը ևս խնդիր է, քանի որ ներքին շուկան բավականին փոքր է։ Արտահանումը մեծ ծավալներ է պահանջում, կապեր, գովազդ ու առաջմղում։ «Ես մտահոգ էի այս հարցերով, բայց մի երկար ժամանակ ինքս ասում, ինքս էլ լսում էի։ 2017-ին մի խումբ դիզայներների հետ մասին որոշեցինք մասնակցել Կիևում Մերսեդես Բենզի նորաձևության օրերին։ Դիմեցինք և ստացանք ֆինանսական աջակցություն այցի համար։ Տասը հայ դիզայներների համար այդ մասնակցությունը մեծ հնարավորություն էր ինչպես միջազգայնորեն ներկայանալու, այնպես էլ փորձի առումով», ասաց Վահանը։
Այցելությունը Կիև ոգևորեց դիզայներներին և սկիզբ դրեց «Նորաձևության ու դիզայնի պալատ» ՀԿ-ի հիմնադրմանը, որն էլ, «Ազդեցության գործարար ակումբ» հասարակական կազմակերպության հետ միասին առաջին քայլերը կատարեց Հայաստանում նորաձևության ոլորտի ինդուստրիալիզացիայի ուղղությամբ։ Դա հնարավոր դարձավ ԵՄ կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շնորհիվ։ SMEDA-ն 2018թ․ փետրվարից ֆինանսավորում է «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» մեկամյա ծրագիրը, որը ոչ միայն աջակցություն է հարթակի ձևավորմանը, այլև դասընթացների շարք ու շփումների հնարավորություններ, ինչպես նաև մասնակցություն Եվրոպայում կազմակերպվող ու ոլորտին առնչվող միջոցառումներին։
«Երբ հանդիպեցինք Նորաձևության ու դիզայնի պալատի ներկայացուցիչների հետ, հասկացանք, որ ունենք նույն տեսլականն ու նպատակները, ուստի որոշումը հստակ էր․ միավորել ջանքերը նույն նպատակին հասնելու համար՝ որպես մեկնարկային կետ ունենալով Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբը», ասաց Ազդեցության գործարար ակումբի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը։
Ընդամենը մի քանի շաբաթվա գործունեությամբ և արդեն ավելի քան 60 անդամ ունենալով՝ Նորաձևության և դիզայնի պալատը դիզայներների մի խմբի հնարավորություն տվեց մասնակցելու Փարիզում 2018թ․-ի փետրվարին տեղի ունեցած Premiere Vision ցուցահանդեսին։ Պատվիրակության կազմում էր նաև Ալլա Պավլովան, Z.G.EST-ի հիմնադիրը, որ նորաձևության հայկական ծագմամբ երիտասարդ բրենդ է՝ հիմնադրված մեկուկես տարի առաջ։ Նա տպավորված է ձեռք բերած փորձով․ «Մենք արտադրողների, հումքի մատակարարների, աքսեսուարներ արտադրողների կոնտակտային տվյալների բերքահավաք արեցինք։ Բոլոր այդ տվյալներն այսօր հասանելի են Պալատի բոլոր անդամների համար։ Մենք ձեռք բերեցինք տարբեր բարձրորակ կտորների, նաև կաշիների և անգամ լվացվող կաշվի արտադրողների տվյալներ, հումք, որ հասանելի չէ Հայաստանում։ Ծանոթացանք կտորեղենի, հագուստի, պիտակավորման և շատ այլ անհրաժեշտ նյութերի արտադրության նորարարական տեխնոլոգիաներին․․․», ասաց Ալլան։
Ֆեյսբուքն ու Ինստագրամը բավարար չեն գոհացուցիչ վաճառք ապահովելու համար․ անհրաժեշտ է ավելի թիրախավորված ուսումնասիրել միտումներն ու մարքեթինգը, ինչն էլ ծրագիրը նախատեսում է տրամադրել։ «Ոլորտի վերաբերյալ կրթությունը Հայաստանում չի տրամադրում արևմտյան ստանդարտների առումով մրցունակ գիտելիք, այսինքն՝ կան բազմաթիվ առանձնահատուկ մոտեցումներ, որոնք դիզայներները դեռ պետք է ուսումնասիրեն», ասաց Ալլան։ «Նորաձևության 25 դիզայներների հետ մեր թիմին ևս ներկայացվեցին նորաձևության թրենդերի կանխատեսման հմտությունները «Թրենդերի կանխատեսում» դասընթացի ընթացքում՝ կատարելագործելով թրենդները կանխատեսելու, ծրագրելու և զարգացնելու մեր կարողությունները, ստեղծելու այնպիսի արտադրանք, որը համահունչ կլինի շուկայի և հաճախորդների կարիքներին, և այդ ամենը ոչ միայն տեղական շուկայում, այլև առավել լայն ընդգրկմամբ»։
Իր իսկ անվանմամբ բրենդի հիմնադիր և դիզայներ Հակոբ Շահինյանը սիրիահայ է, որ հինգ տարի սիրիական Հալեպում աշխատելուց հետո 2017թ․-ին տեղափոխվել է Հայաստան՝ նոր հնարավորությունների և նոր սկզբի նպատակով։ Նա համաձայն է․ «Հայաստանում դիզայներ լինելն իսկապես մարտահրավեր է։ Դիզայներներն առերեսվում են բազմաթիվ խնդիրների արտադրողների, ճիշտ նյութերի և սեփական աշխատանքները ցուցադրելու համապատասխան հարթակների որոնման հարցում»։
Երիտասարդ դիզայներները դժվարանում են գտնել մասնագիտական աջակցություն, կողմնորոշում ու կրթություն, բայց ԵՄ աջակցությամբ նրանք ունեն այդ հնարավորությունը՝ հանդիպելու միջազգային փորձագետների և սովորելու դիզայնի գործընթացը․ որտեղից սկսել, ինչպես հավաքածու կազմել ու ինչպես առաջ մղել։ «Այս դասընթացներն օգնում են սովորել, թե ինչպես ստեղծել հավաքածու՝ թիրախավորելով ավելի մեծ և, ինչու չէ, նաև միջազգային լսարանն ու շուկան», ասաց Հակոբը։
Ալլան համաձայնեց, որ ծրագրի կողմից ևս մեկ դասընթացի կազմակերպումը «Նորաձևության հավաքածուի ստեղծում» թեմայով, որ կվերաբերի նորաձևության հավաքածուի կազմման անատոմիային, հիանալի հնարավորություն կլինի միջազգային փորձագետների օգնությամբ ստեղծելու 2019թ․-ի հավաքածու և ներկայացնելու Միլանի նորաձևության շաբաթին, որտեղ գնորդները նորություններ են փնտրում՝ դրա բոլոր ձևերով և արտահայտություններով։
Ներկա պահին մեկ այլ, եռօրյա դասընթաց՝ սոցիալական մեդիայի կարևորության մասին անցկացվում է մոտ 70 դիզայներների համար։ Հաջորդիվ կլինեն կլոր-սեղան քննարկումներ՝ հստակեցնելու պետական կարգավորման բացերն ու ներկայացնելու առաջարկություններ։ Քննարկումները կապ կհաստատեն մասնավոր հատվածի և հանրային իշխանությունների միջև, որի արդյունքում ոլորտի զարգացման համար ազգային ռազմավարություն կմշակվի։
Եվ Եվրոպայի օրը նշանավորելու նպատակով Պալատը հնարավորություն ունի ներկայացնելու իր տաղանդը մայիսի 3-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ կազմակերպվող նորաձևության միջոցառման ընթացքում, որ կներկայացնի բացառիկ հագուստ/աքսեսուարների հավաքածուներ՝ ստեղծված հատուկ այդ առիթով և ոգեշնչված եվրոպական դրոշով։
Գևորգ Պողոսյանը լավատես է ապագայի առնչությամբ․ «Բազմաթիվ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել աջակցելու մեզ՝ տրամադրելով տարածքներ, նյութեր և այլ անհրաժեշտ իրեր, մասնավորապես Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Բրիտանական խորհուրդը և այլն։ Մենք գործընկերային հարաբերությունների հաստատման փուլում ենք Վեսթմինսթերի համալսարանի, Ավստրիայի նորաձևության պալատի, Իտալիայի Պիտտի Իմաջին կառույցի հետ»։
Տարվա նշանակալի իրադարձությունն, իհարկե, ամռանը Երևանում կազմակերպելիք Նորաձևության ֆորումն է, որին կմասնակցեն բազմաթիվ միջազգային փորձագետներ և դիզայներներ։ «Սա կլինի տարվա իրադարձությունը», ասաց Գևորգը՝ ընդառաջ մի միջոցառման, որը, նա հույս ունի, կբացի միջազգային շուկաները Հայաստանի նորաձևության արդյունաբերության համար։
***********************
Եվրոպական միության «ԵՄ-ը Բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հովանավորության նախաձեռնություն է և ներառում է Եվրամիության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ՓՄՁ-ների աջակցությանը՝ մասնավոր հատվածի զարգացման նպատակով: EU4Business-ը Արևելյան գործընկերության տարածաշրջանում ներառում է 40-ից ավելի ծրագրեր: Ընդհանուր ակտիվ փաթեթը կազմում է EU4Business-ի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված ավելի քան 300 միլիոն եվրոյի աջակցություն: Արևելյան գործընկերության վեց երկրներում EU4Business-ը տրամադրում է ֆինանսական միջոցների հասանելիություն, արտահանման հետ կապված ներդրումների ֆինանսավորում, ԵՄ ստանդարներին համապատասխանեցում, աջակցություն կին ձեռնարկատերերին ու ստարտափներին՝ ներառյալ խորհրդատվական ծառայությունների միջոցով։
Հայաստանում EU4Business-ն աջակցում է 12 ընթացիկ ծրագրերի՝ ընդհանուր ավելի քան 30 մլն եվրո աջակցությամբ՝ տրամադրելով բարելավված հասանելիություն ֆինանսներին և նոր շուկաներին, դասընթացներ, խորհրդատվական և խորհրդակցական ծառայություններ ՓՄՁ-ներին, թիրախավորված աջակցություն կանանց կողմից ղեկավարվող բիզնեսին, ստարտափերի, տեխնոլոգիական ձեռնարկատիրության և կլաստերների զարգացում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացում և սոցիալական ձեռնարկատիրություն։