Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցը հանրապետության այն 44 դպրոցներից է, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական նորարար կարողությունների զարգացման, այդ թվում՝ ինտենսիվ այգիների ներդրման ծրագրում։ Ու թեև համայնքը մշտապես հայտնի է եղել իր ավանդական այգիներով, այդուհանդերձ, դպրոցի մի զգալի տարածք հատկացվեց ինտենսիվ այգու ստեղծմանը, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ և գիտելիքներ ստանալ ժամանակակից կանաչ տեխնոլոգիաների մասին։
Մասնագիտությամբ բանասեր, հողագործության և այգեգործության ոլորտից մինչ այդ հեռու դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանի համար ինտենսիվ այգի հիմնելու գաղափարը, մի կողմից, շատ ոգևորիչ էր, մյուս կողմից՝ անծանոթ:
«Անկեղծ ասած, «ինտենսիվ» բառից սկզբից վախեցա, գյուղատնտեսությունից բավարար գիտելիքներ չունեի, սակայն միաժամանակ հասկանում էի, որ այն, ինչ պետք է ստեղծվի, կունենա ուսուցողական բնույթ, որ կսովորեն ոչ միայն աշակերտները, այլև մանկավարժական կոլեկտիվը, համայնքի բնակիչները, հատկապես որ մեզ աջակցելու էին գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաներով»,- պատմում է Նոյեմի Բաբախանյանը՝ վերհիշելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի մեկնարկը:
Ինտենսիվ այգու համար ընտրված տարածքում թեև նախկինում այգիներ էին եղել, սակայն տարիների ընթացքում ոռոգման ջրի բացակայության պատճառով դարձել էր ամայի ու քարքարոտ: Երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ սկսվեցին այգու ստեղծման աշխատանքները, դպրոցի ջանասեր սաները շատ արագ մաքրեցին տարածքը չորացած ծառերից ու քարերից, փորեցին տնկիների համար նախատեսված փոսերը: Հողը աշխատող ձեռքի կարոտ էր և մատղաշ ձեռքերի ջերմությունից վերակենդանացավ․
«Տեսնել էր պետք, թե աշակերտներն ինչ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում դպրոցին տրամադրված գյուղտեխնիկան, հետևում նորագույն տեխնոլոգիաների՝ կաթիլային համակարգի խողովակաշարերի անցկացման, հակակարկտային ցանցերի և անձրևաջրերի հավաքման համար նախատեսված բաքերի տեղադրման աշխատանքներին, որից հետո սկսեցին տնկել խնձորենու, կեռասենու, սալորենու տնկիներ: Առաջին տարում ստացված բերքի արդյունքները գոհացուցիչ էին, մեծ ոգևորություն առաջացրին աշակերտների շրջանում: Նրանք հմտանում էին գյուղատնտեսական աշխատանքներում և ուրախանում սեփական ուժերով մշակված էկոլոգիապես մաքուր սննդի ստացմամբ»:
Գոլդեն տեսակի խնձորի և մյուս մրգերի բերքով դպրոցը մասնակցեց «Կանաչ արահետ» ՀԿ-ի կազմակերպած օրգանական գյուղմթերքի փառատոնին:
«Վաճառքից ստացած եկամուտը տնօրինում է աշակերտական խորհուրդը, օգտագործում էքսկուրսիաների կազմակերպման համար: Անցյալ տարի ստացված 200 կգ բերքի մի մասը վաճառվեց փառատոնում, մի մասը հատկացվեց դպրոցի ճաշարանին, իսկ ավելացած մասը չիր պատրաստեցինք, ի դեպ, սարքը նույնպես ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նվերն է»,- պատմում է դպրոցի տնօրենը:
Նրա խոսքով՝ դպրոցամերձ ինտենսիվ այգին միավորում է աշակերտներին, ուսուցիչներին և համայնքի բնակիչներին, այն կանաչ գյուղատնտեսության և այգեգործության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շտեմարան է դարձել համայնքի բոլոր բնակիչների համար:
«Կարևոր հանգամանք է ծրագրի շրջանակում արևային կայանի տեղադրումը, որը նպաստում է էլեկտրաէներգիայի ծախսի զգալի կրճատմանը: Արդյունքում տնտեսված միջոցներով ավելացրել ենք տնկիների քանակը: Դպրոցի տարածքում տեղադրված բաքերում հավաքված անձրևաջրերը լիովին փոխարինում են ոռոգման ջրին, որը խնդիր է նաև համայնքի համար: Հողի մշակման վերաբերյալ աշակերտների ձեռք բերած գիտելիքների թվում նորություն է նաև ավանդական թունաքիմիկատների փոխարեն կալիֆոռնիական որդերով հողի պարարտացումը, ինչը նույնպես նորություն է համայնքի բնակչության համար»,- պատմում է Նոյեմի Բաբախանյանը:
Դպրոցամերձ հողատարածքում կան անմշակ հողակտորներ, որոնք նախատեսված են բանջարաբոստանային մշակաբույսերի (վարունգ, լոլիկ, պղպեղ, բրոկոլի) աճեցման համար: Դրա համար դպրոցն ունի անհրաժեշտ բազմաֆունկցիոնալ գյուղտեխնիկա՝ խոտհնձիչ, փոքր տրակտորներ, սրսկման համար նախատեսված սարքավորումներ, արտահագուստ, ինչպես նաև համապատասխան մեթոդական ձեռնարկներ:
Նոյեմի Բաբախանյանը կարևորում է ժամանակակից գյուղատնտեսության մեջ աշակերտների ներգրավումը նրանց արժեհամակարգի ձևավորման, հետագա մասնագիտության ընտրության, գյուղում աշխատատեղ ստեղծելու և այն շենացնելու առումով: Ու զարմանալի չէ, որ դպրոցի շրջանավարտներից ոմանք միջին մասնագիտական կրթությունը ստանում են Նոր Գեղիի ակադեմիկոս Գ.Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում, այնուհետև ուսումը շարունակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
Տնօրենի համոզմամբ՝ աշակերտների և ուսուցչական անձնակազմի աշխատասիրության շնորհիվ առաջիկայում կկարողանան ընդլայնել ինտենսիվ այգիների տարածքը:
«Հողը շնորհակալ է լինում իր վրա գործադրած ջանքերի համար ու տասնապատիկ փոխհատուցում: Թեև այգին կլանում է մեր ուժերը, սակայն բոլորս էլ սիրով ենք աշխատում ու այգուց ստանում պատասխան բերքն ու բարիքը։ Շնորհակալ ենք նաև ՄԱԿ-ի այս արդյունավետ ծրագրին ու «Կանաչ արահետ» ՀԿ ղեկավար Նունե Սարուխանյանին նյութական և տեղեկատվական աջակցության համար, առանց որի մենք չէինք ունենա այս դրախտային այգին»,- ասում է Նոյեմի Բաբախանյանը։