Pixomatic ընկերությունը հայաստանյան ստարտափ է, որը մշակել է լուսանկարների գերժամանակակից առցանց խմբագրիչ՝ պատկերի կտրման եզակի առանձնահատկությունով: Այն թույլ է տալիս վայրկենապես հեռացնել հետնաշերտը ցանկացած լուսանկարից, դարձնել այն թափանցիկ, ավելացնել բազմազան գույներ ու զտիչներ կամ փոխարկել հետնաշերտը այլ լուսանկարով:
Բջջային հավելվածն ունի ամսական 500,000-ից ավել ակտիվ օգտվող. այն հասանելի է վեբում, iOS և Android սարքերի վրա:
Pixomatic-ի համահիմնադիր Գարիկ Ավետիսյանի խոսքերով, նախաձեռնության վրա նրանք սկսել են աշխատել երեք ընկերներով 2015 թ.-ին: Ստարտափը սկսել է իր գործունեությունը 2016 թ.-ին և նպատակաուղղված է անձնական և բիզնես օգտվողների կարիքներին:
«Pixomatic-ի յուրօրինակ առանձնահատկությունը սկզբում պատկերի կտրումն էր, սակայն այս պահի դրությամբ մենք բազմաթիվ այլ գործառույթներ ունենք: Մենք հնարավորություն ունենք լուսանկարից հեռացնել անցանկալի օբյեկտները, ունենք սելֆիի բարելավման գործիքներ և շատ այլ գործառույթներ»,- բացատրում է նա:
Գարիկ Ավետիսյանի խոսքերով՝ պատկերների մշակման բազմապիսի ալգորիթմների և մեքենայական ուսուցման օգտագործումը հիմնական գործոնն է, որը եզակի է դարձնում Pixomatic-ի բազային տեխնոլոգիան:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող EU4Business ծրագրի նախաձեռնությամբ EU-SMEDA-ի Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) շնորհիվ՝ 2017 թ.-ին Pixomatic-ի թիմը մշակել է կարկատան և օժանդակ գործիքներ (լուսանկարներից անցանկալի օբյեկտները ջնջելու համար), ինչը շատ նպաստեց թիմին:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ստարտափը հետաքրքրված է ԵՄ շուկա մուտք գործելու հարցում, Ավետիսյանը նշել է Pixomatic-ի համար ԵՄ շուկայի հսկայական նշանակությունը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ստարտափի հաճախորդների 35%-ը ԵՄ-ից են:
Խոսելով Pixomatic-ի առջև իր գործունեության սկզբնական շրջանում ծառացած մարտահրավերների մասին՝ Գարիկ Ավետիսյանը նշեց.
«Բիզնես հիմնադրելը, նույնիսկ մի փոքր սրճարանի հիմնադրումը, դժվար է ամենուր: Չէի ասի, որ հայաստանյան ստարտափի համար ավելի դժվար է, քան որևէ այլ ստարտափի: Ինչ-որ չափով դա նույնիսկ ավելի հեշտ է: Ամենակարևոր բանը՝ չդադարեցնելն ու անընդմեջ լսելն է շուկայի և օգտագործողների ձայնը ու տեսլական ունենալն է: Նախ և առաջ, հիմնադիրները պետք է լավատեսորեն վերաբերվեն ամեն ինչին: Ընդամենը այդքանը»,- ամփոփեց նա:
Pixomatic-ը առաջիկա տարիների համար հավակնոտ նպատակներ ունի: Այն նախատեսում է ավելի առաջ գնալ և հասնել ամսական 10 միլիոն ակտիվ օգտվողների շրջադարձի:
Տեղեկություններ EU-SMEDA-ի մասին
2017 թ.-ից ի վեր՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից EU4Business նախաձեռնության շրջանակներում և իրականացվում GIZ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ, աջակցում է հայաստանյան ստարտափներին երկու տեսակի դրամաշնորհների՝ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների (ՆԶՀԴ) և Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության (ԳՏՁ) դրամաշնորհների միջոցով: