ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ՍԱՏԱՐՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Հայաստան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՅՐԵՐԻՆ ՍԱՏԱՐՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ

Արմինե Ղազարյանը, ամուսնանալուց հետո տեղափոխվել է Հայաստանի Սպիտակ քաղաքում և քաղաքի արվարձանում ապրում է իր ամուսնու, որդու և սկեսրոջ հետ։ Արմինեի ամուսինը նախկինում գումար էր վաստակում Ռուստաստանի Դաշնությունում, իսկ հիմա նա վերադարձել է և աշխատանք չունի։ Այս պահին նրանց ընտանիքի հիմնական եկամուտն ապահովում են գյուղատնտեսական աշխատանքների միջոցով։ Արմինեի որդին 7 տարեկան է ունի աուտիզմ և չի կարողանում խոսել։ Եվ սա էլ ավելի է վատթարացնում իրավիճակը։ Թեև ընտանիքի բոլոր անդամներն օգնում են միմյանց, այնուամենայնիվ, խնամքի հետ կապված հոգսերի մեծ մասը հենց ինքն է հոգում, ինչը և դժվարացնում է աշխատանք գտնելն ու գումար վաստակելը։

«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող Քովիդ-19 համերաշխության ծրագիրը միտված է փոխել այս իրավիճակը։

«Հայ մայրեր» տեղական կազմակերպության հետ համատեղ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն օգնում է Արմինեին և մյուս կանանց՝ ձեռք բերել հմտություններ աշխատաշուկա մուտք գործելու համար։ Օրինակ՝ ծրագիրն օգնում է հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին սովորել վարսահարդարի կամ մատնահարդարի հմտություններ, ինչը նրանց թույլ կտա աշխատել տանը։ Այս տիպի դասընթացների շնորհիվ կանայք նաև հաղթահարում են ընկճվածությունն ու ֆինանսապես ավելի անկախ դառնում։

Այս ծրագրի շնորհիվ Արմինեն այժմ վարսահարդար է։ Նա չորս ամիս վարսահարդարություն է սովորել, երեք ամիս էլ՝ սոցիալական մեդիա և մարքեթինգ, ինչը օգնում է նրան գովազդել վարսահարդարության իր ծառայություններն ու եկամուտ ստանալ իր ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Առաջիկա ամիսներին Արմինեն պլանավորում է տանը հարմարություններ ստեղծել, որպեսզի հաճախորդներին տանը սպասարկի և այդպիսով մոտ մնա իր զավակին՝ ամենօրյա խնամքի համար։

«Հիմա ավելի հաճախ աշխատում եմ բարեկամների համար, երբեմն էլ գնում եմ Վանաձոր՝ այնտեղի հաճախորդներին սպասարկելու։ Այս պահին եկամուտը քիչ է, բայց հույս ունեմ, որ առաջիկայում ավելի շատ հնարավորություններ կունենամ» ։ 

***

 

38-ամյա Սիլվարդ Հունանյանը երեք երեխաների մայր է։ Ապրում են Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքի արվարձանում։ Նրա որդին՝ Վարդանը, ծնվել է ուղեղային կաթվածով, և չնայած Սիլվարդի ընտանիքն օգնում է նրան, միևնույն է, 16-ամյա երեխային հիմնականում նա է խնամում։ «Վարդանն առաջին անգամ քայլել է 8 տարեկանում: Հիմա նա 16 տարեկան է, բայց դեռ չի խոսում: Վարդանն ինքնուրույն չի ուտում, ինքնուրույն չի հագնվում», նշում է Սիլվարդը։ Սիլվարդը սովորելու կամ պատշաճ աշխատանքի հնարավորություն չի ունեցել: Երբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո «Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար» ծրագրի շրջանակում նրան հրավիրեցին մասնակցելու մատնահարդարի դասընթացների, նա անմիջապես համաձայնեց։ Մատնահարդարի դասընթացները կազմակերպել էր «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը փորձում է կոտրել այն կարծրատիպը, որ հատկապես այն կանայք, ովքեր հաշմանդամություն ունեցող երեխաների են խնամում, ի վիճակի չեն երեխաների խնամքից բացի այլ աշխատանք կատարել։ Այս ծրագրի շրջանակում 20 հայ կին մասնագիտական ուսուցում է ստացել: Նրանք հաճախել են վարսահարդարման կամ մատնահարդարման չորսամսյա դասընթացների և վերապատրաստվել տեղի առաջատար մասնագետների մոտ: Նրանց տրամադրվել են մասնագիտական գործիքներ ու անհրաժեշտ նյութեր հաճախորդներին սպասարկելու համար, բացի այդ, սովորել են նաև «Սոցիալական մեդիա և մարքեթինգ»՝ տրամադրվող ծառայությունները սոցիալական հարթակներում ճիշտ ներկայացնելու համար: Դասընթացները մայրերին հնարավորություն տվեցին աշխատել տանից, ինչը հատկապես կարևոր դարձավ COVID-19 համավարակի ժամանակ:

Սիլվարդը նշում է․ «Ես մատնահարդարում եմ սովորել․ իսկապես սիրում եմ այդ աշխատանքը: Կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը կարողանան աշխատել, քանի որ դա հնարավորություն է տալիս որոշ ժամանակ հատկացնենք ինքներս մեզ»։ - Նա ավելացնում է․ «Ես կարող եմ ունենալ իմ բիզնեսը և ֆինանսապես օգնել ընտանիքիս։ Մինչ այժմ միայն ամուսինս էր աշխատում։  Մի քիչ դժվար էր»։ Սիլվարդ Հունանյանի ամուսինը բանջարեղեն է բերում գյուղերից և վաճառում է այն Վանաձորի շուկաներում։ «Ես աշխատասեր եմ և հավակնոտ, ինձ պարզապես մի փոքր ուղղություն և աջակցություն է պետք, որպեսզի կարողանամ առաջ շարժվել և դառնալ լավ մասնագետ», - ասում է Սիլվարդը։

«Ես ուզում եմ իմ սեփական սրահն ունենալ, այնպես որ մյուս մայրերը կարողանան սովորել և աշխատել ինձ հետ և եկամուտ վաստակել իրենց ընտանիքների համար: Հիմա նրանք ինձ պես տանն են, ոչ թե այն պատճառով, որ նպատակներ չունեն, այլ որ խնամքի կարիք ունեցող երեխաներ ունեն և չունեն ժամանակ», - ավելացրեց նա:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները