Յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացումը սերտորեն կապված է շրջանների հավասարաչափ զարգացման հետ: Հայաստանը բացառություն չէ: Ժամանակին՝ մարզադահլիճ, այժմ՝ բիզնես կենտրոն, Սևանի ինովացիոն բիզնես կենտրոնն դարձել է հանգույց՝ նոր բիզնես գաղափարների և նախաձեռնությունների համար։
Աջակցելով ՓՄՁ-ներին, հատկապես երիտասարդ ձեռներեցներին, Կենտրոնը Սևանի քաղաքապետարանի և Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ծրագիրն է, որ իրականություն է դարձել երկամյա դրամաշնորհի միջոցով՝ EU4Business-ի աջակցությամբ գործող «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) նախաձեռնության շրջանակներում։ 2017թ.-ի հունվարին Արևելյան գործընկերության ներքո մեկնարկած M4EG-ն աջակցում է քաղաքապետերին և քաղաքապետարաններին՝ տեղական մակարդակում տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման գործին ակտիվորեն նպաստելու հարցում:
ԵՄ-ը՝ տեղական ՓՄՁ-ների կողքին
Որպես «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորարարության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագրի մաս՝ նոր Բիզնես կենտրոնը սկսել է ամբողջությամբ գործել 2019թ.-ի օգոստոսից: 19-ամյա Զոյա Սաֆարյանն առաջին շահառուներից է: «Լսել էի Սևանի նորարարական բիզնես կենտրոնի մասին, որ օգնում է երիտասարդներին, որոնք ունեն գաղափարներ, բայց չգիտեն՝ ինչպես սկսել և ինչ անել», ասում է Զոյան:
Դեռևս դպրոցում սովորելու տարիներին Զոյան գտավ իր հետաքրքրությունը՝ մարքեթինգը։ «Ես նկատեցի, որ ժամանակիս զգալի մասն անց եմ կացնում սոցիալական ցանցերում և մտածեցի. «ինչո՞ւ գումար վաստակել այդկերպ», ասում է Զոյան: «Երբ սկսեցի խորապես ուսումնասիրել, բացահայտեցի մարքեթինգը և սկսեցի ծանոթանալ»։
Զոյան սկսեց սովորել, թե ինչպես բիզնես պլան մշակել իր հայրենի քաղաքում մարքեթինգային կենտրոն բացելու և ոլորտը զարգացնելու համար: «Ես կսովորեցնեմ մարքեթինգ, և մեր կենտրոնը կտրամադրի SMM ծառայություններ», ասում է նա։ Երբ բիզնես պլանը պատրաստ էր, նա սկսեց աշխատանքի հրավերներ ստանալ որպես սոցիալական մեդիա մենեջեր: «Սա հրաշալի հնարավորություն է, որ ես կարող եմ աշխատել ու գումար խնայել իմ սեփական նախագիծն հաջորդ տարիներին իրագործելու համար»:
Ավելի քան 60 ձեռներեցներ արդեն իսկ օգտվել են Կենտրոնի՝ բիզնես պլան կազմելու ծառայություններից, որ տրամադրվող հնարավորություններից միայն մեկն է: ԵՄ աջակցությամբ Կենտրոնը տարբեր ոլորտների փորձատու մասնագետների է հրավիրում դասընթացներ անցկացնելու և ներկայացնելու իրենց գաղափարները, թե ինչպես կառուցել տեղական տնտեսությունը: Մոտ 200 մասնակից ընդգրկվել է դասընթացներում և օգտվել գիտելիք մատուցող հնարավորություններից:
Բիզնես աջակցությանը զուգահեռ՝ դասընթացներ ու աջակցություն է տրամադրվում նաև աշխատանք փնտրողներին, հատկապես երիտասարդներին, կանանց ու հաշմանդամություն ունեցողներին, ինչը նրանց հնարավորություն է տալիս աշխատանք գտնել՝ որպես որակյալ մասնագետներ:
Կենտրոնում կամավորական աշխատանք կատարելով՝ Զոյան վստահ է, որ մարքեթինգն ապագա ունի Սևանում, և որ Կենտրոնը կարող է շատ մարդկանց գնել ճիշտ այնպես, ինչպես օգնեց իրեն։ «Քանի որ ժամանակակից երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասը սոցցանցերում են անցկացնում, կարող են նաև համացանցում գումար վաստակել սովորել», ասում է Զոյան:
Պայքար համավարակի դեմ՝ առցանց աջակցությամբ
Սեմինարներն ու աշխատաժողովները Կենտրոնի գործունեության միայն մի մասն են: Ժամանակակից շինությունը ներառում է ամբողջապես սարքավորված համատեղ օգտագործման աշխատանքային տարածքներ և կոնֆերանսների դահլիճներ՝ այդպիսով լրացնելով տեղական բիզնես միջավայրի կարևոր մի հատված ու ծառայելով որպես հաագործակցության և գիտելիք ձեռքբերելու հարթակ:
Չնայած ներկա համավարակն անհնար է դարձրել ենթակառուցվածքների օգտագործումը՝ Կենտրոնը առցանց աջակցության ծառայություններ է տրամադրում ՓՄՁ-ներին՝ օգնելու վերջիններիս հաղթահարելու արգելափակման ու կարանտինի ազդեցությունը: Լեզվի, ծրագրավորման և հաշվապահական դասընթացները, նաև շուկայի ուսումնասիրությունն ու բիզնես պլանավորման ծառայություններն օգնում են կորոնավիրուսի պայմաններում բիզնեսը պահպանելու ՓՄՁ-ների ջանքերին: ՓՄՁ-ներին անվճար խորհրդատվություն է տրամադրվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների և ճգնաժամային իրավիճակի հաղթահարման պետական ծրագրերի վերաբերյալ:
Նպաստելով Սևանում կայուն տնտեսական աճին՝ Բիզնես կենտրոնն աջակցում է քաղաքին՝ վերածվելու ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն և սոցիալապես գրավիչ համայնքի: