15 հայաստանյան ստարտափներ արժանացել են ԵՄ-ի դրամաշնորհների

Հայաստան
15 հայաստանյան ստարտափներ արժանացել են ԵՄ-ի դրամաշնորհների

Երկօրյա խիստ մրցակցությունից և իրենց ծրագրերը մասնագիտական ժյուրիին ու փորձագետներին ներկայացնելուց հետո նոյեմբերի 27-ին հայտնի դարձան «EU4Business-ի գիտական և տեխնոլոգիական ձեռներեցություն» (EU4Business STEP2) դրամաշնորհային մրցույթի հաղթողները:

Նախապես ընտրված 29 թիմերից վերջնացուցակի մեջ ընդգրկվեցին տասնհինգ ստարտափ թիմեր: Նախքան ընտրության եզրափակիչ փուլը՝ բոլոր թիմերը մասնակցել էին փորձառու խորհրդատուների և փորձագետների կողմից անցկացված մի շարք դասընթացների՝ բարելավելու իրենց աշխատանքի ներկայացման և ձեռնարկատիրական հմտությունները: 

Հաղթողները կկարողանան մինչև 15000 եվրոյի ֆինանսավորում ստանալ իրենց նորարարական բիզնես գաղափարներն իրականացնելու համար՝ սկսած նախատիպերից մինչև արդեն գոյություն ունեցող լուծումներ և հավելվածներ, որոնք լրացուցիչ մշակման կարիք ունեն:

«Մեր հաղթողների շարքում են նախագծեր ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև լայն ընդգրկում ունեցող այլ ոլորտներից, որոնք աշխարհում ամենազարգացած ուղղություններն են ներկայացնում: Սա ազդակ է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում, և ապացուցում է, որ Հայաստանը երկիր է, որտեղ այսպիսի նորարարական ստարտափ գաղափարներ են զարգանում»,- նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ով EU-SMEDA-ի հետ համատեղ իրականացնում է STEP2 դրամաշնորհային մրցույթը:

EU4Business STEP2 մրցույթի հաղթող ստարտափներն են՝

ARize Augmented Reality Platform by Triple-E 

Breedge

- Cyber Deceptions and Honeypot Orchestration System

D'efekt

Easydmarc

- Forest guard

ForgeFiction

- @Cow.Net

- Lift UP

- New luminescent coatings with high brightness and long afterglow

- PinoKIT

- RendChain

- Robin the Robot

- Smartlock

- The Last Daredevil by Cyber Mantis Games

«Այս միջոցառումը կարևոր ուղենիշ է Հայաստանի ստարտափների էկոհամակարգի համար»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում GIZ-ի և EU-SMEDA ծրագրի մեր գործընկերների հետ միասին իրականացրել ենք մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանում ստարտափ ձեռնարկատիրության աջակցմանը: Այսօրվա մրցույթը մեր համատեղ ջանքերի արդյունքն է: ԵՄ-ն հանձնառու է և կշարունակի աջակցել Հայաստանի ստարտափների էկոհամակարգի զարգացմանը»,- նշեց Տոշկովը:

«EU4Business STEP2» դրամաշնորհային մրցույթը մեկնարկել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի կողմից և իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

«EU4Business STEP2» ծրագրի նպատակն է խթանել ձեռներեցությունը Հայաստանում և աջակցել տեխնոլոգիաների վրա հիմնված նորարարական գաղափարներին: Այն նպատակաուղղված է ստարտափ թիմերի, նորարարների, գիտնականների, ճարտարագետների, հետազոտողների և ձեռներեցների աջակցությանը՝ իրենց արտադրանքը շուկա արտահանելու և նոր վենչուրային ձեռնարկություններ ստեղծելու հարցում:

EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար:  Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները