Դիմեք հիմա. SMEDA-ն հայաստանյան չորս ՓՄՁ-ների հրավիրում է մասնակցելու Հանովերի արդյունաբերական տոնավաճառին

Հայաստան
Դիմեք հիմա. SMEDA-ն հայաստանյան չորս ՓՄՁ-ների հրավիրում է մասնակցելու Հանովերի արդյունաբերական տոնավաճառին

Հայաստանի չորս ընկերություններ, որոնք նորարարական լուծումներ են առաջարկում ճշգրիտ տեխնոլոգիաների և Իրերի ինտերնետի (IoT) ոլորտներում, EU4Business-ի SMEDA ծրագրով (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) հրավիրվում են մասնակցելու Hannover Messe 2018 տոնավաճառին ու շրջիկ ցուցահանդեսին, որը կկայանա 2018 թ. Ապրիլի 17-ից 28-ը Գերմանիայում: Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է:

SMEDA-ն կընտրի մինչև 4 ընկերություններ, որոնք հնարավորություն կստանան իրենց բիզնեսը համատեղ հայկական տաղավարով ներկայացնելու Hannover Messe 2018 արդյունաբերական տոնավաճառում, որտեղ ներկա կգտնվեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ:

Աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկը՝

Hannover Messe տոնավաճառը, տարիներ շարունակ եղել է աշխարհի ամենակարևոր առևտրային տոնավաճառը և կապիտալ ապրանքների խոշորագույն ցուցահանդեսը արդյունաբերական տեխնոլոգիաների բնագավառում: 2017 թվին տոնավաճառն ունեցել է 6000 ցուցորդ, 150 բանախոս, 225000 այցելու և 1400 միջոցառում:

Ընտրված մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցելու Գերմանիայում կայանալիք շրջիկ ցուցահանդեսին: Ցուցահանդեսի մանրամասն օրակարգը կկազմվի մասնակիցների կարիքների հիման վրա: Շրջիկ ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները կայցելեն նաև Autostadt Volkswagen թանգարան և զվարճալիքների զբոսայգի:

Ընտրված ընկերությունները հնարավորություն կունենան կապեր հաստատելու ոչ միայն Եվրոպայից, այլև ամբողջ աշխարհից եկած հնարավոր գործընկերների, բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և հաճախորդների հետ: Ավելին՝ ընտրված ընկերությունները կմասնակցեն երկօրյա դասընթացի կամ սեմինարի, որի ընթացքում կնախապատրաստվեն մասնակցությանը 2018 թ. փետրվար-մարտ ամիսներին կայանալիք միջոցառմանն ու իրենց բիզնեսի ներկայացմանը:

Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում առկա նոր հնարավորությունների մասին ու կապեր ստեղծել հայ և համաշխարհային շահագրգիռ կողմերի միջև:

Միջոցառմանը մասնակցելու հետ կապված ծախսերը (ճանապարհորդական ծախսեր, բնակարանային ապահովում, ապահովագրություն, վիզա, մասնակցության վճար, տաղավարի կառուցում, մարկետինգային վճար և այլն) վճարում է SMEDA-ն: Ընտրված ընկերությունները պետք է իրենց վրա վերցնեն մարկետինգային նյութերի պատրաստման մինչև 200 եվրո կազմող ծախսերը (ծախսերի համատեղ վճարման հիմունքով) և միջոցառման ընթացքում մատուցվող սննդի արժեքը (SMEDA-ն անվճար կկազմակերպի մի քանի համատեղ բիզնես ընթրիք և լանչ):

Ժամկետներ

Հոկտեմբերի 20՝ Տեղեկատվության օր

Նոյեմբերի 7՝ Դիմումների ընդունման վերջնաժամկետ

Նոյեմբեր՝ Մասնակիցների ընտրություն

Դեկտեմբեր՝ Մասնակիցների հետ կլոր սեղանի անցկացում

Հունվար-մարտ՝ Մասնակիցների նախապատրաստում

Ապրիլի 21-28՝ Մասնակցություն միջոցառմանը

Մայիս՝ Արձագանքներ և հետագա գործողություններ

Դիմելու ընթացակարգը

Սեղմեք այստեղ՝ ձեր դիմումը լրացնելու և մինչև նոյեմբերի 7-ը, ժամը 22:00-ն ուղարկելու համար:

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար հոկտեմբերի 20-ին ժ. 15:00-ին SMEDA-ի գրասենյակում (Երևան, Պռոշյան փող. 12) կկազմակերպվի տեղեկատվության օր:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմեք SMEDA-ին՝ +374 10 26 99 86 հեռախոսահամարով կամ info@smeda.am էլեկտրոնային փոստով:

 

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները