
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ Գլոբալ) փետրվարի 3-ին առաջին անգամ միավորել է ուժերն Ամերիաբանկի հետ եւ վերջինիս տրամադրել 105 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորում, ինչը հանդիսանում է իր ամենամեծ անմիջականորեն տրվող վարկը Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող բանկին։ Գործարքի նպատակն է ֆինանսավորել ներդրումներն աճը, մրցունակությունը եւ երկրում գործող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) եւ միջին կապիտալիզացիայի ընկերությունների կողմից իրականացվող ավելի էկոլոգիական եւ կայուն գործելակերպը:
Ֆինանսավորումն Ամերիաբանկին հնարավորություն կտա մատչելի գներով վարկ տրամադրել տեղական բիզնեսներին։ Ակնկալվում է, որ այս վարկավորման արդյունքում կօգտվեն մոտ 400 ՄՓՄՁ-ներ, որը կապահովի շուրջ 15,000 աշխատատեղ Հայաստանի տնտեսությունում։ Վարկի առնվազն 20%-ն ուղղվելու է կանաչ ներդրումներին, ինչը կնպաստի, որ Հայաստանն անցում կատարի ավելի կայուն եւ դիմակայուն տնտեսության։
Ֆինանսավորման մի մասը հասանելի կլինի տեղական արժույթով՝ ՄՓՄՁ-ներին արժույթային ռիսկերից պաշտպանելու նպատակով։ ԵՄ-ն աջակցում է գործարքին դրամաշնորհային ֆինանսավորման տեսքով, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար սահմանել մատչելի տոկոսադրույք։
«Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Տնտեսական եւ ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման եւ բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին եւ նոր արտահանման հնարավորություններին, ինչը կաջակցի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
ԵՄ-ն Արեւելյան գործընկերության համար նախատեսված Տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում նպատակ ունի աջակցել հայկական 30,000 ՄՓՄՁ-ների։
Իմացիր ավելին