Ինչպես նշվում է ՏՀԶԿ-ի՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում մշակված «ՓՄՁ քաղաքականության բարեփոխումների մոնիտորինգ Հայաստանում» զեկույցում, Հայաստանում վերջին տարիներին բարելավվել է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը նպաստող քաղաքականությունը, սակայն հիմնական մարտահրավերները մնացել են և խոչընդոտներ են հարուցում ՓՄՁ-ների զարգացման և միջազգայնացման առջև:
Զեկույցը պատրաստվել է «Աջակցություն ՓՄՁ-ների մրցունակության բարեփոխումներին Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրի շրջանակներում, որը ՏՀԶԿ-ն իրականացնում է EU4Business նախաձեռնության ներքո: Այն կենտրոնանում է ՓՄՁ-ների միջազգայնացման համար անհրաժեշտ երկու համապատասխան ոլորտների վրա՝ Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտի ՓՄՁ-ների կապակցում գլոբալ արժեքի շղթաներին, և բազմազգ ձեռնարկությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինանյութերի ոլորտում:
ՏՀԶԿ-ի զեկույցում նշվում է, որ, 2014 թվից ի վեր, հայկական ապրանքների արտահանումների ընդհանուր արժեքն աճել է տարեկան մոտ 15%-ով, սակայն արտահանման մակարդակները դեռևս զիջում են Արևելյան գործընկեր երկրների (ԱլԳ) տարածաշրջանային միջին ցուցանիշին: «Բարձրարժեք ապրանքների արտադրությունն ու վերամշակումը կօգնի բազմազանել Հայաստանի արտահանման զամբյուղը և տեղական ընկերություններին կօգնի դեպի վեր շարժվել գլոբալ արժեքի շղթաներում»,- առաջարկվում է ՏՀԶԿ-ի զեկույցում:
Օտարերկրյա ուղղակի ներդրումներ
Միևնույն ժամանակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքերը շարունակել են նվազման միտում դրսևորել՝ 2008 թ. ՀՆԱ-ի 8,1%-ից կրճատվելով մինչև 1,7%՝ 2015 թվին: Սակայն կառավարությունը ավելի ու ավելի շատ ջանքեր է գործադրում ներդրումների ներգրավման բարեփոխումների ուղղությամբ և, օտարերկրյա ներդրողներին գրավելու նպատակով, 2015 թվին ստեղծել է նոր կառավարական մարմին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը (ՀԶՀ):
Իրոք, «2014 թ. ՏՀԶԿ-ի առաջարկություններից հետո Հայաստանը մի շարք կարևոր բարեփոխումներ է իրականացրել՝ աջակցելու տեղական ՓՄՁ-ների միջազգայնացմանը և բազմազգ ձեռնարկությունների հետ կապերի հաստատմանը»,- հաղորդվում է զեկույցում:
Ըստ ՏՀԶԿ-ի՝ ՓՄՁ-ները կազմում են Հայաստանի բոլոր գրանցված և գործող իրավաբանական անձանց 98%-ը, իսկ ՓՄՁ հատվածում միկրո ձեռնարկությունները կազմում են բոլոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների 89%-ը: «Հաշվի առնելով Հայաստանի ՓՄՁ հատվածում գործող միկրո ձեռնարկությունների մեծ թիվը՝ քաղաքականությունը պետք է, նախ և առաջ, նպաստի դրանց աճին՝ արդիականացնելով արտադրությունը, այնուհետև օգնի հաղթահարել կարողությունների և ռեսուրսների բացակայության խնդիրը, որը խոչընդոտում է դրանց միջազգայնացմանը»,- նշում է ՏՀԶԿ-ն:
ՓՄՁ զարգացմանն ուղղված քաղաքականություն
Զեկույցում նշվում է, որ ՓՄՁ զարգացման աջակցությանն ուղղված քաղաքականությունը բարելավվել է, և կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրել գործարար միջավայրի բարեփոխումների իրականացման, օրենսդրական ու կանոնակարգող դաշտի պարզեցման և գործարարության աջակցման իր ենթակառուցվածքի ընդլայնման ուղղությամբ:
«Սակայն հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ չլուծված և խոչընդոտներ հարուցել ՓՄՁ-ների զարգացման ու միջազգայնացման առջև»: Չնայած կառավարությունն իր ջանքերը կենտրոնացրել է արտահանմանն ուղղված աճի վրա՝ Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացումը, Արևելյան գործընկերության այլ երկրների համեմատությամբ, մնում է սահմանափակ. փոքր ձեռնարկությունների ընդամենը 6,9%-ը և միջին ձեռնարկությունների 7,7%-ն են ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանում՝ ի տարբերություն փոքր ձեռնարկությունների՝ 15%, և միջին ձեռնարկությունների՝ 25,6% տարածաշրջանային միջին ցուցանիշների: «Անհրաժեշտ է մշակել նպատակային քաղաքականություն և իրականացնել աջակցության ծրագրեր` գլոբալ արժեքի շղթաներում Հայաստանի ՓՄՁ-ների մասնակցությունը խթանելու և օտարերկրյա ներդրողների հետ նրանց կապերն ամրապնդելու համար»,- նշում է ՏՀԶԿ-ն:
Ագրոբիզնես և շինարարական նյութեր
Դեռևս 2014 թվին ՏՀԶԿ-ն առանձնացրել էր ՓՄՁ-ների զարգացմանը նպաստելուն ուղղված քաղաքականության առաջնահերթ բարեփոխումների հետևյալ երկու ոլորտները՝
- Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտի ՓՄՁ-ների կապակցում գլոբալ արժեքի շղթաներին,
- բազմազգ ձեռնարկությունների և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինանյութերի ոլորտում:
Հիմնական բացահայտված մարտահրավերներն էին արտահանման խթանման գործիքների բացակայությունը, արտահանման սահմանափակ ենթակառուցվածքները, արտահանման ֆինանսավորման ցածր մակարդակը, օտարերկրյա ներդրողներին գրավելու չօգտագործված հնարավորությունները և ՓՄՁ-ների սահմանափակ կարողությունները:
Ավելի մանրամասն անդրադառնալով այդ երկու ոլորտներին՝ ՏՀԶԿ-ն նշում է, որ մի փոքր առաջընթաց է արձանագրվել արտահանման խթանման և ագրոբիզնեսի ոլորտի արտահանման ենթակառուցվածքների մասով, իսկ ոլորտի արտահանման ֆինանսավորումը զգալիորեն բարելավվել է:
Շինարարական նյութերի ոլորտում կարևոր քայլեր են ձեռնարկվել տեղական պահանջարկի խթանման ուղղությամբ: «Այդուհանդերձ, ներդրումների խթանման բարելավմանն ուղղված ջանքերը դեռևս չեն վերածվել շոշափելի արդյունքների և ներդրումային ծրագրերի»,- նշվում է ՏՀԶԿ-ի զեկույցում:
EU4Business նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ-ների մրցունակության բարեփոխումներին» ծրագիրը Արևելյան գործընկերության երկրներին աջակցում է ՏՀԶԿ-ի Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) քաղաքականության համաթվի առաջարկությունների վրա հիմնված քաղաքականության բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ նպաստելով կառավարության՝ ՓՄՁ-ների կարիքներին ու պահանջներին ուղղված արձագանքի բարելավմանը և ներպետական մակարդակում պետական-մասնավոր երկխոսության խթանմանը: