EU4Business-ի SMEDA ծրագիրը Հայաստանում աջակցում է երկու միջազգային առաքելությունների՝ Հայաստանում ՓՄՁ վիճակագրությունը բարելավելու և այն միջազգային ու ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով՝ միևնույն ժամանակ զարգացնելով Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) կարողությունները:
Լիտվայից և Դանիայից ժամանած փորձագետների մասնակցությամբ երկու առաքելությունների ընթացքում աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԱՎԾ-ի համապատասխան աշխատակիցների հետ` պարզելու այդ ծառայության դիրքը հետևյալ ոլորտներում՝ 1) ՓՄՁ-ների վերաբերյալ վիճակագրություն և ՀՆԱ-ի կամ համախառն ավելացված արժեքի գնահատում՝ ըստ չափի, 2) կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ցուցանիշներ:
Փորձագետները ներկայացրել են վիճակագրության և համապատասխան ցուցանիշների հավաքման ոլորտում իրենց երկրների փորձն ու մեթոդաբանությունը և տեղական մասնագետների հետ քննարկել այն ուղիները, տվյալների աղբյուրները և տարբերակները, որոնց հիման վրա ՀՀ ԱՎԾ-ն կարող է գնահատել համապատասխան վիճակագրությունը: Փորձագետները կվերլուծեն այս երկու առաքելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկություններն ու արդյունքները և կպատրաստեն զեկույցներ՝ ՀՀ ԱՎԾ-ի համար առաջարկվող գործողություններով, չափանիշներով և առաջարկություններով:
ՓՄՁ վիճակագրության բարելավումը SMEDA-ի 2018 թ. գործունեության գերակա ուղղություններից մեկն է, և հետագայում նախատեսվում են շարունակական առաքելություններ և ուսումնասիրություններ՝ նպաստելու ՓՄՁ-ների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության ապահովմանը, ՓՄՁ-ների ցուցանիշների ավելացմանը և ՓՄՁ ոլորտի վիճակի ու Հայաստանի տնտեսության մեջ դրա ունեցած ներդրման մասին ընդհանուր տեղեկացվածության ընդլայնմանը:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: