Հայաստանի ստարտափ ակադեմիա. 12-շաբաթյա ծրագրի առաջին շրջանավարտները

Հայաստան
Հայաստանի ստարտափ ակադեմիա. 12-շաբաթյա ծրագրի առաջին շրջանավարտները

Փետրվարի 3-ին EU4Business-ի Հայաստանի ստարտափ ակադեմիայի տասնմեկ շրջանավարտներն իրենց ստարտափները ներկայացրեցին Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ակադեմիան իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող EU4Business-ի SMEDA ծրագրի շրջանակներում և աջակցվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

Ակադեմիայի համահիմնադիրներ Աշոտ Արզումանյանը և Համբարձում Քաղկեցյանը ներկայացրին Ակադեմիայի գործունեության արդյունքները:

«Նախորդ տարվա հենց այս օրերն էին, երբ սկսեցինք Եվրոպական միության մեր գործընկերների հետ քննարկել Հայաստանում նախաաքսելերացիոն ծրագիր ունենալու կարևորության հարցը: Այսօր նշում ենք առաջին շրջանավարտների ավարտական արարողությունը... Հայաստանում թափ է առնում տաղանդավոր հիմնադիրների աճող ալիք՝ հաջորդ սերնդի ստարտափների շարքը լրացնելու համար, իսկ Հայաստանի ստարտափ ակադեմիան կոչված է առանցքային դեր խաղալու այդ էկոհամակարգում»,- նշեց Աշոտ Արզումանյանը:

Նախաաքսելերացիոն ծրագրին մասնակցել է 18 ստարտափ՝ 8-ը որպես հիմնական մասնակից, իսկ 10-ը` ունկնդիր: 12 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում կազմակերպվել է 43 սեմինար ու դասախոսություն, և կայացել է ավելի քան 150 առանձին հանդիպում մենթորների հետ:

Ստարտափներն աշխատել են իրենց «going to market» (մուտք դեպի շուկա) ռազմավարության վրա, ձեռնարկատիրության խորհրդատուների հետ մշտական համագործակցության միջոցով ձեռք են բերել գործնական գիտելիքներ, ստեղծել են համագործակցության նոր շրջանակներ և ամուր կապեր մենթորների հետ, ինչպես նաև ստացել են ներդրումների որոշ առաջարկներ:

Դասընթացն ավարտած ստարտափների մասին

  • Coach2All՝ կիրառական ծրագիր, որն անձանց օգնում է հասնել իրենց մարզական նպատակներին՝ տրամադրելով մասնագիտացված սպորտային ուղղորդում, որը ներառում է մարզումների դինամիկ ծրագրեր և համապատասխան առաջարկներ:
  • Aimhub՝ հարթակ, որն արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի գիտնականներին և ինժեներներին օգնում է հրապարակել իրենց նախապես ուսուցանված ԱԲ մոդելները, որոնք այլ անձանց առաջ բաց կլինեն մուտք գործելու և օգտագործելու համար:
  • WiMedia` գովազդային հարթակ, որը հիմնված է Wi-Fi հանրային թեժ կետերի և մոտիկության մարկետինգի խորը ռազմավարությունների վրա: Ստարտափի նպատակն է ստեղծել աշխարհում ամենամեծ անվճար հանրային ինտերնետի հարթակը:
  • Earlyone-ի նպատակն է օգնել մարդկանց խնայել իրենց թանկարժեք ժամանակը, որն ապարդյուն վատնում են հերթերում սպասելիս:
  • Embry-ն ոտքին կրվող փոքր կշեռք է և գործունեությանը հետևող համակարգ՝ ուղղակիորեն կապված կիրառական ծրագրի հետ, որն ավելորդ քաշով, ինչպես նաև զբաղված մարդկանց օգնում է հետևել իրենց կորցրած կիլոգրամներին, սահմանել համապատասխան նպատակներ քաշի կորստի և առողջ ապրելակերպի համար:
  • PicPen-ը մանկահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների ստեղծագործական հմտությունները զարգացնելու և երևակայությունը խթանելու համար նախատեսված կիրառական ծրագիր է, որը պարունակում է նկարչական վիրտուալ տետր այնպիսի գործիքներով, ինչպիսիք են մատիտները, յուղամատիտները, վրձինները, ջրաներկի վրձինները և նախշերը:
  • Himnark-ը տրամադրում է «ծրագրային ապահովումը որպես ծառայություն» լուծում, որն օգնում է բիզնեսներին՝ նրանց տրամադրելով փոփոխման ենթակա տվյալների բարձրորակ համակարգ և վարչական անձնակազմին ազատելով հսկայական թղթաբանական աշխատանք կատարելու անհրաժեշտությունից:
  • WooChess-ը շախմատի ուսուցման կայք է, որը լիարժեք հնարավորություններ է ստեղծում առցանց պարապմունքների անցկացման համար:
  • Breedge-ը ամպային հարթակ է, որը կապ է ստեղծում ընկերությունների և նրանց հավանական աշխատակից հանդիսացող ուսանողների միջև:
  • InOne-ը նոր ինտերակտիվ հաղորդակցության ուղի է ընկերությունների և հաճախորդների միջև, որը հաճախորդներին օգնում է ժամանակ և փող խնայել գնումների ժամանակ:
  • Triple-E-ն լրացված իրականության համընդհանուր հարթակ է, որն օգտվողին տալիս է շարժական սարքերում հեշտությամբ լրացված իրականություն ստեղծելու հնարավորություն:

Հայաստանի ստարտափ ակադեմիան սկսում է ընդունելության երկրորդ շրջանը:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները