Ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները մասնակցել են Գերմանիայում անցկացվող սննդի եւ խմիչքների ցուցահանդեսին

Հայաստան
Ագրոբիզնեսի ոլորտի հայկական ՓՄՁ-ները մասնակցել են Գերմանիայում անցկացվող սննդի եւ խմիչքների ցուցահանդեսին

Ագրոբիզնեսի ոլորտի 15 հայկական ՓՄՁ-ներ մասնակցել են սննդի եւ խմիչքների ոլորտի աշխարհի առաջատար միջազգային ցուցահանդեսներից մեկին՝ Anuga 2025-ին, որը կայացել է ս․թ․ հոկտեմբերի 4-8-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում։

Սա հնարավոր դարձավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Anuga-ն համարվում է համաշխարհային հարթակ սննդի արդյունաբերության մասնագետների համար՝ ծանոթանալու նորագույն միտումներին, նորարարություններին եւ կայուն լուծումներին։

Հայկական ՓՄՁ-ները ցուցադրեցին տեղական արտադրության բազմազան ապրանքներ՝ չրեր, թեյեր, պահածոներ, սոուսներ, քաղցրավենիք, շոկոլադ եւ այլ արտադրանք։

«Այս ցուցահանդեսին մասնակցությամբ հայաստանյան ՓՄՁ-ները շարունակում են ամրապնդել իրենց ներկայությունը միջազգային շուկաներում, ստացել են արժեքավոր գիտելիքներ ԵՄ շուկայի պահանջների վերաբերյալ, խորացրել իրենց պատկերացումները շուկա մուտքի ռազմավարությունների շուրջ եւ ստեղծել նոր գործընկերային կապեր ու համագործակցության հնարավորություններ», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրությունում։

Ցուցահանդեսին մասնակցությունը բավականին հաջող էր․ «Դարման» օրգանական բուսական թեյեր արտադրող ընկերությունը կնքեց վաճառքի պայմանագիր անմիջապես հայկական տաղավարում, ինչի շնորհիվ հայկական բուսական թեյերը շուտով կներկայացվեն Փարիզի Lafayette Gourmet խանութում։ Սա կարեւոր քայլ է հայկական բնական արտադրանքի ճանաչելիությունը եվրոպական շուկայում ամրապնդելու ուղղությամբ։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները