Մոհամեդ Էս Ֆիհը աջակցում է հայաստանյան ընկերություններին էլեկտրոնային առևտրի միջոցով մուտք գործել արտահանման նոր շուկաներ։
Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածմամբ և ապա Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությամբ պայմանավորված տնտեսական մարտահրավերների հաղթահարման ուղին անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային առևտրի։ «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան արտադրողներին էլեկտրոնային առևտրի և այլ արդիական լուծումների միջոցով նպաստել տեղական արտադրանքի արտահանմանը։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում մի շարք շահառու կազմակերպություններ անհատական խորհրդատվություն ստանալու արդյունքում ձևավորել և զարգացրել են էլեկտրոնային առևտրի իրենց կարողությունները։ Այս գործում նրանց օգնել է Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետ դոկտոր Մոհամեդ Էս Ֆիհը, ով թվային ձեռներեցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձառություն ունի։
«Էլեկտրոնային առևտուրն անհրաժեշտություն է հատկապես ներկա պայմաններում, երբ իրական շփումը զգալիորեն նվազել է։ Այս գործում հաջողելու համար ընկերությունները պետք է լավ պատրաստված լինեն էլեկտրոնային վճարային ու լոգիստիկ ծառայությունների առումով։ Միջազգային վճարային համակարգերի մոտ 90%-ը հասանելի են դառնում՝ արտերկրում՝ օրինակ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում կամ Եվրոպական միությունում, ընկերություն գրանցելու միջոցով։ Հենց այս քայլին ենք դիմել ծրագրի շրջանակում՝ նպաստելով տեղական արտադրանքի արտահանմանը նոր շուկաներ»,- նշում է դոկտոր Էս Ֆիհը։
Փորձագետն ավելացնում է, որ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար որոշ դեպքերում որպես արդյունավետ սկզբնական քայլ կարող է լինել պատվերի ձևաթուղթ կամ սոցիալական մեդիա հարթակներում՝ օրինակ Facebook-ում, Instagram-ում կամ LinkedIn-ում, էջ ունենալը։ Գործում են նաև մի շարք անվճար կամ օգտագործման համար մատչելի լուծումներ WordPress, Shopify.com և WooCommerce գործիքների միջոցով կայք պատրաստելու համար։
«Ինչպես մեզ, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերությունների համար բավականին բարդ է որոնողական համակարգերի միջոցով միջազգային շուկաներում գտնել գնորդների։ «Պատրաստ առևտրի համար» ծրագրի շրջանակում Linkedin-ում նոր հաշիվ ենք բացել, որը հատուկ մեխանիզմի միջոցով ավտոմատ գտնելու ու կապ է հաստատելու ներմուծողների հետ՝ օրական 100-200 պոտենցիալ գործընկերոջ հետ։ Մոհամեդի խորհրդով որպես առաջնային շուկա ընտրել ենք Գերմանիան, քանի որ այն աշխարհում առաջատար է բնական հյութի սպառման ցուցանիշով։ Այնուհետև, մտադիր ենք ընդլայնել աշխարհագրությունը՝ փորձելով էլեկտրոնային առևտրի միջոցով մուտք գործել նաև նոր շուկաներ»,- նշում է Սիս Նատուրալ ընկերության նոր շուկաների զարգացման ղեկավար Դավիթ Հակոբյանը։
«Ճիշտ է, բոլորիս համար բարդ ժամանակներ են, բայց հուսահատվել պետք չէ։ Միակ բանը, որ հիմա պետք է անել տասնապատիկ ավելի շատ աշխատելն է։ Ճգնաժամն ավելի դիմակայուն է դարձնում ընկերություններին՝ նպաստելով նրանց արտադրման ու արտահանման կարողությունների զարգացմանը», - ավելացնում է Դավիթը։
Դոկտոր Էս Ֆիհը նշում է, որ արդյունավետ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար առանցքային է համապատասխանեցումը արտահանման շուկայի լոգիստիկ պահանջների ու Ինկոտերմսի բոլոր պայմանների հետ, ինչպես նաև նույնիսկ փոքր ծավալների համար մանրածախ արժեքի ներկայացումը, ինչը թույլ կտա ընկերություններին ավելի գրագետ բանակցել գնորդների հետ։ Փորձագետը խորհուրդ է տալիս նաև պատշաճ կերպով կազմակերպել ապրանքի նույնականացումը՝ բարկոդի ու պիտակավորման պահանջներին համապատասխան, ինչպես նաև նախապես մշակված պլան ունենալ ապրանքի վերադարձի դեպքում։ Վերջինս հատկապես կարևոր է փոքր բիզնեսների համար, որոնք փոքր ծավալներ են արտահանում։
Դոկտոր Էս Ֆիհը Հայաստանում էլեկտրոնյաին առևտրի զարգացման համար ընկերություններին խորհուրդ է տալիս համատեղել ջանքերն ու համագործակցության հարթակ ստեղծել միասին նույն ուղղությամբ շուկաներ արտահանելու դեպքում, ինչը կօգնի կրճատել լոգիստիկ ծախսերը։
Արդյունավետ էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար առանցքային են հաստատակամությունը, համագործակցությունը և պատրաստակամությունը նոր լուծումներ ներդնելու գործում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Առևտրի միջազգային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության
տեսակետները: