Հագուստի եւ նորաձեւության ոլորտի 18 հայկական ՓՄՁ-ներ հունվարի 18-ից 21-ը ԵՄ աջակցությամբ ճանաչողական այց են ունեցել Փարիզ: Ուղեւորությունը համընկավ «Who’s Next» եւ «Salon International de la Lingerie» նորաձեւության միջազգային ցուցահանդեսների հետ:
Այս ճանաչողական այցը հագուստի եւ նորաձեւության ոլորտի ՓՄՁ-ներին հնարավորություն ընձեռեց ձեռք բերել արժեքավոր պատկերացումներ եվրոպական շուկայի միտումների, որակի չափանիշների եւ նորաձեւության կայուն պրակտիկաների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք կկարողանան ձեւավորել նշանակալից գլոբալ գործընկերություններ եւ ընդլայնել իրենց ներկայությունը ԵՄ շուկայում։
«Who’s Next»-ը աշխարհի խոշորագույն նորաձեւության ցուցահադեսներից մեկն է, որը հյուրընկալում է ավելի քան 50,000 այցելու եւ ավելի քան 1,500 ապրանքանիշ ավելի քան 100 երկրներից: Այս միջոցառումը հիմք է ստեղծում՝ բացահայտելու եւ սահմանելու նորաձեւության վերջին միտումները: Զուգահեռաբար Փարիզի Պորտ դւ Վերսալ ցուցահանդեսային կենտրոնում ընթացող «Salon International de la Lingerie»-ը ներքնազգեստի, տնային հագուստի եւ լողազգեստի առաջատար համաշխարհային ցուցահադեսն է:
Ճանաչողական այցը կազմակերպվել էր «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեքային շղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից եւ իրականացվում է Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Միջոցառմանն աջակցում է նաեւ «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հայաստանում» (PSDTVET) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից եւ իրականացվում է GIZ-ի կողմից: