Միջազգային Առեւտրի Կենտրոնը (ITC)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կայուն հագուստի եւ ագրոբիզնեսի արժեքային շղթաների կառուցում» ծրագրի շրջանակում եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության սերտ համագործակցությամբ, այս սեպտեմբերին աջակցում է հայկական ընկերություններին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը Եվրոպայի երկու խոշորագույն նորաձեւության ցուցահանդեսներում։
Առաջին անգամ հայկական հինգ բրենդ հանդես կգան Եվրոպայի խոշորագույն նորաձեւության ցուցահանդեսներից մեկում՝ Who’s Next Paris 2025-ում (սեպտեմբերի 6-8)՝ կապ հաստատելով ավելի քան 45,000 մասնակիցների հետ, որոնց թվում են առաջատար մանրածախ խանութներ, մուլտիբրենդային կենտրոններ եւ էլեկտրոնային առեւտրի հարթակներ։
Texworld Apparel Sourcing Paris 2025-ում (սեպտեմբերի 15-17) Հայաստանն իր նորամուտը կնշի ազգային տաղավարով, որտեղ կմասնակցեն 11 արտադրող ընկերություններ։ Այս հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցում են 1,260 ցուցադրողներ 32 երկրից, բացառիկ հնարավորություն կտա հայկական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային գնորդներին եւ բացահայտել նորարար նյութեր ու համաշխարհային միտումներ։
«Who’s Next»-ն աշխարհի խոշորագույն նորաձեւության ցուցահանդեսներից մեկն է, որը ներգրավում է ավելի քան 50,000 այցելուի եւ ավելի քան 100 երկրներից 1500-ից ավելի բրենդերի: Այս միջոցառումը նորաձեւության վերջին միտումների բացահայտման եւ սահմանման հարթակ է: Զուգահեռաբար Փարիզի Պորտ դե Վերսալ ցուցասրահում անցկացվող Salon International de la Lingerie-ն ներքնազգեստի, տնային հագուստի եւ լողազգեստի առաջատար համաշխարհային միջոցառումն է:
«Texworld Apparel Sourcing Paris»-ը տարին երկու անգամ Փարիզում անցկացվող խոշոր միջոցառում է, որը միավորում է նորաձեւության ոլորտի ավելի քան հազար մասնակիցների: Այն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պրոֆեսիոնալ գնորդներին առաջարկում է լայն տեսականիով ապրանքների մատակարարման հարթակ՝ սկսած հիմնականից մինչեւ ամենաստեղծարարն ու որակյալը: