GLS բանկը իր երկրորդ ներդրումն է կատարել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (ՀԵԵՀ): Բանկը ՀԵԵՀ-ի 27,9 միլիոն եվրո արժողությամբ արժեթղթերի գնման միջոցով շարունակում է միավորել ուժերը ՀԵԵՀ-ի հետ՝ միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիություն ապահովելու և Հարավարևելյան Եվրոպայում ու Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններին աջակցելու համար, որտեղ այն գործում է EU4Business նախաձեռնության շրջանակներում:
Որպես Գերմանիայի առաջին սոցիալական և էկոլոգիական բանկ՝ GLS բանկն ավելի քան քառասուն տարիների ընթացքում հետամուտ է եղել դրական սոցիալական ազդեցություն գործելու իր նպատակին: 2015 թվին ՀԵԵՀ-ում կատարված իր առաջին բարեհաջող ներդրումից հետո այս նոր հատկացումը կրկին կտրամադրվի բանկի համապատասխան ներդրող հաճախորդներին՝ նրանց արդյունավետ կերպով հնարավորություն տալով մասնակցելու հիմնադրամի՝ նպատակային տարածաշրջաններում տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու առաքելությանը:
ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «GLS բանկը արժեքավոր գործընկեր է, որի առաքելությունը մեծապես համապատասխանում է մեր նպատակներին՝ ապահովել, որ թերսպասարկվող տարածաշրջաններում գործող փոքր բիզնեսների սեփականատերերը ձեռք բերեն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, իսկ մասնավոր տնային տնտեսություններին հասանելի լինի կայուն ֆինանսավորում: Մենք ուրախ ենք հայտարարելու մեր արդյունավետ համագործակցության շարունակության մասին»:
GLS բանկի խոսնակ Քրիստոֆ Լյութցելը նշել է. «Մեր գործընկերությունը շատ արդյունավետ է եղել: Մեզ գոհացնում է այն փաստը, որ կարող ենք շարունակել մեր ներդրողներին առաջարկել կայուն ֆինանսական արտադրանք, որի նպատակն է բարելավել ֆինանսական ծառայությունների հասանելիությունը Հարավարևելյան Եվրոպայում ու Եվրոպական արևելյան հարևանության տարածաշրջանում: Հիմնադրամն ունի այնպիսի արժեքներ, որոնք բարձր են գնահատվում մեր ներդրողների կողմից, ինչպես նաև հաշվի են առնում ներդրողների ռիսկերի կառուցվածքը»:
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հիմնվել է Գերմանական զարգացման բանկի (ԳԶԲ, KfW) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Արևելյան գործընկերության տարածաշրջանում գործելով EU4Business նախաձեռնության շրջանակներում՝ այն նպատակ է հետապնդում նպաստելու տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը Ադրբեջանում, Ալբանիայում, Բելառուսում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Բուլղարիայում, Թուրքիայում, Խորվաթիայում, Կոսովոյում, Հայաստանում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունում, Ռումինիայում, Սերբիայում, Վրաստանում և Ուկրաինայում:
Քանի որ ֆինանսական միջոցների հասանելիությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման հաջողության հիմնական գործոնն է, ՀԵԵՀ-ն իր աջակցությունը կենտրոնացնում է տեղական ֆինանսական հատվածների վրա՝ ամրապնդելով համապատասխան և կայուն ֆինանսավորում ապահովելու նրանց կարողությունները: Այն ֆինանսավորումը, որը ՀԵԵՀ-ն տրամադրում է որպես երկարաժամկետ ֆինանսավորում, տեղական գործընկեր վարկային հաստատությունների միջոցով ուղղվում է վարկային հաճախորդներին՝ հիմնականում միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-ներին), ինչպես նաև մասնավոր տնային տնտեսություններին: ՀԵԵՀ-ի ներդրումային գործունեությանն աջակցում է ՀԵԵՀ-ի Զարգացման գործիքը, որը գործընկեր վարկային հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, խորհրդատվական և վերապատրաստման ծառայություններ՝ գործառնական կարողությունների և մասնագիտական կառավարման զարգացման համար:
Իր EU4Business նախաձեռնության շրջանակներում ԵՄ-ն աջակցություն է տրամադրում Արևելյան գործընկեր երկրների մասնավոր հատվածին՝ ջանալով ստեղծել ավելի բարենպաստ գործարար միջավայր՝ տրամադրելով ձեռնարկատիրության մասին մասնագիտական խորհրդատվություն և բարելավելով ֆինանսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար: Նախաձեռնությունը նպատակ ունի բացահայտելու տարածաշրջանի ՓՄՁ-ների հսկայական ներուժը՝ դրանով նպաստելով տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: