Սևանում նորարարական բիզնես միջավայրի ստեղծում ԵՄ-ի աջակցությամբ

Հայաստան
Սևանում նորարարական բիզնես միջավայրի ստեղծում ԵՄ-ի աջակցությամբ

Հայաստանի Սևան քաղաքը դրամաշնորհ է ստացել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) ծրագրից՝ առաջիկա երկու տարիների ընթացքում բիզնեսի զարգացման և նորարարության ՓՄՁ հարթակ իրագործելու համար:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը ԵՄ-ի M4EG նախաձեռնությանը միացել է 2017 թվին: «EU4Sevan. ՓՄՁ հարթակ բիզնեսի զարգացման և նորարարության համար» պիլոտային ծրագիրը կիրականացվի 2018-2020 թթ. (24 ամիս) և նպատակ ունի նախապայմաններ ստեղծելու քաղաքի բիզնես միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:

Մարտի 1-ին ծրագրի շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը:

 

Տարածաշրջանային զարգացում

Դեսպան Սվիտալսկին քաղաքապետին շնորհավորեց հաղթող առաջարկ ներկայացնելու կապակցությամբ. «Եվրոպական միության համար գերակա նպատակ է Հայաստանում տնտեսական զարգացման խթանումը, և շատ կարևոր է այդ զարգացումն սկսել մարզերից: Ցանկացած երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված է շրջանների համաչափ զարգացմամբ»:

Նա ավելացրեց, որ ՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչ ուժն են, և նշեց, որ ԵՄ-ի ՓՄՁ-ներն ապահովում են ԵՄ երկրների ՀՆԱ-ի 70-80%-ը: «Ըստ առկա տվյալների՝ Հայաստանում այդ ցուցանիշը շատ ցածր է և կազմում է մոտ 30%: Ուստի ցանկացած նախաձեռնություն, որն աջակցում է ՓՄՁ-ներին, մասնավորապես՝ երիտասարդ ձեռնարկատերերին, շատ կարևոր գործոն է մարզերի զարգացման համար: Սկսնակ գործարարները և ՓՄՁ-ները կարող են ապավինել ԵՄ-ի աջակցությանը», - ասաց դեսպանը:

Ծրագիրը կիրականացվի Սևանի քաղաքապետարանի և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի կողմից: Այն ունի 538000 եվրո ընդհանուր բյուջե, որի 90%-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

Նորարարական բիզնես կենտրոն

Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում կհիմնադրվի նորարարական բիզնես կենտրոն, որը հանգույց կհանդիսանա և ֆիզիկական ենթակառուցվածքներ կտրամադրի մարզի ՓՄՁ-ներին, օրինակ՝ 15 համատեղ աշխատանքային տարածքներ, որտեղ ձեռնարկատերերը կարող են իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում օգտվել ծառայություններից, գրասենյակային գույքից ու տեխնիկայից: Սևանում առաջին անգամ կկառուցվի նաև համաժողովների դահլիճ և աշխատանքային հանդիպումների սենյակ գործարարների համար: Ծրագիրը նաև կօգնի գործարար կապեր հաստատել և կտրամադրի խորհրդատվական ու տեխնիկական աջակցություն:

Գործարար աջակցությանը զուգահեռ՝ ծրագիրը նաև վերապատրաստման դասընթացներ և օժանդակություն կտրամադրի աշխատանք որոնողներին, հատկապես երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Վերապատրաստման արդյունքում նրանք կկարողանան աշխատանք ստանալ ծրագրի շահառու ՓՄՁ-ներում՝ որպես որակավորված մասնագետներ:

EU4Business-ի առաջնայնություն

ՓՄՁ-ների տարածաշրջանային զարգացման խթանումը Հայաստանում EU4Business նախաձեռնության առաջնահերթություններից մեկն է, որը ներառում է այդ նպատակին ուղղված երկու ծրագիր.

  • «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում». այս ծրագիրն ուղղված է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանմանը և ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում աշխատատեղերի ստեղծմանը՝ կենտրոնանալով սննդի վերամշակման և զբոսաշրջության ոլորտների վրա: 

«Տեխնոլոգիական զարգացման խթանում Շիրակի մարզում». այս ծրագիրն աջակցում է Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը՝ ուսուցման և ֆինանսական օգնության միջոցով երիտասարդ գործազուրկ անձանց հմտությունները և ՏՏ համայնքի գործարար զարգացումը խթանելով: 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները