Արևելյան գործընկերություն. ԵՄ-ն և հարևան երկրները խթանում են թվային տնտեսության հարցերով համագործակցությունը

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Արևելյան գործընկերություն. ԵՄ-ն և հարևան երկրները խթանում են թվային տնտեսության հարցերով համագործակցությունը

ԵՄ-ն և Արևելյան գործընկերության վեց երկրները համաձայնության են եկել թվային տնտեսության հարցերով իրենց համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ՝ ընդունելով ռոումինգի սակագների նվազեցման, կիբեռանվտանգությանը սպառնացող վտանգների դեմ համակարգված պայքարի և տնտեսության թվային ճյուղերում ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու նպատակով էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման «ճանապարհային քարտեզ»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որտեղ հունիսի 21-22-ին մասնակցում էր Արևելյան գործընկերության 10-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը, ասել էր. «ԵՄ-ն շարունակելու է իր Արևելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը թվային ոլորտում՝ ի շահ տարածաշրջանի քաղաքացիների: Առաջնահերթություններից մեկը բարձր արագության լայնաշերտ ինտերնետի խթանումն է տնտեսությունները զարգացնելու և էլեկտրոնային ծառայություններն ընդլայնելու, տնտեսության թվային ճյուղերում ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու, Արևելյան գործընկեր երկրներում ռոումինգի սակագները նվազեցնելու և կիբեռհանցագործությունների ու կիբեռանվտանգության հարցերը լուծելու նպատակով: Մենք կենտրոնանում ենք կոնկրետ արդյունքներ ապահովելու վրա՝ մինչև 2020 թվականը համագործակցության հստակ ծրագրով»:

Թվային տնտեսության և հասարակության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը նշել էր. «Ներկայիս Գործընկերության ոչ պաշտոնական երկխոսությունն ապացուցում է, որ մենք դեպի միասնական եվրոպական թվային ապագա տանող ճիշտ ուղու վրա ենք: Մենք ջերմորեն ողջունում ենք մեր Արևելյան գործընկերների՝ մինչև 2020 թվականը թիրախային արդյունքներին հասնելու և այդպիսով ավելի ուժեղ թվային տնտեսության կառուցմանն աջակցելու հանձնառությունը՝ ուղղակի օգուտներ ապահովելով քաղաքացիների և թվային վերափոխման հաջողության համար: Բարելավված լայնաշերտ կապ, ռոումինգի սակագների նվազեցմանն ուղղված ճանապարհային քարտեզ և համագործակցություն կիբեռանվտանգության հարցերում. սրանք ընդամենը առաջին մի քանի քայլերն են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև երկարատև թվային համագործակցության ոլորտում»:

Գործընկերության 10-րդ ոչ պաշտոնական երկխոսությունը, որը կազմակերպվեց Արևելյան գործընկերության շրջանակներում, և որին մասնակցեցին Եվրամիությունը և վեց երկրները՝ ՀայաստանըԱդրբեջանըԲելառուսըՎրաստանըՄոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան, անցկացվեց Բելառուսի Հանրապետությունում:

Սեմինարների ընթացքում ներկայացվեցին թվային տնտեսության և արտաքին գործերի վերաբերյալ հարցեր: Ընդհանուր առմամբ, սահմանվեց երեք հիմնական նպատակ՝

1. ռոումինգի սակագների նվազեցման վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» ընդունելու անհրաժեշտություն.

2. համակարգված պայքար կիբեռանվտանգությանը սպառնացող վտանգների դեմ.

3. գործարար շահագրգիռ կողմերի և քաղաքացիների համար թվային տնտեսության և հասարակության ներուժի ուսումնասիրություն:

Վերջին հարցով Հանձնակատար Հանը, Արտաքին գործերի եվրոպական ծառայության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը և Արևելյան գործընկերության վեց երկրների արտաքին գործերի նախարարներն արտահայտել են չորս գերակա ոլորտներում «20 թիրախային արդյունք մինչև 2020 թ․» փաստաթղթի վրա հիմնված հստակ տեսլականը՝ 1. Ավելի հզոր տնտեսություն. 2. Ավելի լավ կառավարում. 3. Ավելի սերտ փոխկապակցվածություն. 4. Ավելի ուժեղ հասարակություն: Կոնկրետ նպատակները ներառում են հիմնական TEN-T ցանցի ընդլայնումը դեպի գործընկեր երկրներ, էներգարդյունավետության բարձրացումը, ՓՄՁ-ների համար տեղական արժույթով վարկավորման դյուրացումը և երիտասարդությանը տրամադրվող աջակցությունը:

Արևելյան գործընկերության շրջանակներում ոչ պաշտոնական երկխոսություններն անցկացվում են տարեկան մեկ անգամ՝ ըստ հերթականության հյուրընկալվելով Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրում: Դրանք ստեղծում են գործընկեր երկրների և ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև արտաքին քաղաքականության ու ոլորտային համագործակցության հարցերի շուրջ կարծիքների բաց և ազատ փոխանակման հնարավորություն:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները