Արևելյան գործընկերության գագաթաժողով. ապագա համագործակցություն իրական շահերի համար

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
Արևելյան գործընկերության գագաթաժողով. ապագա համագործակցություն իրական շահերի համար

Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերի 24-ին՝ ուրբաթ օրը, և կհամախմբի ԵՄ անդամ պետությունների և Արևելյան վեց գործընկեր երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներին: Քննարկման ենթակա առաջնահերթ ոլորտներից են տնտեսական զարգացումը և ավելի բարենպաստ շուկայական հնարավորությունները:

Ղեկավարները կքննարկեն հետագա համագործակցության ուղիները, ինչպես նաև կարձանագրեն 2015 թվականին Ռիգայում կայացած վերջին գագաթաժողովից հետո ձեռք բերված արդյունքները՝ ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության վեց երկրների քաղաքացիներին տրամադրված շոշափելի օգուտների վրա:

Գագաթաժողովի ընթացքում կքննարկվեն Ռիգայում համաձայնեցված չորս գերակա ոլորտներում համագործակցությունն առավել ամրապնդելու ուղիները.

  • ավելի հզոր տնտեսություն՝ տնտեսական զարգացում և ավելի բարենպաստ շուկայական հնարավորություններ
  • ավելի լավ կառավարում՝ հաստատությունների և արդյունավետ կառավարման ամրապնդում
  • ավելի սերտ փոխկապակցվածություն՝ փոխադարձ կապերի ընդլայնում, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգիայի ոլորտներում
  • ավելի հզոր հասարակություն՝ շարժունակության և մարդկանց միջև շփումների ընդլայնում

ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն. հիմնական գերակայությունների և թիրախային արդյունքների շեշտադրում» վերնագրով աշխատանքային փաստաթղթում առանձնացրել է նշված չորս ոլորտներում 2020 թվականի համար նախատեսվող 20 թիրախային արդյունք: Զեկույցը առաջին անգամ ներկայացվել է 2016 թ. դեկտեմբերին և վերանայվել 2017 թ. հունիսին:

«20 թիրախային արդյունք մինչև 2020 թ.» զեկույցի համաձայն` ԵՄ-ն պարտավորվում է քայլեր ձեռնարկել տնտեսական զարգացման և շուկայական հնարավորությունների ուղղությամբ՝ գործընկեր երկրներին աջակցելով հետևյալ ոլորտներում.

  • բազմազան և կենսունակ տնտեսությունների ստեղծում՝ նոր ոլորտներում աշխատատեղերի ստեղծման, ներդրումների գրավման և աշխատունակության խթանման համար.

  • մակրոտնտեսական կայունություն.

  • տնտեսական անցումային գործընթացի խթանում՝ նպատակ ունենալով ստեղծելու գրավիչ միջավայր, ներդրումների և բիզնեսի համար խաղի հավասար պայմաններ, ինչպես նաև բարելավելու գործընկեր երկրների՝ ԵՄ-ի և միմյանց հետ առևտրային հնարավորություններից օգտվելու կարողությունները:

Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով խթանելու քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի վեց գործընկեր երկրների միջև՝ Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի: 

ԵՄ-ն EU4Business նախաձեռնության շրջանակներում աջակցություն է տրամադրում Արևելյան գործընկեր երկրների մասնավոր հատվածին՝ ջանալով ստեղծել ավելի բարենպաստ գործարար միջավայր՝ միաժամանակ տրամադրելով ձեռնարկատիրության մասին մասնագիտական խորհրդատվություն և բարելավելով ֆինանսների հասանելիությունը ՓՄՁ-ների համար: Նախաձեռնության նպատակն է բացահայտել տարածաշրջանի ՓՄՁ-ների հսկայական ներուժը՝ դրանով նպաստելով տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները