ՎԶԵԲ-ը եւ Արդշինբանկը նոր միջոցներ կտրամադրեն ՀՀ ընկերություններին՝ ԵՄ մասնակի աջակցությամբ

Հայաստան
ՎԶԵԲ-ը եւ Արդշինբանկը նոր միջոցներ կտրամադրեն ՀՀ ընկերություններին՝ ԵՄ մասնակի աջակցությամբ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի մասնավոր հատվածի վերավարկավորման ծրագրի շրջանակում Արդշինբանկին տրամադրել է 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում:

Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի Հայաստանի ընկերություններին` նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների եւ ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:

Ֆինանսավորումը կօգնի վարկառուներին բարձրացնել իրենց մրցունակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, եւ դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները: Այս ամենին զուգահեռ տրամադրված միջոցները կաջակցեն աշխատանքի պահպանության եւ անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր գործելակերպի եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետության ներդրմանը: Վարկի ոչ պակաս քան 70%-ը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ֆինանսավորմանը:

Վարկառուները կստանան անվճար օգնություն միջազգային խորհրդատուների կողմից եւ իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cash-back) արտոնություններից: Երկու վարկերն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում եւ նպաստում են Արեւելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական եւ ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցությունը Հայաստանում 30,000 ՓՄՁ-ներին։

Տվյալ ֆինանսավորումը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ-ի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ՎԶԵԲ-ը գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ֆինանսավորում է տրամադրում ՄՓՄՁ-ներին, մինչդեռ ԵՄ-ն լրացնում է՝ խրախուսական դրամաշնորհների եւ տեխնիկական աջակցության տեսքով։ Այս ծրագիրը հասանելի է նաեւ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները