Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) համատեղ 10 միլիոն ԱՄՆ դոլարի (9.3 միլիոն եվրո) վարկ են տրամադրել «Ինեկոբանկին»՝ կորպորատիվ ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) կանաչ ներդրումները վարկավորելու համար։
Նշված գումարից ՎԶԵԲ-ը կտրամադրի 7,5 մլն ԱՄՆ դոլարը (7,0 մլն եվրո), իսկ GCF-ն՝ 2,5 մլն ԱՄՆ դոլարը (2,3 մլն եվրո):
Միջոցները տրամադրվում են ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ՝ GEFF) շրջանակներում, որը նախատեսված է կանաչ անցման փուլում գտնվող ձեռնարկություններին աջակցելու եւ կլիմայի հարմարման եւ մեղմման տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար: Նշված տեխնոլոգիաները նաեւ օգնում են բիզնեսին բարձրացնել իրենց արտադրողականությունը եւ նվազեցնել ծախսերը:
Ներդրումների հնարավոր ուղղությունները ներառում են այն տեխնոլոգիաները, որոնք խթանում են էներգիայի եւ ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արեւային վահանակները, երկրաջերմային ջերմային պոմպերը, էլեկտրական մեքենաները, էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները եւ ջրի արդյունավետ ոռոգման համակարգերը: Հայաստանում առկա կանաչ տեխնոլոգիաները թվարկված են GEFF-ի Կանաչ տեխնոլոգիաների ցանկում։
«Ինեկոբանկը» Հայաստանի առաջատար բանկերից մեկն է եւ ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերը: 1992 թվականից Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը 2 միլիարդ եվրո է ներդրել երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտների 210 նախագծերում, որի 92 տոկոսը՝ մասնավոր հատվածում: