
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է իր ռիսկերի բաշխման շրջանակի (RSF) միջոցով Հայաստանում տեղական բիզնեսի ընդլայնմանն աջակցելու մասին։
Երեւանում ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի ժամանակ Բանկը համաձայնել է կիսել հայկական բանկերի կողմից տրամադրված երկու վարկերի ռիսկի կեսը։ Սա ֆինանսավորման եւ աճի նոր հնարավորություններ կբացի տեղական ընկերությունների համար եւ կխթանի տեղական գործընկեր բանկերի վարկավորման կարողությունները:
ՎԶԵԲ-ը կկիսի Ինեկոբանկի կողմից ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին տրամադրվող 15.7 մլն ԱՄՆ դոլարի վարկի հետ կապված ռիսկը։ Այս միջոցները կաջակցեն ԹՈՒՄՈ-ի նոր կենտրոնի ստեղծմանը, որը խթանում է Հայաստանում նորարարությունն ու տնտեսական աճը: Եվրոպական միությունն, իր հերթին, 12.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի ծրագրի ընդհանուր բյուջեին:
ՎԶԵԲ-ը կկիսի նաեւ Ինեկոբանկի կողմից Հայաստանում առաջատար ազգային սննդի ցանցին՝ «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին տրամադրվող 1.2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի հետ կապված ռիսկը։ Վարկը կօգնի ընկերությանը մշակել եւ իրականացնել իր նոր մարքեթինգային ռազմավարությունը եւ վերանորոգել իր 28 կետերը: