
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է Հայաստանի համար 2025-30 թթ․ ներդրումային ռազմավարությունը։
Ռազմավարությունը ունի երկու հիմնական առաջնահերթություն։
Առաջին առաջնահերթությունը մասնավոր հատվածի մրցունակության եւ ներառականության ամրապնդումն է՝ ֆինանսական միջնորդության կատարելագործման, փոքր եւ միջին ձեռնարկություններին նպատակային աջակցության, փախստականներին ու նրանց ընդունող համայնքներին օժանդակելու եւ առեւտրի դիվերսիֆիկացման խթանման միջոցով։
Երկրորդ առաջնահերթությունը կայուն ենթակառուցվածքների զարգացումն է՝ նպաստելով Հայաստանի անցմանը կանաչ տնտեսության։ Սա ենթադրում է էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորում, «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության ընդլայնում, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի եւ էներգետիկ անվտանգության ամրապնդում։
Լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն՝ աջակցելու Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողություններին եւ ցածր ածխածնային զարգացման ռազմավարություններին։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը զգալի աճ է արձանագրել՝ չնայած բազմաթիվ տնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Բանկի նոր ռազմավարությունն ուղղված է այս դինամիկան շարունակելուն՝ միեւնույն ժամանակ լուծելով առկա խնդիրները, ինչպիսիք են տնտեսության ցածր դիվերսիֆիկացիան եւ միջազգային շուկաներին սահմանափակ հասանելիությունը», – ասվում է ՎԶԵԲ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում։
Բանկը Հայաստանի համար նախորդ՝ 2019-2024 թթ. ռազմավարության շրջանակում երկրում ներդրել է մոտ 1 միլիարդ եվրո՝ նպաստելով զգալի տնտեսական առաջընթացին։ Միայն 2024 թվականին ՎԶԵԲ-ը երկրում ներդրել է ռեկորդային 396 միլիոն եվրո՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մասնավոր հատվածի զարգացմանը եւ ենթակառուցվածքներին աջակցությանը՝ Հայաստանի առեւտրային հնարավորությունները խթանելու նպատակով։
Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում՝ 224 ծրագրերի շրջանակներում կատարել է 2․6 միլիարդ եվրոյի ներդրում, որի 84 տոկոսը՝ մասնավոր հատվածում։
Իմացիր ավելին