
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ընդլայնում է Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) իր աջակցությունը՝ նոր ֆինանսավորում տրամադրելով Հայէկոնոմբանկին:
ՎԶԵԲ-ի մինչեւ 9,2 միլիոն եվրոյի վարկը կտրամադրվի հայկական դրամով ՎԶԵԲ-ի «Տեղական արժույթով ՓՄՁ-ների վարկավորման» ծրագրի շրջանակում եւ կապահովվի նույն ծրագրի կողմից ֆինանսավորվող առաջին վնասի ռիսկի 12,5 տոկոսի չափով փոխհատուցման համաձայնագրով:
Վարկի մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2024 տարեկան հանդիպմանը, որն այս տարի տեղի ունեցավ մայիսի 15-16-ին՝ Երեւանում։
ՎԶԵԲ-ի ֆինանսավորումը կօժանդակի Հայէկոնոմբանկի աճի ռազմավարությանը` դիվերսիֆիկացնելու եւ ընդլայնելու իր ծառայությունները ՓՄՁ հատվածում` կենտրոնանալով մարզային հաճախորդների վրա: Վարկը կամրապնդի Հայէկոնոմբանկի ֆինանսավորման բազան եւ բանկին հնարավորություն կտա բավարարել ՓՄՁ-ների համար տեղական արժույթով երկարաժամկետ ֆինանսավորման աճող պահանջարկը:
Բացի այդ, ծրագիրը նախատեսում է խթանել տնտեսական ներառականությանը՝ նպատակ ունենալով վարկային միջոցների 50 տոկոսը հատկացնել կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների վարկավորմանը: