ՀԵԵՀ-ը և Ինեկոբանկը մեկտեղում են ուժերը` սատարելու առանցքային ոլորտներում գործող ԳՓՄՁ-ներին

Հայաստան
ՀԵԵՀ-ը և Ինեկոբանկը մեկտեղում են ուժերը` սատարելու առանցքային ոլորտներում գործող ԳՓՄՁ-ներին

10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումն արվել է ՀԵԵՀ-ի` ճգնաժամերին արձագանման փաթեթի շրջանակներում` ֆինանսավորելու առանցքային ոլորտներում գործող ԳՓՄՁ-ներին:

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) գործընկերություն է հաստատել հայաստանյան Ինեկոբանկի հետ` տրամադրելով 10 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա ֆինանսավորում: Այս ֆինանսավորումը կսատարի առանցքային, օրինակ` գյուղատնտեսության, արտադրության և տրանսպորտի ոլորտներում գործող գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություններին (ԳՓՄՁ-ներին): Ակնկալվում է, որ այս ֆինանսավորմամբ ԳՄՓՁ-ներին 1200 ենթավարկեր կտրամադրվեն և կստեղծվի ավելի, քան 4000 աշխատատեղ:

Ֆինանսավորման այս գործիքը նշանավորում է ճգնաժամերին արձագանքման փաթեթից առաջին ներդրումը և ՀԵԵՀ-ի ընդհանուր ծրագրի էական մասն է, որն ուղղված է ռուս-ուկրաինական պատերազմի և դրան առնչվող պատժամիջոցների պատճառով ի հայտ եկած տնտեսական, սոցիալական և անվտանգային մարտահրավերներից ազդակիր ԳՓՄՁ-ներին:

Շարունակվող գնաճի և էներգիայի գների բարձրացման պատճառով աճում են ԳՓՄՁ-ների գործառնական ծախսերը, սպառվում են իրացվելիության բուֆերային միջոցները: Ներդրման նպատակն է կենսականորեն կարևոր ոլորտներում գործող ԳՓՄՁ-ներին շարունակական հասանելիություն տրամադրել ֆինանսավորման միջոցների` ապահովելով անհրաժեշտ մուտքային ռեսուրսները, հումքը, ծառայությունները, գույքն ու սարքավորումները, պաշարները, ինչպես նաև օգնել նրանց մեղմել մատակարարման շղթայի խաթարումները: Ավելի լայն տեսանկյունից այս ներդրումը կնպաստի ԿԶՆ 8-ի (տնտեսական աճ) և ԿԶՆ 9-ի (արդյունաբերական նորարարություն և ենթակառուցվածք) ձեռքբերմանը:

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Կլաուս Մյուլլերն ասում է. «Ավելի, քան երբևէ, ՀԵԵՀ-ն հանձնառու է սատարել ԳՓՄՁ-ներին և խթանել տնտեսական զարգացումը, ինչն անհրաժեշտ է նրանց` այս դժվար հանգամանքներում հաջողելու համար: Մենք համոզված ենք, որ այս ներդրումը հնարավորություն կտա Ինեկոբանկին` ՀԵԵՀ-ի երկարամյա գործընկերոջը` խիստ անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրել իր ԳՓՄՁ հաճախորդներին այս ճգնաժամային իրավիճակում»:

Ինեկոբանկի գլխավոր գործադիր տնօրենը` Արեն Նալթակյանը, նկատում է. «Որպես ֆինանսական հաստատություն` մենք գնահատում ենք Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (ՀԵԵՀ) հետ մեր արժեքաստեղծ երկարաժամկետ գործընկերությունը: Ինեկոբանկը համագործակցում է ՀԵԵՀ-ի հետ 2012թ.-ից` ձգտելով հզորացնել Բանկի ֆինանսավորման բազան` գրավելով վարկային գործիքներ, Բանկին հնարավորություն տալով շարունակել երկրում գործող գերփոքր և փոքր բիզնեսներին ուղղված աջակցությունը: Մեր գործընկերությունը մեզ մեծ վստահություն է ներշնչում, իսկ դրա շնորհիվ ստացված հսկայական աջակցությունը շատ ոգևորիչ է»:

ՀԵԵՀ-ի մասին

Ազդեցության միտված ներդրումային հիմնադրամը` Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ), ստեղծվել է 2005թ. և նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը Հարավարևելյան Եվրոպայում և Արևելյան հարևանության տարածաշրջանում` ներդրումներ կատարելով գերփոքր և փոքր ձեռնարկությունների հաջողության, ինչպես նաև մասնավոր տնային տնտեսությունների համար բարելավված կենսապայմաններ ստեղծող նախաձեռնություններում: Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունն առանցքային կարևորություն ունի այս հատվածի զարգացման համար, ՀԵԵՀ-ը կենտրոնանում է տեղական ֆինանսական ոլորտներին աջակցության վրա` ուժեղացնելու այս թիրախային խմբին պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու նրանց կարողությունը: Տեղական գործընկերների միջոցով ներդրումային իր գործունեությանը զուգահեռ` ՀԵԵՀ-ն բազմապատկում է իր ազդեցությունը ՀԵԵՀ-ի զարգացման գործիքի միջոցով, որը տեխնիկական օժանդակություն, ուսուցում և այլ, ոչ ֆինանսական օժանդակություն է տրամադրում ձեռներեցներին և հաստատություններին:

ՀԵԵՀ-ի հիմնադիրը Վերականգնման վարկերի բանկն է (KfW)` Գերմանիայի` Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ: Իր տեսակի մեջ առաջին հանրային-մասնավոր գործընկերությունը լինելով` ՀԵԵՀ-ը իր կապիտալ միջոցները ստանում է դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից:

Գերմանական Finance in Motion GmbH ընկերությունը ՀԵԵՀ-ին խորհրդատվություն է տրամադրում, իսկ լյուքսեմբուրգական Hauck & Aufhäuser Fund Services S.A. հանդես է գալիս որպես հիմնադրամի կառավարիչ:

  • Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս` http://www.efse.lu:
  • Finance in Motion ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս` www.finance-in-motion.com:
Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները