ՀԵԵՀ-ը ընդլայնում է տեղական արժույթով ֆինանսական միջոցների տրամադրումը ՄՓՁ-ներին

Հայաստան
ՀԵԵՀ-ը ընդլայնում է տեղական արժույթով ֆինանսական միջոցների տրամադրումը ՄՓՁ-ներին

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հայաստանյան գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրել է 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ տեղական արժույթով՝ ընդլայնելու ֆինանսական միջոցների հասանելիությունը միկրո ու փոքր ձեռնարկությունների (ՄՓՁ-ներ) համար՝ նպաստելով EU4Business նախաձեռնության հիմնական առաջնահերթությանը։ Ներդրումը հնարավորություն կընձեռի տեղական արժույթով ավելի քան 3000 նոր վարկ տրամադրել հայաստանյան ձեռնարկատերերին։

Լինելով Հայաստանում չորրորդ ամենամեծ բանկը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսական միջոցների գլխավոր տրամադրողը։ Բանկը ՀԵԵՀ-ի երկարաժամկետ ռազմավարական գործընկերն է, որը կիսում է հիմնադրամի հանձնառությունը՝ խթանել կայուն զարգացումը՝ ձեռնարկատերերին տրամադրելով ֆինանսական միջոցներ և գործիքներ, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ Ստանալով հատուկ ՄՓՁ-ների համար նախատեսված ֆինանսավորում ՀՀ դրամով՝ տեղական բիզնեսները կկարողանան ֆինանսավորել իրենց աճը և երկարաժամկետ զարգացումը` միևնույն ժամանակ պաշտպանված լինելով փոխարժեքի տատանումների ռիսկից․ վտանգ, որը ծանր հետևանքներ կարող է ունենալ փոքր ձեռնարկությունների կենսունակության վրա։

ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Թիսկենսը նշել է. «Մենք հպարտ ենք շարունակել այս հաջողված համագործակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ՝ գործընկեր, որը ցույց է տվել բարձր նվիրվածություն ՀԵԵՀ-ի թիրախային խումբ հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկություններին։ Բանկի գերազանց նոու-հաուն և հաստատուն ներկայությունը թերսպասարկվող տարածքներում հնարավորություն է տալիս նրան ոչ միայն նպաստել ՄՓՁ-ների ֆինանսական ներգրավվածությանը, այլև երկրի ընդհանուր ֆինանսական զարգացմանը»։

«Մենք ուրախ ենք ընդլայնելու ՀԵԵՀ-ի հետ մեր հաջողված համագործակցությունը»,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Տեղական արժույթով այս վարկը կօգնի բանկին ամրապնդել իր դիրքը Հայաստանի ֆինանսական համակարգում և կաջակցի ՄՓՄՁ-ների զարգացմանը, որոնք մեր տնտեսական աճի հիմանքարն են և որոնց համար տեղական արժույթով վարկերի հասանելիությունը սահմանափակ է»։

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ) հիմնվել է Գերմանական զարգացման բանկի (ԳԶԲ, KfW) կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ՝ EU4Business նախաձեռնության շրջանակներում։

ՀԵԵՀ-ի նպատակն է աջակցել տեղական ֆինանսական ոլորտներին՝ ամրապնդելու համապատասխան և կայուն ֆինանսավորում տրամադրելու իրենց կարողությունը։ ՀԵԵՀ-ը ֆինանսական միջոցներ է տրամադրում հիմնականում միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-ներ), բայց նաև անհատ տնտեսվարողներին՝ տնային տնտեսության բարեկարգման վարկերի տեսքով, ինչն ուղղորդվում է այս վարկային հաճախորդներին տեղական գործընկեր վարկատու հաստատությունների միջոցով։ 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները