Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ մասնաճյուղը՝ ԵՆԲ Գլոբալը, հայտարարել է հայաստանյան Էվոկաբանկին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ ընդլայնելու միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորումը երկրում:
ԵՆԲ-ի վարկային միջոցները Էվոկաբանկին հնարավորություն կտան ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը Հայաստանում` նպաստելով բիզնեսի գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր եւ իրացման նոր հնարավորություններ: Սա կխթանի ներառական տնտեսական աճը, քանի որ վարկային միջոցների 20% հատկացվելու է կանանց պատկանող ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ մոտավորապես 100 ՄՓՄՁ կօգտվի ծրագրից` ապահովելով մոտ 1,200 նոր աշխատատեղ:
Ֆինանսական միջոցները տրամադրվելու են տեղական արժույթով՝ ՀՀ դրամով, ՄՓՄՁ-ներին արտարժութային ռիսկերից զերծ պահելու համար: Եվրոպական միությունը (ԵՄ) դրամաշնորհի միջոցով օժանդակում է ֆինանսավորման ընդլայնմանը, ինչը թույլ կտա վարկերի համար մատչելի տոկոսադրույք սահմանել:
Դրամաշնորհը Հարավային Կովկասում EIB Global-ի նախաձեռնության մի մասն է, որը կխթանի մրցակցությունը բանկային հատվածում, կբարելավի փոքր բիզնեսին հասանելի ֆինանսական միջոցների որակը եւ ծավալները: Ծրագիրը նաեւ կնպաստի ԵՄ-ի նպատակների իրագործմանը` Արեւելյան գործընկերության Տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակներում օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում 30,000 ՄՓՄՁ-ների զարգացմանը: