Եվրոպական ներդրումային բանկի զարգացման թեւը՝ ԵՆԲ Գլոբալը, հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ ստորագրել է 100 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) եւ միջին կապիտալով ընկերությունների ֆինանսական հասանելիությունը մեծացնելու նպատակով։
Պայմանագիրը, որը ստորագրվել է Երեւանում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի եւ ԵՆԲ Գլոբալի բաժնի ղեկավար Մարիոն Հոենիկեի կողմից, իրականացվում է Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամի (EFSD+) աջակցության շրջանակում։
Միջոցները կուղղվեն ՀՀ Կենտրոնական բանկի միջոցով եւ կտրամադրվեն համապատասխան ընկերություններին՝ մասնակից առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով։
Կանխատեսվում է, որ Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը կաջակցի մոտ 500 ձեռնարկությունների եւ կպահպանի մոտ 14 հազար աշխատատեղ։ Ֆինանսավորման առնվազն 45%-ը կուղղվի Երեւանից դուրս գտնվող նախագծերի ֆինանսավորմանը, առնվազն 30%-ը՝ կանանց ձեռներեցության ֆինանսավորմանը, իսկ առնվազն 40%-ը՝ կանաչ նախագծերին։
Այս առիթով Եվրոպական հանձնաժողովի DG ENEST-ի Արեւելյան հարեւանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին նշել է․ «Հայաստանի ՄՓՄՁ-ների աջակցությունը մեկանգամյա նախաձեռնություն չէ․ այն հանդիսանում է ԵՄ Դիմակայունության եւ աճի նախագծի հիմնաքարերից մեկը՝ նպաստելով կառուցել ավելի ուժեղ, ավելի բազմազան եւ ապագային պատրաստ հայկական տնտեսություն, ինչն ի վերջո Հայաստանը ավելի է մոտեցնում Եվրոպական միությանը»։
ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով վերահսկում է Բանկի գործունեությունը Հայաստանում, հավելել է. «Այս գործարքը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ ապահովելով հուսալի ֆինանսավորում փոքր բիզնեսների համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին եւ կանաչ նախաձեռնություններին»։
Այս գործարքը հիմնվում է ՀՀ կենտրոնական բանկի միջոցով տրամադրված Եվրոպական ներդրումային բանկի նախորդ չորս վարկային գծերի վրա ՝ ընդհանուր 220 միլիոն եվրոյի չափով, որոնք ընդլայնել են հայաստանյան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունը եւ ամրապնդել տնտեսական դիմակայունությունը։