Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական միությունը հոկտեմբերի 16-ին հայտարարեցին Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) նոր ֆինանսավորման մասին, որը հասանելի կլինի «Ակբա Լիզինգ»-ի միջոցով:
ՎԶԵԲ-ի 5 միլիոն ԱՄՆ դոլարի (4.6 միլիոն եվրո) չափով նոր ֆինանսավորումը կհամալրվի մինչեւ 12,5 տոկոսի չափով Եվրոպական միության (ԵՄ) դրամաշնորհային նախաձեռնությունների եւ անվճար տեղական եւ միջազգային խորհրդակական ծառայությունների միջոցով, որոնք երկուսն էլ ֆինանսավորվում են «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում։
«Ակբա Լիզինգ»-ը այս նոր վարկային գիծը լիզինգով կտրամադրի հայկական ընկերություններին, որը նրանց թույլ կտա ներդրումներ կատարել ժամանակակից սարքավորումների եւ արտադրության արդիականացման ուղղությամբ, ինչպես նաեւ բարելավել արտադրանքի որակը եւ ուժեղացնել աշխատանքի պաշտպանության եւ անվտանգության տեխնիկայի միջոցառումները:
«Ակբա Լիզինգ»-ին տրամադրված վարկի առնվազն 70 տոկոսը կօգտագործվի կանաչ տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները ֆինանսավորելու համար՝ ընկերություններին օգնելու խթանել բնապահպանական պրակտիկան եւ բարելավել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
Լիզինգի հայաստանյան շուկայի առաջատար «Ակբա Լիզինգ»-ի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Ակբա բանկը, որը ՎԶԵԲ-ի վաղեմի գործընկերն է եւ կենտրոնանում է ՄՓՄՁ-ների եւ գյուղատնտեսության ոլորտների վրա։