ԵՄ-ն, ՎԶԵԲ-ը եւ հայաստանյան բանկը համատեղել են ջանքերը՝ նոր միջոցներ տրամադրելու հայկական ընկերություններին

Հայաստան
ԵՄ-ն, ՎԶԵԲ-ը եւ հայաստանյան բանկը համատեղել են ջանքերը՝ նոր միջոցներ տրամադրելու հայկական ընկերություններին

Հայաստանյան առաջատար բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) կստանա երկու հավասար վարկերից բաղկացած 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում՝ մասնավոր հատվածի վերավարկավորման նպատակով։

Այս գումարի կեսը վերավարկավորման տեսքով կտրամադրվի հայկական ընկերություններին` նրանց աճն ու զարգացումը խթանելու նպատակով, իսկ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող մյուս 10 միլիոն ԱՄՆ դոլարը կօժանդակի էկոլոգիապես մաքուր սարքավորումների եւ ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համար արտադրության արդիականացմանն ուղղված ներդրումներին:

Ֆինանսավորումը կօգնի վարկառուներին բարձրացնել մրցունակությունը եւ դիվեսիֆիկացնել արտահանման շուկաները: Այս ամենին զուգահեռ, տրամադրված միջոցները կաջակցեն աշխատանքի պահպանության եւ անվտանգության միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր գործելակերպի եւ ռեսուրսների օգտագործման արդյունավետության ներդրմանը: Վարկի ոչ պակաս քան 70%-ը կուղղվի «կանաչ» տեխնոլոգիաների ֆինանսավորմանը:

Վարկառուները կստանան նաեւ անվճար օգնություն միջազգային խորհրդատուներից եւ իրենց ներդրումային ծրագրերի ավարտից հետո կօգտվեն գումարի վերադարձի (cash-back) արտոնություններից: Երկու վարկերն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից նրա ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի շրջանակներում եւ նպաստում են Արեւելյան գործընկերության (ԱյԳ) տնտեսական եւ ներդրումային ծրագրի նպատակներին, որոնք ներառում են աջակցություն Հայաստանում 30,000 ՓՄՁ-ներին։

Այս ֆինանսավորումը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ-ի վարկային գիծ» համատեղ ծրագրի մի մասը, որի համար ԵՄ-ն տրամադրում է խրախուսական դրամաշնորհներ եւ տեխնիկական աջակցություն։ Այս ծրագիրը նաեւ հասանելի է Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։

Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է. «Սա ինչպես բիզնեսի, այնպես էլ շրջակա միջավայրի ապագային ուղղված ներդրում է: Եվրոպական միությունը հպարտ է աջակցելու այս նոր արտոնյալ վարկային գծին։ Սա եւս մեկ անգամ փաստում է Հայաստանի համար մեր տնտեսական եւ ներդրումային ծրագրի գործուն լինելը»։

«ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ ՓՄՁ մրցունակության ծրագիրը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ՓՄՁ-ների համար տրամադրում է առաջադեմ տեխնոլոգիաներում եւ գործընթացներում կապիտալ ներդրումների խթանիչ միջոցներ: Բացի այդ, ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրում ՓՄՁ-ներին՝ բարելավելու նրանց մրցունակությունը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները