ԵՄ-ն և ԱՄԿ-ն համագործակցում են Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները գլոբալ արժեքի շղթաներին կապակցելու հարցում

Հայաստան Ադրբեջան Վրաստան Մոլդովա Ուկրաինա
ԵՄ-ն և ԱՄԿ-ն համագործակցում են Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները գլոբալ արժեքի շղթաներին կապակցելու հարցում

«Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի նպատակն է բարելավել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Արևելյան գործընկերության վեց երկրներում:

Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին) գլոբալ արժեքների շղթաների մեջ ինտեգրելուն ուղղված նախաձեռնողական ծրագիր է գործարկվել Եվրոպական միության և Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) կողմից:

«Արևելյան գործընկերություն՝ առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն»-ը եռամյա ծրագիր է, որը նշանավորում է նոր համագործակցություն ԵՄ-ի, ԱՄԿ-ի և Արևելյան գործընկերության վեց երկրների միջև:

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ վեցամսյա սկզբնական փուլով, որի ընթացքում համապատասխանեցվելու են տնտեսական պայմանների զարգացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներն ու մոտեցումները ԱլԳ բոլոր երկրներում:
Վերջին տասնամյակներին ԱլԳ երկրները զգալի առաջընթաց են ունեցել իրենց տնտեսություններն արդիականացնելու և համաշխարհային շուկային ինտեգրվելու ուղղությամբ: Սակայն երկրների առաջ դեռ ծառացած է իրենց տնտեսական բարեփոխումներն առաջ տանելու մարտահրավերը՝ գործարար միջավայրը փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) և ներդրողների համար բարելավելու իմաստով: Նրանց նաև անհրաժեշտ է օգտվել ԵՄ-ի հետ առևտուր անելու դեռևս չօգտագործված հնարավորություններից:

ՓՄՁ-ները մեծամասամբ համարվում են ԱլԳ երկրներում տնտեսական վերափոխման համար առանցքային դեր խաղացողներ՝ կազմելով տարածաշրջանի ձեռնարկությունների 83%-ից 99%-ը: Այնուամենայնիվ, ՓՄՁ-ների արտադրանքի արտահանումը կազմում է արտադրող ընկերությունների ընդհանուր եկամուտների ընդամենը 8%-ը: Հետևաբար, ՓՄՁ-ների մրցունակության բարելավումը և միջազգայնացումը գերակայություններ են ԱլԳ բոլոր երկրների համար:

«Առևտրի համար պատրաստ» ծրագիրն աջակցում է վեց գործընկեր երկրների կառավարությունների քաղաքականությանը և ռազմավարություններին՝ ուղղված ՓՄՁ-ների զարգացմանը, արժեքի ավելացմանը տեղական մակարդակում, ինչպես նաև արտահանման և շուկայի դիվերսիֆիկացմանը, ի միջի այլոց, ԵՄ-ի հետ ավելի սերտ առևտրային կապերի միջոցով: Ծրագիրը ՓՄՁ-ներին կօգնի ստեղծել ավելացված արժեքով ապրանքներ՝ միջազգային և ԵՄ շուկայի պահանջներին համապատասխան, և հնարավորություն ունենալ մուտք գործելու համաշխարհային շուկաներ ու արժեքի շղթաներ: Ծրագիրը նաև կամրապնդի տեղական գործարարության աջակցման կազմակերպությունների՝ ՓՄՁ-ներին առևտրային և գործարար գործունեություն իրականացնելու հարցերում աջակցելու կարողությունները:

ԱՄԿ-ի Երկրների գրասենյակի տնօրեն Աշիշ Շահն ասել է. «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև ավելի լայն տնտեսական ինտեգրումը էական դեր ունի տարածաշրջանային տնտեսական զարգացումն առաջ մղելու գործում, և ԱՄԿ-ն հպարտ է այդ ջանքերում իր ներդրումն ունենալու համար: «Առևտրի համար պատրաստ» ծրագրի միջոցով մենք կնպաստենք EU4Business-ի նախաձեռնության խթանմանը և, ամենից առաջ, կապահովենք, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ները ստանան ավելի մրցունակ ապրանքներ արտադրելու հնարավորություն, ինչը նրանց թույլ կտա կապեր հաստատել Եվրամիության գնորդների հետ»:

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) «Արևելյան հարևանության» տնօրեն Լորենս Մերեդիթն ասել է. «ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել է՛լ ավելի աջակցելու ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև իրականացվող առևտրին՝ որպես գերակա առաջնահերթության: Ներկայումս տարածաշրջանի շատ ՓՄՁ-ներ դեռևս մնում են ցածր հավելյալ արժեք ունեցող հատվածներում, մինչդեռ Գործընկեր երկրներն առնչվում են իրենց տնտեսական անցման գործընթացն առաջ մղելու մարտահրավերին՝ ներդրումների և գործարարության համար գրավիչ միջավայր ստեղծելու նպատակով, ինչպես նաև՝ բարելավելու ձեռնարկությունների կարողությունները ԵՄ-ի հետ առևտուր վարելու այնպիսի հնարավորություններից օգտվելու համար, ինչպիսիք են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիների համաձայնագրերը: Այս համատեքստում ավելի շատ ջանքեր են հարկավոր, որպեսզի հնարավոր լինի ՓՄՁ-ներին օգնել ավելի շատ ինտեգրվել տարածաշրջանային և միջազգային արժեքային շղթաների մեջ՝ ԵՄ ստանդարտներին և պահանջներին համապատասխանությունը դարձնելով իրենց ապրանքները և ծառայությունները բարելավելու և բազմազանեցնելու հնարավորություն: Ուստի ես ողջունում եմ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի մեկնարկը, որը, որպես ԵՄ-ի EU4Business նախաձեռնություն, կարևոր դեր է խաղալու մեր հանձնառությունները մինչև 2020 թվականը կատարելու հարցում:

ԱՄԿ-ի մասին

ԱՄԿ-ն Առևտրի համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության համատեղ գործակալություն է: ԱՄԿ-ն աջակցում է զարգացող և անցումային տնտեսությունների փոքր և միջին ձեռնարկություններին՝ ավելի մրցունակ դառնալ համաշխարհային շուկաներում և այդպիսով նպաստել կայուն տնտեսական զարգացմանը «Աջակցություն առևտրին» օրակարգի և Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման համաշխարհային նպատակներ» նախաձեռնության շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.intracen.org. Հետևեք ԱՄԿ-ի նորություններին Twitter-ում՝ @ITCnews

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
reject_all
accept_all