ԵՄ-ն ազդարարել է Հայաստանի համար 270 միլիոն եվրո բյուջեով «Դիմակայունություն եւ աճ» նոր ծրագրի մասին

Հայաստան
ԵՄ-ն ազդարարել է Հայաստանի համար 270 միլիոն եվրո բյուջեով «Դիմակայունություն եւ աճ» նոր ծրագրի մասին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ապրիլի 5-ին ազդարարել է Հայաստանի համար «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի մասին՝ որպես ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի հիմք։

Հայտարարությունն արվել է Բրյուսելում ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի եռակողմ հանդիպումից հետո։

«Մենք կատարում ենք նախորդ տարվա հոկտեմբերին տված խոստումը. խոստում՝ ուս ուսի կանգնած լինելու Հայաստանի հետ եւ, միեւնույն ժամանակ, սահմանելու մեր գործընկերության ապագայի տեսլականը»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ֆոն դեր Լեյենը։

Այս գործընկերությանն աջակցելու համար ԵՄ-ն ներկայացնում է Հայաստանի 2024-2027թթ. «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո բյուջեով, որից 200 միլիոն եվրո՝ որպես դրամաշնորհային օժանդակություն, իսկ 70 միլիոն եվրոն՝ որպես դրամաշնորհային ֆինանսավորում՝ միակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտներում ներդրումները խթանելու համար:

«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն եւ կայուն ցնցումների հանդեպ։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսին, ձեր տաղանդներին, հատկապես ձեր փոքր եւ միջին ձեռնարկություններին, որպեսզի կարողանանք օգնել նրանց զարգանալ, նորարարություններ կատարել եւ մուտք գործել նոր շուկաներ: Եվ մենք ներդրումներ կանենք հիմնական ենթակառուցվածքային նախագծերում»,- ասել է ֆոն դեր Լեյենը:

Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Սեւ ծովի էլեկտրահաղորդման մալուխին, որը «կարող է մաքուր, վերականգնվող էներգիա բերել Եվրոպա»: Զուգահեռաբար, ԵՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել Հայաստանի վերականգնվող էներգիայի արտադրության եւ Վրաստանի հետ ավելի լավ փոխկապակցման ուղղությամբ:

Եվրոպական հանձնաժողովը նաեւ կներկայացնի նոր միջոցառումներ ավիացիոն եւ միջուկային անվտանգության, ինչպես նաեւ առեւտրի դիվերսիֆիկացման համար:

Աջակցության նոր փաթեթը հիմնված է Հայաստանի համար Եվրոպական միության Տնտեսական եւ ներդրումային ծրագրի վրա, որը, ֆոն դեր Լեյենի խոսքով, արդեն իսկ մոբիլիզացրել է ավելի քան կես միլիարդ եվրոյի ներդրումներ:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաեւ ողջունել է այն միջոցները, որոնք Հայաստանը ձեռնարկել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցելու, «մասնավորապես, որպեսզի մահաբեր սարքավորումներն ու տեխնոլոգիաները չհայտնվեն ռուս զինվորականների ձեռքում»։ Նրա խոսքով, սա ցույց է տալիս, որ Եվրոպական միության եւ Հայաստանի արժեքներն ու շահերը գնալով ավելի են համընկնում։

Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է անել ավելին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը՝ ի հավելումն անցյալ տարվա սեպտեմբերից հատկացված ավելի քան 30 միլիոն եվրոյի:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները