Այսօր հրապարակված զեկույցը նշանավորում է 2019թ․-ին փոքր և միջին ձեռնարկությունների կողմից 1.3 միլիարդ եվրո լրացուցիչ եկամուտ ստանալու փաստը՝ Եվրոպական միության «EU4Business» («ԵՄ-ն՝ բիզնեսի համար») նախաձեռնության աջակցությամբ: Մոտ 80,000 ՓՄՁ-ներ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում աջակցություն են ստացել և ստեղծել ավելի քան 117000 նոր աշխատատեղ։
Բրյուսել, 25 փետրվարի, 2021թ․ - Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Արևելյան գործընկերության վեց երկրների ՓՄՁ-ներին ուղղված ԵՄ աջակցությունը ներկայացնող «EU4Business» («ԵՄ-ն՝ բիզնեսի համար») նախաձեռնության տարեկան զեկույցը։ 2020թ․-ի տարեկան զեկույցը մանրամասն տեղեկություններ է հաղորդում ԵՄ աջակցության մասին՝ ծրագրի բոլոր երեք գերակա ուղղություններով. ֆինանսավորման հասանելիություն, բիզնեսի զարգացման ծառայություններ և բիզնեսի համար նպաստավոր միջավայր։ 2019թ․ ԵՄ-ը հատկացրել է 187.7 միլիոն եվրո՝ աջակցելու մոտ 80,000 ՓՄՁ-ների, որոնցից մեկ երրորդը կանանց ձեռնարկություններ են։ Այս աջակցության շնորհիվ ստեղծվել է ավելի քան 117,000 նոր աշխատատեղ և ստացվել 1.3 միլիարդ եվրո լրացուցիչ եկամուտ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ-ի աջակցությունից օգտվող ՓՄՁ-ների կողմից։
««ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով Արևելյան գործընկերության երկրների ՓՄՁ-ներին մեր աջակցությունը կայուն աճել է տարիներ շարունակ։ Այն բացառիկ արդյունքներ է գրանցում՝ օգուտ բերելով գործարար կանանց և տղամարդկանց, ինչպես նաև նրանց մոտ աշխատողներին։ ՓՄՁ-ները տարածաշրջանի տնտեսության ողնաշարն են. դրանց դիմակայությանն աջակցությունը կապահովի COVID-19 համավարակից հետո մեր գործողությունների արդյունավետությունը՝ նպաստելով սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և հաստատությունների ձևավորման բաժնի ղեկավար Լորենս Մերեդիթը։
Ֆինանսավորման հասանելիություն
Մոտ 5,700 ՓՄՁ ֆինանսական աջակցություն է ստացել ազգային գործընկեր ֆինանսական հաստատությունների (ԳՖՀ) միջոցով՝ ընդհանուր մոտ 504 միլիոն եվրո: Մեկ վարկի միջին չափը մոտավորապես 88,600 եվրո էր։ EU4Business կայքը մանրամասն տեղեկություններ է հաղորդում ֆինանսավորման հասանելիության կոնկրետ արդյունքների մասին և ներկայացնում մարդկային պատմություններ վարկերից կամ դրամաշնորհներից օգտված ձեռներեցների մասին, օրինակ, մոլդովացի մեղվաբույծների խմբի կողմից արտադրության արդիականացման կամ մեկ տարուց պակաս ժամանակահատվածում զրոյից չրի արտադրության բիզնես սկսած ադրբեջանական ընտանիքի պատմությունները։
Բիզնեսի զարգացման ծառայություններ
2019թ․-ին մոտ 86 միլիոն եվրո էր հատկացվել՝ օգնելու զարգացնել ԱլԳ երկրների ՓՄՁ-ների մասնագիտական հմտությունները․ սա մասհանված ընդհանուր գումարի 46%-ն է։ Մոտավորապես 72,000 ՓՄՁ աջակցություն են ստացել բիզնեսի զարգացման ծառայություններից, դասընթացներ են կազմակերպվել գործարարության աջակցության 796 կազմակերպությունների համար։ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի աջակցությունը տարածվում է բազմապիսի ոլորտների վրա՝ հապալաս աճեցնող ուկրաինական կոոպերատիվին ցուցաբերված աջակցությունից մինչև մանկական հագուստի բելառուսական ապրանքանիշի հաճախորդների թվի կրկնապատկում։
Բիզնեսի համար նպաստավոր միջավայր
Ի լրումն, ԵՄ-ն տրամադրել է մոտ 34 միլիոն եվրո՝ բարելավելու գործարար միջավայրը։ Այս աջակցության շնորհիվ, 456 պետական հաստատություններ, այդ թվում՝ քաղաքականության մշակմամբ ու կարգավորումներով զբաղվող կառույցներ և իրավապահ մարմիններ կարողացել են հզորացնել կարողությունները, բարեփոխվել է ավելի քան 700 օրենք, կանոնակարգ և ընթացակարգ։ Այս թվերի հետևում տպավորիչ պատմություններ են, օրինակ՝ ՓՄՁ-ների աճին աջակցող նորարարական բիզնես կենտրոնը Հայաստանում կամ վրացական ChatBot-ը, որ ապահովում է բիզնեսի տեղեկացվածությունը համավարակի ընթացքում։
«2020թ․ զեկույցը ներառում է գործիքների ու երկրների միջև տվյալների հավաքման և համակողմանի համեմատության նոր ցուցիչներ և ուղղություններ»,- բացատրում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» թիմի ղեկավար Մարկ Հելլյերը։ «Այն լիովին արտացոլում է Արևելյան գործընկերության երկրներին ուղղվող ԵՄ աջակցության արդյունքները, իսկ տվյալները խմբավորում է ոչ թե ըստ ծրագրի, այլ ըստ աջակցության տեսակի և ազդեցության։ Դա մեզ հնարավորություն է տալիս ընդգծել, համեմատել և վերլուծել յուրաքանչյուր երկրի արդյունքները և հասկանալ կապը իրականացված ծրագրերի ու ՓՄՁ-ների ֆինանսական կատարողականի միջև»։
COVID-19 համավարակի ողջ ընթացքում ԵՄ-ն շարունակել է աջակցել բիզնեսին Արևելյան գործընկերության երկրներում այնպիսի ծրագրերով, ինչպիսին է «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որի նպատակն է թիրախավորել բնակչության առավել ազդակիր խմբերին՝ փոքր տեղական կազմակերպություններին ենթադրամաշնորհների տրամադրման միջոցով։ Մեկնարկել է նաև աջակցության նոր՝ 120 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր, որի նպատակն է օգնել ՓՄՁ-ներին, այդ թվում՝ ինքնազբաղվածներին և այլոց, ավելի դյուրին հասանելիություն տրամադրելով վարկային միջոցներին և խթանելով նրանց բիզնեսների զարգացումը ճգնաժամից հետո։ Գոյություն ունեցող ավելի քան 200 միլիոն եվրոյի վարկային գծերն ու դրամաշնորհները հասանելի են ՓՄՁ-ներին տեղական արժույթով՝ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շնորհիվ։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագրի մասին
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագիրը Եվրոպական միության հովանավորության նախաձեռնություն է, որն աջակցում է փոքր և միջին բիզնեսին (ՓՄՁ) Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» ծրագիրն աջակցում է ՓՄՁ-ների աճին՝ բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը և բիզնեսի զարգացման ծառայությունները, ինչպես նաև նպաստելով գործարար ոլորտի ավելի լավ կարգավորումներին։
Ստորև կարող եք գտնել՝
- «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» 2020թ․ տարեկան զեկույցի փաստաաթերթիկը՝ առանցքային տվյալներով. https://eu4business.am/reports/factsheet-eu4business-eap-results-2020/
- «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» 2020թ․ տարեկան զեկույցի ամբողջական տեքստը՝ PDF տարբերակով. https://eu4business.eu/reports/eu4business-annual-report-2020/
- Տվյալների հավաքման մեթոդաբանական գրքույկը, https://eu4business.eu/useful-materials/data-collection-methdology/
Ավելին հասանելի են www.eu4business.eu կայքում։