Նոր տարին սկսվել է EU-SMEDA ծրագրի համար ԳՄԿ-ների (Գործարար մասնակցության կազմակերպություններ) կարողությունների հզորացմանն ուղղված գործունեությամբ: ԳՄԿ-ների խորհրդատու Քարեն Կոնոպկան հանդիպում ունեցավ մոտ տասնյակ ակտիվ ԳՄԿ-ների հետ՝ ուղղորդման և իր գործնական փորձի փոխանակման համար, որը նպատակաուղղված էր նրանց արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ ավելի անկախ և կայուն կազմակերպություններ դառնալուն:
Կոնոպկան կիսվել է իր տպավորություններով՝ նշելով, որ իր հանդիպած բոլոր ԳՄԿ-ները բավականին ակտիվ էին և ունեին հիանալի գաղափարներ, սակայն զարգացման տարբեր փուլերում էին: «Նրանք շատ հավատարիմ են իրենց նպատակներին և մտահոգված են այն ոլորտի զարգացման համար, որտեղ իրենք գործունեություն են ծավալում, սակայն նրանք պետք է սկսեն իրենց ծառայությունների համար վճարներ հավաքել, որպեսզի դառնան ավելի կայուն և ուժեղ, ինչը, իր հերթին, ավելի շատ հնարավորություններ կտա արդյունքների վրա նպատակաուղղված գործունեության համար», - եզրափակել է նա:
Ուշադրության կենտրոնում գտնվող ԳՄԿ-ներն էին՝ Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ), Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան (ՀՍՁԱ), Հայաստանի զբոսաշրջության ասոցիացիան, Հայաստանի ճարտարագիտական ասոցիացիան, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը, Հայաստանի տուրօպերատորների և տուրիստական գործակալությունների ասոցիացիան, Նորաձևության և դիզայնի պալատը (ՆԴՊ) և Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբը (ՀԱԿԱ):
ԳՄԿ-ների աջակցության ընդհանուր նախաձեռնությունը 2018 թ.-ի սկզբից իրականացվել է EU-SMEDA ծրագրի կողմից, այդ ընթացքում 13 հայկական ԳՄԿ-ների համար ձևավորվել է ԳՄԿ-ների ակադեմիան, որն իրենից ներկայացնում է ներուժի զարգացման չորս փուլից բաղկացած նախաձեռնություն և ներառում է վերապատրաստումներ, առցանց դասընթացներ, ուսումնական շրջագայություն դեպի Եվրոպական ԳՄԿ-ներ և գործարար միություն ու գործնական ուսուցում:
EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար: