EU4Business ծրագրի աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանի ստարտափ ակադեմիան»

Հայաստան
EU4Business ծրագրի աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանի ստարտափ ակադեմիան»

Այս ամիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հերոսների տանը (Hero House), պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի ստարտափ ակադեմիան (ՀՍԱ): Նախաձեռնությանն աջակցում է EU4Business-ի SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագիրը, իսկ իրականացնողը Catalyst հիմնադրամն է: Նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու ստարտափների էկոհամակարգը և հայաստանյան ստարտափներին ուղղորդելու դեպի զարգացման հաջորդ մակարդակը:

Ստարտափ ակադեմիան փորձառու մենթորների, խորհրդատուների, դասընթացավարների և ձեռնարկատիրության ոլորտի մասնագետների թիմի օգնությամբ առաջարկում է այնպիսի ծրագրեր, որոնք տեխնոլոգիական ընկերություններին և ստարտափների թիմերին ուղղորդում են հաճախորդների բազայի զարգացման գործընթացում:

«Հայաստանի ստարտափ ակադեմիան կարևոր ուղենիշ է ստարտափների էկոհամակարգի ձևավորման գործում և առաջընթաց քայլ է ստարտափների, տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատերերի և նորարարների համար, որոնք հավատում են բարձր տեխնոլոգիաների ապագային»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՍԱ-ի համահիմնադիր Աշոտ Արզումանյանը:

«Այս նախաձեռնությունը հնարավոր չէր լինի իրագործել առանց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Եվրոպական միության մեր նպատակամետ գործընկերների և մեր էկոհամակարգի գործնական մասնակցության ու խրախուսման, որի մաս են կազմում տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատերերը, կառավարությունը և մարդիկ, ովքեր հավատում են, որ Հայաստանի ապագան բարձր տեխնոլոգիաներն են»,- ավելացրեց նա:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը վերահաստատեց ԵՄ-ի պատրաստակամությունը՝ օժանդակելու նորարարությանն ու տնտեսական աճին իր ներդրումային հիմնադրամի, աքսելերացիոն, նախնական ֆինանսավորման և GIZ-ի ու այլ գործընկերների հետ իրականացվող աջակցության այլ ծրագրերի միջոցով:

SMEDA ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը նշեց. «Սա ապագա հերոսների տուն է, հրաշալի վայր երիտասարդ նորարարների ուսման ու հետագա զարգացման համար: SMEDA-ն պատիվ ունի աջակցելու այս նախաձեռնությանը»:

Հայաստանի ստարտափ ակադեմիան առաջարկում է բարձրորակ ծրագիր, որը ներառում է նորարարական գործիքներ, մեթոդներ և թեմաներ, ինչպես նաև տրամադրում է բարձր մասնագիտական հմտություններ ունեցող խորհրդատուների խումբ՝ ծրագրին մասնակցող ստարտափների ձեռնարկատիրական հաջողությանը նպաստելու համար: Բացի դասախոսություններից և քննարկումներից, ստարտափներին տրամադրվում է նաև գործարար ուղղորդում՝ առավելագույն ուշադրություն դարձնելով բիզնեսի զարգացման վրա: Ավելին՝ ծրագիրը ներառում է շաբաթը մեկ անցկացվող վերանայման հանդիպումներ, գնահատումներ և նորարարությունների ներկայացման պարբերական ցուցադրական դասընթացներ՝ առաջընթացն ու առաջիկա ծրագրերը վերլուծելու նպատակով:

EU4Business-ի SMEDA ծրագիրն աջակցում է գործարարության և ներդրումային միջավայրի բարելավմանը Հայաստանի ՓՄՁ-ների համար: Այն նպատակ ունի ամրապնդելու մասնավոր հատվածը, աջակցելու ՓՄՁ-ի համակարգման մեխանիզմներին և խթանելու հետազոտական հաստատությունների ու մասնավոր հատվածի միջև կապերը, ինչպես նաև ապահովելու ֆինանսական միջոցների հասանելիություն ՓՄՁ-ների համար:

 

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները