Lead: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում 15 հայաստանյան ընկերություններ բազմիցս մասնակցել են սննդամթերքի վերամշակման առաջատար SIAL ցուցահանդեսին Փարիզում, ԲԻՈՖԱԽ օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին Նյուրնբերգում և սննդի և խմիչքների մասնագիտացված ANUGA ցուցահանդեսին Քյոլնում։
2020թ․-ի մարտահրավերները՝ տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի բռնկումը, ապա վերջին հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, էլ ավելի ընդգծեցին տեղական արտադրության զարգացման, առաջխաղացման և վաճառքի խթանման անհրաժեշտությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Առևտրի իրականացման ու նոր շուկաների բացահայտման համար, թերևս, մինչ օրս ամենաարդյունավետ հարթակներից են միջազգային ցուցահանդեսները։ Վերջիններս հնարավորություն են տալիս ընկերություններին հասկանալ սեփական դիրքը միջազգային շուկայում, ծանոթանալ նորարարական միտումներին, և, ի վերջո, համագործակցության եզրեր հաստատել նոր գնորդների հետ և ավելացնել վաճառքը։
2018թ․-ից ի վեր «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում բազմաթիվ հայաստանյան ձեռնարկություններ մասնակցել են մի շարք առաջատար միջազգային ցուցահանդեսների եվրոպական երկրներում՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձն անմիջապես տեղում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում։
Կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված՝ 2020թ․-ին մի շարք խոշորագույն ցուցահանդեսներ չեղարկվեցին, իսկ որոշները՝ տեղափոխվեցին առցանց հարթակներ։ United Fresh սննդամթերքի միջազգային ցուցահանդեսը ևս տեղի ունեցավ առցանց, որին ծրագրի շրջանակում տասնյակ ընկերություններ մասնակցեցին Հայաստանից։
Ցուցահանդեսներին հաջողելու համար ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն ծավալով, ունենան մրցունակ բրենդինգ, փաթեթավորում և գովազդային նյութեր։ Ուսումնասիրությունը ևս առաջնային է հասկանալու համար՝ արդյոք տվյալ շուկան բավարարում է ընկերության կարիքներն ու պահանջները և ինչ առանձնահատկություններ ունի։ Առանցքային է նաև հասկանալ սպառողի հոգեբանությունն ու նախասիրությունները։
«Միջազգային ցուցահանդեսներին նոր գնորդներ ու գործընկերներ ձեռք բերելու համար կարևոր է ճիշտ գնային քաղաքականություն վարել, ինչի համար նախ և առաջ պետք է հասկանալ ապրանքի ինքնարժեքը»,- նշում է միջոցառումների և արտահանման գծով փորձագետ, խորհրդատու Մարկուս Ազադյանը, ով օգնել է կազմակերպել հայաստանյան ձեռնարկությունների մասնակցությունը տարբեր միջազգային ցուցահանդեսներին։
«Հայաստանյան ձեռնարկությունների հիմնական խնդիրներից են նաև պահանջվող ծավալի ու ստանդարտի ապահովումը, լեզվի իմացությունը, հաղորդակցության ու վաճառքի հմտությունները», - ավելացնում է փորձագետը։
«Ցուցահանդեսներին այցեքարտերը հաճախ կորցնում են կամ դեն նետում։ Այդ իսկ պատճառով այցեքարտի փոխարեն որոշեցինք այցելուներին տրամադրել մեր արտադրանքի նմուշներից։ Արձագանքը դրական էր, և արդյունքում կարողացանք կապեր հաստատել նոր գնորդների հետ», - նշում է ծրագրի շահառու, Լուկաշին գյուղատնտեսական ասոցիացիայի տնօրեն Վարդգես Դավթյանը։ Ծրագրի շրջանակում մասնակցած միջազգային ցուցահանդեսների արդյունքում ասոցիացիան նոր գործընկերներ է ձեռբ բերել և Ֆրանսիա արտահանել օրգանական և ավանդական մեթոդներով չորացված միրգ և բանջարեղեն։
Ծրագրի մեկ այլ շահառուի՝ մրգային թեյերի և յուղերի արտադրութամբ զբաղվող Բիզոն ընկերությանը, ևս հաջողվել է նոր գործընկերներ ձեռք բերել միջազգային շուկայից՝ մասնավորապես Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Թայվանից։
Մարկուսը նշում է, որ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ամենակարևորը ձեռք բերված գործընկերային կապերը պահպանելն է, ժամանակն օգտագործել նորարարական արտադրանք ստեղծելու և այն մրցունակ փաթեթավորմամբ ներկայացնելու համար։ Փորձագետը վստահեցնում է նաև, որ արդյունավետ համագործակցությունը կառավարության, զարգացման ծրագրերի ու ձեռնարկությունների միջև, ինչպես նաև գրագետ ռազմավարության մշակումն ու իրականացումը կնպաստեն, որ ռեսուրսներն ավելի արդյունավետ կերպով օգտագործվեն։ Սա իր հերթին կնպաստի, որ հայկական արտադրանքն ավելի ճանաչելի դառնա, իսկ արտահանման ծավալներն աճեն։