EU4Business. քաղաքականությունից դեպի գործողություն Հայաստանյան ՓՄՁ-ների զարգացման ռազմավարության աջակցում

Հայաստան
EU4Business. քաղաքականությունից դեպի գործողություն Հայաստանյան ՓՄՁ-ների զարգացման ռազմավարության աջակցում
2019 թ․-ի մարտի 27-ին ՏՀԶԿ-ը կազմակերպեց հայաստանյան ՓՄՁ-ների զարգացման ռազմավարության աջակցման երկրորդ սեմինարը:

Սեմինարը կենտրոնացած էր վերահսկման համակարգի վրա՝ որպես ՓՄՁ ռազմավարության արդյունավետ իրականացման առանցքային ուղղություն: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին առաջավոր փորձի գործիքներ՝ ՓՄՁ ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման մշտադիտարկման և առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համար, ներառյալ արդյունավետության հիմնական ցուցանիշները՝ իրականացվող քաղաքականության ազդեցությունն ավելի լավ գնահատելու համար: Սեմինարի հանրային-մասնավոր շրջանակը հնարավորություն տվեց քննարկելու ՓՄՁ ռազմավարության նախագիծը, նրա հիմնական քաղաքականության գերակայություններն ու գործողությունները, ինչպես նաև ստանալու մասնավոր հատվածի ներկայացուցիչների և ՏՀԶԿ-ի կարծիքներն ու առաջարկությունները:

Սեմինարը բաժանված էր հետևյալ կառուցվածքային մասերի.

Նիստ 1. Կարծիք Հայաստանի ՓՄՁ զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց 2019-2021 թթ. ՓՄՁ ռազմավարության ռազմավարական ուղղությունները և հիմնական առաջնահերթ գործողությունները: ՏՀԶԿ-ը մեկնաբանեց փաստաթղթի նախագիծը, իսկ միջազգային փորձագետ Յանեց Շուշտերշիչը արտահայտեց իր կարծիքը: Նիստին հաջորդեցին քննարկումները պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

Նիստ 2. Հայաստանի մոնիտորինգային համակարգի բարելավումը ՓՄՁ ռազմավարության ավելի արդյունավետ իրագործման համար՝ կենտրոնանալով արդյունավետության հիմնական ցուցանիշների վրա: Միջազգային փորձագետ Յանեց Շուշտերշիչը ներկայացրեց ռազմավարության իրականացման մշտադիտարկման և հաշվետվությունների վերաբերյալ առաջավոր փորձի գործիքները և միջազգային ու հայաստանյան օրինակների հիման վրա ներկայացրեց արդյունքների վրա հիմնված արդյունավետության հիմնական ցուցանիշները՝ մեթոդական ցուցումներ տալով դրանց մշակման ու չափման, ինչպես նաև տվյալների հավաքագրման ու վերլուծության վերաբերյալ: Փորձագիտական ներկայացմանը հաջորդեց հայաստանյան ռազմավարության համար նախատեսված արդյունավետության հիմնական ցուցանիշների վերաբերյալ քննարկում։

Սեմինարին մասնակցում էին համապատասխան նախարարությունների և պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և գիտության ոլորտի, ինչպես նաև միջազգային գործընկերների (GIZ, ԵՄ պատվիրակություն) ավելի քան 25 ներկայացուցիչներ:

Ծրագրի համատեքստը.

Հայաստանի կառավարությունը ՓՄՁ քաղաքականության 2016 թ. համաթվի արդյունքների և առաջարկությունների հիման վրա պատրաստակամություն հայտնեց ու քայլեր ձեռնարկեց փոքր և միջին ձեռնարկությունների վերաբերյալ կանոնների բարելավման ուղղությամբ: Այս ուղղությամբ նախնական ջանքերը հանգեցրել են ՓՄՁ ռազմավարության ընդունմանը, որն ընդգրկում է 2016-2018 թթ., իսկ Հայաստանի կառավարությունը ներկայումս մշակում է ՓՄՁ նոր միջնաժամկետ ռազմավարությունը առաջիկա տարիների համար: Այս համատեքստում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերել ՏՀԶԿ-ի աջակցությունը ստանալու համար՝ ՓՄՁ ռազմավարության մշակումը զարգացնելու և ավարտելու նպատակով, մասնավորապես՝ պետական-մասնավոր խորհրդատվությունների աջակցման և արդյունավետ վերահսկման համակարգի տարրերի ընդունման հարցում:

Ծրագրի նպատակները.

Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել ՓՄՁ-ների վերաբերյալ քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ դաշտը և նպաստել ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքում տեղի ունեցող պետական-մասնավոր երկխոսությանը: Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կենտրոնանալու է հետևյալ գործողությունների վրա՝

  • զարգացնել քաղաքականության մշակման գործընթացը՝ աջակցելով ՓՄՁ ռազմավարության վերաբերյալ տեղի ունեցող հանրային-մասնավոր խորհրդակցություններին (սեմինարներ).
  • վերանայել կառավարության կողմից մշակված ռազմավարական փաստաթղթերի (ռազմավարության և գործողությունների պլանների) նախագծերը՝ կարծիքներ ու դիտողություններ հայտնելով և խորհրդատվություն տրամադրելով ռազմավարական ուղղությունների և առաջնահերթ գործողությունների վերաբերյալ.
  • տրամադրել ուղեցույցներ ՓՄՁ ռազմավարության իրականացման մշտադիտարկման վերաբերյալ՝ արդյունքների վրա հիմնված արդյունավետության հիմնական ցուցանիշներով:

Ծրագրի հիմնական շահառուներն են՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), Հայաստանի ՓՄՁ ռազմավարության իրականացման և վերահսկման մեջ ներգրավված այլ շահագրգիռ ՓՄՁ-ներ, ինչպես նաև ՓՄՁ-ների ավելի լայն համայնքը:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները