Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում. շահագրգիռ կողմերը հանդիպում են ՏՀԶԿ-ի առաջին սեմինարի ընթացքում

Հայաստան
Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում. շահագրգիռ կողմերը հանդիպում են ՏՀԶԿ-ի առաջին սեմինարի ընթացքում

Հոկտեմբերի 4-ին Երևանում EU4Business ծրագրի շրջանակներում անցկացվեց ՏՀԶԿ-ի «Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում» առաջին սեմինարը: Միջոցառմանը ներկա էին գործարար վիճակագրության մշակմամբ և վերլուծությամբ զբաղվող տարբեր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Պետական վիճակագրական ծառայության, ՀՀ կենտրոնական բանկի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի:

Սեմինարը Հայաստանում կազմակերպվող երեք սեմինարներից առաջինն էր, որը ՏՀԶԿ-ն իրականացրեց EU4Business-ի «Հայաստանի գործարար վիճակագրության բարելավում» նոր ծրագրի շրջանակներում:

Սեմինարը բացեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով ՓՄՁ ոլորտի արդյունավետ քաղաքականության մշակման, իրականացման և վերահսկման համար անհրաժեշտ հետևողական գործարար վիճակագրության կարևորությունը: Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը շեշտեց, որ վիճակագրության բարելավումը և սահմանումների՝ ԵՄ-ի ստանդարտներին համապատասխանեցումը Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության հիմնասյուներից է:

ՏՀԶԿ-ի և Ավստրիայի փորձագետները գործարարության ժողովրդագրության վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ և միջազգային լավագույն փորձի օրինակներ տրամադրեցին: Քննարկման հիմնական թեման էր՝ ինչպես ստեղծել ազգային բիզնես ռեգիստր, որը կմիավորի վարչական և վիճակագրական տվյալները: Բարձրացված մյուս առանցքային հարցերը ներառում էին պետական հաստատությունների միջև տվյալների թափանցիկ փոխանակումը, տնտեսապես ակտիվ ընկերությունների բացահայտումը և ՓՄՁ-ների սահմանումը Եվրամիության սահմանման հիման վրա:

Ծրագիրն իրականացվում է «EU4Business. 2017-2020 թթ. մրցունակության և գործարար միջավայրի բարեփոխումների աջակցություն Արևելյան գործընկերության երկրներում» անվանումով նոր, ավելի լայն տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրամիությունը, և Արևելյան գործընկերության ողջ տարածքում իրականացնում է ՏՀԶԿ-ն: Հայաստանում ՓՄՁ-ների վիճակագրությանն աջակցելուն ուղղված մեկամյա ծրագիրը կիրականացվի ՏՀԶԿ-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանում ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի համապատասխան հաստատությունների՝ ՓՄՁ-ներին առնչվող պաշտոնական վիճակագրություն հավաքելու, համադրելու, վերլուծելու, հրապարակելու և տարածելու կարողությունները: Ծրագրի գործունեությունը ներառում է կարողությունների զարգացման երեք սեմինար, ինչպես նաև մեթոդաբանության մշակում՝ ՓՄՁ-ների վիճակագրական տվյալները համապատասխանության բերելու և ՓՄՁ վիճակագրական զեկույցի պատրաստման հարցում աջակցելու նպատակով:

Երկրորդ և երրորդ սեմինարները կկայանան 2018 թ. փետրվարին և մայիսին:

Քուքիներ
Այս կայքն օգտագործում է թխուկներ՝ ձեզ առաջարկելով կայքը թերթելու ավելի լավ հնարավորություններ: Կարդալ ավելին
Ես մերժում եմ թխուկները
Ես ընդունում եմ թխուկները